Արցախի իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը. Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարություն է տարածել Արցախի օկուպացիայի, էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ․
«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, սկսվեց Արցախյան Ցեղասպանությունը, երբ Ադրբեջանը 10-ամսյա դաժան պաշարումից հետո ներխուժեց 3000-ամյա հայկական տարածք և փաստացի Արցախ պետություն (Լեռնային Ղարաբաղ):
Ադրբեջանը սպանեց հարյուրավոր հայերի և մյուսներին ստիպեց լքել իրենց տները։ Պաշարումն ու ներխուժումն ուղեկցվում էին համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների սարսափելի լռությամբ, ինչպես նաև տարբեր քաղաքական առաջնորդների և միջազգային ինստիտուտների ապշեցուցիչ անգործությամբ, ինչը նշանավորեց «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը:
Լեմկինի ինստիտուտը հանդես է գալիս ցեղասպանության հետևանքով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության օգտին: Նման իրավունքներից մեկը հայրենիք վերադարձի իրավունքն է։ Նաև ինքնորոշումը՝ իրենց հողերում։ Մենք մերժում ենք խոշոր տերությունների միջև ձևավորվող կոնսենսուսն այն մասին, որ մենք պետք է ապրենք մի աշխարհում, որտեղ ցեղասպանություն իրականացնող պետություններն ու կազմակերպությունները գործում են լիակատար անպատժելիության պայմաններում։
Ուստի, այս մռայլ տարելիցին մենք կրկին կոչ ենք անում միջազգային պատասխանատվության ենթարկել ոճրագործությունների համար, անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայերին և պաշտպանել հայ ժողովրդի քաղաքական, մշակութային և մարդու իրավունքները՝ Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում:
Չափազանց կարևոր է, որ միջազգային սուբյեկտներն իրենց մեջ քաջություն գտնեն՝ կոչ անելու վերջ տալ անպատժելիությանը, որից օգտվում է Ադրբեջանի Հանրապետությունը»։