Անկախության օրը հող հանձնող «հայրենասերը» «Եռաբլուրում» չպետք է այցելի հող պահող հայրենասերներին. Աստղ Գալեյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից հիմնադրված «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու են «Եռաբլուրում»:
«Սիրելի հայրենակիցներ, մենք նորից Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու ենք «Եռաբլուրում» և ամսի 20-ին, ժամը 23։00-ից լինելու ենք զինվորական պանթեոնում։ Ցանկացողները կարող են այդ օրը միանալ մեզ՝ նահատակված հերոսների ծնողներիս»,- նշված է հ/կ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Որդեկորույս ծնողներն այսպիսով փորձում են թույլ չտալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն այդ օրն այցելի «Եռաբլուր»՝ հերոսացած տղաների շիրիմներին։
«Մեր նպատակն է, որպեսզի անկախության օրը հող հանձնող «հայրենասերը» չայցելի հող պահող հայրենասերներին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
Նա չբացառեց, որ ինչպես 2022 թվականին «Եռաբլուրում» կենտրոնացված ոստիկանական ուժերը և կարմիր բերետավորները գետնին գցելով բերման էին ենթարկում որդեկորույս ծնողներին, նույն կերպ վարվեն նաև վաղը, եթե ծնողները փորձեն թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մտնել «Եռաբլուր»։
«Սրանց մոտ բոլոր սրբությունները հավասարվել են զրոյի, այնպես որ, մենք չենք բացառում նման բիրտ սցենարներ, պատրաստ ենք ամեն ինչի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց՝ «Եռաբլուրում» կլինեն բոլոր պայքարող ծնողները, իսկ քաղաքացիներից ովքեր ցանկություն ունեն միանալու իրենց, կարող են այսօր երեկոյան ժամը 23։00-ից սկսած գնալ «Եռաբլուր»՝ լուսաբացը «Եռաբլուրում» դիմավորելու համար, որպեսզի դավաճան իշխանությունը չայցելի այնտեղ։
Հարցին՝ հնարավո՞ր է, Նիկոլ Փաշինյանն այս անգամ չայցելի «Եռաբլուր»՝ միջադեպերից խուսափելու համար, Աստղ Գալեյանը պատասխանեց, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը չէր այցելել «Եռաբլուր», սակայն նրա գլխավորած քաղաքական ուժի երկու պատգամավորներ գնացել էին ու միջադեպ էին հրահրել այնտեղ։
«Կարծում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանն էլ չգա, միևնույն է՝ մի բան կհրահրի, եթե խելացի լինի, չի գա «Եռաբլուր», քանի որ Արցախը, երկրի մի մասը հանձնած ղեկավարն իրավունք չունի այցելելու «Եռաբլուր»՝ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկի, Մոնթեի և ոչ էլ մեր մյուս հերոսների շիրիմներին»,- եզրափակեց Աստղ Գալեյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին որդեկորույս ծնողները ողջ գիշերն անցկացրել էին «Եռաբլուրում», որպեսզի առավոտյան արգելեն Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։ Սակայն Նիկոլ Փաշինյանն անվտանգության տասնյակ աշխատակիցներով շրջապատված գնացել էր «Եռաբլուր», բողոքող ծնողներին կարմիր բերետավորները գցել էին գետնին, քարշ տալով բերման ենթարկել և ապահովել Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։
Մինչև այժմ այս արարքի համար որևէ ոստիկան պատասխանատվություն չի կրել։