Հերթով բոլորին քամում են

Կառավարությունն ամենուրեք հարկային բեռ է ավելացնում, այն էլ շատ կտրուկ՝ կրկնակի-եռակի։ Քանի որ բոլորին միանգամից հարկային մամլիչի տակ դնելը մեծ աղմուկ կարող է առաջացնել, որոշել են քայլ առ քայլ անել։ Բաժանել են խմբերի ու մաս-մաս բարձրացնում են հարկային բեռը։

Շրջանառության հարկի դաշտում գործողների հարկային բեռը բարեհաջող կրկնապատկեցին, միկրոձեռնարկատիրության ոլորտի գործունեության որոշ տեսակներ տեղափոխեցին հարկային ընդհանուր դաշտ, հիմա էլ անցել են մասնագիտական գործունեությանը։ Մասնագիտական գործունեության վրա են պատրաստվում հարկային բեռն ավելացնել։

Ֆինանսների նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է մասնագիտական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման կազմակերպումը հանել շրջանառության հարկի, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերից ու տեղափոխել հարկային ընդհանուր համակարգ, որտեղ հարկային բեռն անգամներով ավելի ծանր է։

Մասնագիտական գործունեության որոշ տեսակների հարկումն ընդհանուր հարկային համակարգ ավելի վաղ էին տեղափոխել։ Խոսքը փաստաբանական ծառայությունների նաև նոտարական գործունեության մասին է։

Կարդացեք նաև

Այն ժամանակ հնչեցին բազմաթիվ մտահոգություններ, հատկապես փաստաբանական հանրության կողմից, որ դա բերելու է այդ ծառայությունների գների կտրուկ բարձրացման, հասանելիության նվազման։ Շատերը կանգնելու են խնդիրների առաջ, ի վիճակի չեն լինելու օգտվել փաստաբանի ծառայություններից։ Եղան հայտարարություններ, հանդիպումներ, քննարկումներ, բայց ոչինչ չփոխվեց՝ կառավարությունը մնաց անդրդվելի։

Կտրուկ ավելացրին հարկային բեռն ու դրեցին բոլոր նրանց վրա, ովքեր օգտվելու են մասնագիտական գործունեության այդ տեսակներից։

Քանի որ օրենքը հաջորդ տարվա հունվարից է մտնում գործողության մեջ, այդ ժամանակ քաղաքացիները, նաև բոլոր մյուսները կզգան այս փոփոխության ազդեցությունն իրենց գրպանի վրա։ Ստիպված կլինեն անհամեմատ ավելի շատ վճարել, քան վճարել են մինչև հիմա։

Կվճարեն, որպեսզի վարչակարգը իրեն ավելի լավ զգա, կարողանա ավելի շատ ծախսել սեփական բարեկեցության համար։

Բայց դա միայն սկիզբն էր։ Դրանով պատրաստվում էին հիմքեր ստեղծել մասնագիտական գործունեության բազմաթիվ այլ տեսակներ ևս հարկային ընդհանուր համակարգ տեղափոխելու ու այդ ճանապարհով հարկային բեռը կտրուկ ավելացնելու համար։

Փաստաբաններից ու նոտարներից պրծան, անցան մյուսներին։ Այս անգամ շատ ավելի մեծ շրջանակի են պատրաստվում տեղափոխել հարկման անհամեմատ ծանր բեռի տակ՝ դրա համար ներկայացնելով զավեշտի հասնող պատճառաբանություններ. Ասում են՝ քանի որ փաստաբաններին ու նոտարներին արդեն տեղափոխել ենք, մասնագիտական տարբեր ծառայությունների հարկման անհավասար պայմաններ են ստեղծվել։ Դրա համար մյուսներին էլ պետք է տեղափոխենք, որպեսզի բոլորը գտնվեն նույն դաշտում։

«Խնդիրն այն է, որ առկա են մասնագիտական բնույթ ունեցող մի շարք այլ աշխա­տանք­ներ և ծառայություններ, որոնց հարկումը հարկման հատուկ համակարգերում դեռևս թույլա­տրված է: Այս առումով, հարկման հավասարության սկզբունքի ապահովումը ենթադրում է, որ մասնագիտական բնույթ ունեցող այդ աշխատանքների և ծառայությունների հարկումը նույն­պես պետք է տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ»,- սա ֆինանսների նախարարության ներկայացրած հիմնավորումից է։

Մի մասին տեղափոխելով՝ ստեղծել են անհավասար հարկման դաշտ ու հիմա մյուսներին էլ պիտի տեղափոխեն, որ դաշտը հավասարեցնեն։ Ահա այսպիսի ծիծաղելի պատճառաբանություններով՝ որոշել են մասնագիտական գործունեության բազմաթիվ ոլորտներում կտրուկ ավելացնել հարկային բեռը։

Մասնավորապես, առաջարկվում է շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության դաշտից հանել գործունեության հետևյալ տեսակների կազմակերպումը. «Շինարարություն» հատվածում ներառվող շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեությունը, «Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատվածում ներառվող՝ անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող՝ իրավաբանական և հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գիտական հետազոտություններ և մշակումներ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, անասնաբուժական գործունեություն, «Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում» հատվածում ներառվող՝ առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ և սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման գործունեությունը:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը։

Ակնհայտ է, որ գործ ունենք մասնագիտական գործունեության բավական մեծ շրջանակի հետ, որը դուրս է բերվում շրջանառության ու միկրոձեռնարկատիրության անհամեմատ մեղմ հարկային դաշտից ու տեղափոխում է շատ ավելի ծանր հարկային դաշտ։

Դա, անշուշտ, բերելու է այդ ծառայությունների նույնքան կտրուկ թանկացման։

Թե ո՞վ է դրանից տուժելու, դժվար չէ հասկանալ։ Բայց դա վաղուց արդեն այս իշխանություններին չի հուզում։

Բիզնեսի համար գործունեության նպաստավոր պայմաններ ստեղծելու փոխարեն՝ բոլոր ոլորտներում անխտիր հարկային բեռն են ծանրացնում, տույժերն ու տուգանքներն են ավելացնում, քամում են տնտեսությունն ու քաղաքացիներին, որպեսզի իրենց չզրկեն հաճույքներից։ Բյուջեն բերել-կանգնեցրել են խնդիրների առաջ, հարկերը չեն կարողանում հավաքել՝ տնտեսության ու քաղաքացիների վրա անընդհատ հարկային բեռն են ավելացնում, մեծացնում ֆինանսական ճնշումը։

Ու չնայած նրան, որ ֆինանսների նախարարության հերթական նախաձեռնությունը հանրային հարթակում բացարձակ դեմեր է հավաքել՝ 100 տոկոսով, վաղը իշխանական խմբակցությունը, առանց երևույթների ու հետևանքների մեջ խորանալու՝ միաձայն կքվեարկի ու կընդունի։

Այսօր գուցե շատերը չեն զգում այս քաղաքականության հետևանքները։ Բայց շուտով հաստատ զգալու են. իշխանությունները մտադիր են հարկային բեռի այս համատարած ծանրացումները հաջորդ տարվա սկզբից դնել գործողության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս