Թուրքիան 8 ամսում ավելի քան 71.3 մլրդ դոլարի ապրանք է արտահանել ԵՄ երկրներ

Թուրքիայի առևտրի նախարարությունը վերլուծել է, թե 2024-ի 8 ամվա ընթացքում որքան արտահանում է իրականացվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ եվրոպական երկրներ իրականացված արտահանումների ծավալը, աճելով 2.5 տոկոսով, կազմել է 97.2 մլրդ դոլար:

Դեպի ասիական երկրներ արտահանումը հասել է 13.5 մլրդ դոլարի: Այս պարագայում աճը կազմել է 10.8 տոկոս:

Մերձավոր արևելքի երկրներ կատարված արտահանումը 991 մլն դոլար աճով կազմել է 13.5 մլրդ դոլար:

Դեպի Հյուսիսային Ամերիկայի երկրներ ևս արտահանումների ծավալն աճել է: Ընդհանուր առմամբ 8.3 տոկոսանոց աճով՝ կազմել է 11.7 մլրդ դոլար:

Արտահանումների ծավալում ավելի մեծ աճ է գրանցվել Հարավային Ամերիկայի երկրների դեպքում. 18.1 տոկոսով այն կազմել է 2 մլրդ դոլար:

Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ծովի երկրներ կատարված արտահանումները կազմել են 1.9, իսկ աֆրիկյան երկրներ՝ 13.8 մլրդ դոլար:

Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարված արտահանումները 2-րդն են եղել աճի ցուցանիշներում, սակայն ընդհանուր ծավալով ամենափոքրը. 26 տոկոսանոց աճի պարագայում այն կազմել է 800 մլն դոլար:

Դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանումները ծավալով ամենախոշորն են եղել՝ 71.3 մլրդ դոլար:

Հարևան երկրների պարագայում աճը կազմել է 2.1 մլրդ դոլար, ինչի արդյունքում էլ 8 ամսվա ընթացքում իրականացված արտահանումների ծավալը կազմել է 22 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ տոկոսային հարաբերությամբ ամենամեծ աճը գրանցվել է դեպի «Արաբական ծոցի երկրների համագործակցության խորհուրդ» (KİK) անդամ երկրներ իրականացված արտահանումները: Ընդհանուր 9.4 մլրդ դոլարի շրջանառության մեջ 8-ամսյա աճը կազմել է 29.2 տոկոս:

Հրապարակվել է նաև «Թյուրքական պետությունների համգործակցության» (TDT-ԹՊԿ) անդամ երկրներ իրականացված արտահանման ծավալը: Վերոհիշյալ ժամանակահատվածում այն կազմել է 7 մլրդ դոլար, որում աճը կազմել է 741 մլն դոլարը:

Տեսանյութեր

Լրահոս