«Ադրբեջանում մի քանի հարյուր-հազարանոց ցուցակներ են կազմում. դա մեր ինքնիշխանության տակ դրվող ռումբ է». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան այն կարծիքին է, որ ՀՀ իշխանությունների կողմից ակնհայտորեն արցախատյացության քարոզ է գնում՝ արցախահայերի հանդեպ նացիստական բառամթերքով:
«Այդ երևույթներին մենք գնահատական տալիս ենք, բայց գրեթե չեն անդրադառնում իրավապաշտպաններ, մարդու իրավունքներով զբաղվող տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնց պարտավորությունն է դրանով զբաղվել: Իրենք չնկատելու են տալիս այդ խնդիրը, որ Հայաստանում այսօր սարսափելի անառողջ ատելության մթնոլորտ է էթնիկ հայերի հանդեպ՝ զուտ ծննդյած վայրով պայմանավորված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ զուգահեռ՝ ուղղորդված հակաարցախյան աշխատանք են տանում:
«Դա ոչ այնքան Ադրբեջանի պահանջն է, որքան ՀՀ իշխանությունների կողմից հաճոյանալու փորձ, որովհետև մենք հաճախ ենք տեսնում, որ Ադրբեջանի իշխանությունների ցանկացած հակահայկական քարոզչական թեզ կարճ ժամանակ անց հայտնվում է ՀՀ իշխանավորների բառամթերքում»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած բանակցային գործընթացին, նա ընդգծեց, որ Ադրբեջանը հստակ ներկայացրել է իր պահանջները, որոնք չեն հերքվում ՀՀ իշխանությունների կողմից, ինչն ըստ նրա՝ հիմք է տալիս մտածելու, որ այդ պահանջները դրված են բանակցային սեղանին.
«Ադրբեջանն իր պահանջները չի թաքցնում, բայց մեր հասարակությունից են դրանք թաքցնում: Ամենաշատը խոսվում է մեր նորմատիվ ակտերի, փաստաթղթերի և ավելի լայն իմաստով՝ Սահմանադրության փոփոխության մասին: Բոլորը ֆիքսվում են Սահմանադրության և Անկախության հռչակագրի վրա, բայց Ադրբեջանի պահանջն ավելի լայն է, ասում է՝ Հայաստանը պետք է վերանայի ամբողջ իր օրենսդրական և նորմատիվ ակտերի փաթեթը: Միայն Սահմանադրությունով չեն սահմանափակվում: ՀՀ իշխանություններն ասում են՝ այո, պետք է փոխենք Սահմանադրությունը, բայց դա Ադրբեջանի պահանջով չենք անում, դա մեր ներքին դիսկուրսի պահանջն է: Որտեղի՞ց է այդ դիսկուրսը: Մինչև Ալիևը չխոսեց այդ մասին, Հայաստանում որևէ մեկը հանրային դիսկուրսի մեջ չէր արծարծում: Որտեղի՞ց ՀՀ իշխանությունները հասկացան, որ Հայաստանի հասարակությունը հենց հիմա կտրականապես կարևորում է Սահմանադրության փոփոխության պահանջը: Պարզ է, որ դա Ադրբեջանի պահանջն է»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջների երկրորդ կոմպոնենտն է՝ չկապել խաղաղության պայմանագիրը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ. «Սա շատ կարևոր է, որովհետև ներսում հրամցնում են այն, որ սահմանազատումը, Տավուշի գյուղերի հանձնումը և բոլոր մեզ համար ոչ ձեռնտու պրոցեսները նրա համար են, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Դա բացարձակ սուտ է, որովհետև Ադրբեջանը պնդում է, որ սահմանազատումը կարող է տասնամյակներ տևել, այդքան իմաստ չունի սպասել: Այսինքն՝ այն, ինչ մեր իշխանությունները ներկայացնում են, որ պարտադիր շուտ պետք է Ադրբեջանի պահանջները բավարարել, հանձնել ՀՀ սուվերեն տարածքից ինչ կա-չկա, էնքան որ ունենանք խաղաղության պայմանագիր, դա սուտ է, որովհետև Ադրբեջանն ասում է՝ ոչ: Դրա հետ մեկտեղ՝ Ադրբեջանը պնդում է, որ դուրս չեն գալու ՀՀ-ից օկուպացրած տարածքներից: ՀՀ իշխանությունները խոսում են 200 քառակուսի կիլոմետրի մասին, որն այս պահին օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից: Դա ակնհայտ ծուղակ է, որի մեջ մեզ գցում է ադրբեջանական կողմը, և մեզ այստեղ դա ներկայացնում են՝ որպես մեծ հաղթանակ, որը բերելու է խաղաղության պայմանագրի: Դա բացարձակ այդպես չէ: Հայելային հետքաշմանն էլ են դեմ»:
Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանում արդեն մի քանի հարյուր-հազարանոց ցուցակներ են կազմում այն մարդկանց, որոնք, ըստ Ադրբեջանի՝ պոտենցիալ իրավունք ունեն գալ և բնակվել ՀՀ տարածքում. «Մարդիկ ասում են՝ մենք ուզում ենք վերադառնալ մեր նախկին բնակության վայրեր: Դա իր հետ բերում է ոչ միայն լարվածություն՝ պոտենցիալ կոնֆլիկտի նոր գոտու վերածելով ամբողջ ՀՀ տարածքը, դա տալիս է նաև Ադրբեջանին հնարավորություն՝ դա անընդհատ որպես մահակ օգտագործել: Սա էլ մի ռումբ է, որը դրվում է մեր պետականության և ինքնիշխանության տակ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում