Ողբերգություն է. իշխանության աթոռին նստածը ստորագրում է փաստաթուղթ՝ չիմանալով՝ ինչի՞ տակ է ստորագրություն դնում. Աննա Գրիգորյան
Սյունիքի մարզով անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհը դարձել է՝ ինչպես աշխարհաքաղաքական կենտրոնների, այնպես էլ՝ տարածաշրջանային երկրների հետաքրքրությունների բախման վայր. այդ ճանապարհով են հետաքրքրված՝ ինչպես Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, այնպես էլ՝ Արևմուտքը՝ քննարկելով հարցը, թե ո՞ւմ վերահսկողությանը պետք է անցնի այդ ճանապարհը։
Ուշագրավն այն է, որ Հայաստանով անցնող ճանապարհի հարցը քննարկում են բոլորը, բայց առանց Հայաստանի, և Փաշինյանի կարծիքը որևէ մեկը չի հարցնում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ ընդգծելով՝ այս ամենին զուգընթաց՝ Հայաստանը ներկայացնողը զբաղված է հեծանվարշավով, և ընդամենը կուշտ փորով ապրելու հրամայականի քարոզով։
«Հիմա Փաշինյանը, օրինակ, մասնակցում է միայն նոյեմբերի 9-ի 9-րդ կետի քննարկմանը՝ այն դեպքում, երբ այդ փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի, գերիների, Լաչինի միջանցքի մասին էր։ Հիմա բոլոր հարցերի վրա խաչ է քաշել և ասում է՝ պատրաստ է Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհը տալ առանձնահատկություններով. ի՞նչ առանձնահատկություն»,- հարցնում է Գրիգորյանը:
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը գտնվում է շարունակական հանձնումների շրջափուլի մեջ, որովհետև Փաշինյանը հանձնում է՝ «եթե չհանձնեմ, պատերազմ կլինի» անիմաստ արդարացմամբ, և արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է, իսկ հայկական շահից բխող որևէ հարց չի կարգավորվում։
«Չի՛ կարգավորվելու նաև Փաշինյանի կողմից այդքան շատ թմբկահարվող Խաղաղության պայմանագրով,- ասաց նա՝ ընդգծելով,- Մեր մեծագույն ողբերգությունն այն է, որ իշխանության աթոռին նստած է մեկը, որը ստորագրում է փաստաթուղթ, բայց չգիտի՝ ինչի՞ տակ է ստորագրում։ Ասում է, թե իբր ինքնիշխան երկրի ղեկավար է, բայց այդ ո՞ր մի ինքնիշխան երկրի ղեկավարն է իր պետության տարածքը տալիս 3-րդ կողմի վերահսկողությանը»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ իրականում մենք գործ ունենք քաղաքական մի որոշման հետ, որը միտված է հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից ռուսական զորքը հեռացնելուն՝ պահնորդական կազմակերպությանը Սյունիք բերելու անվան տակ։
«Ոչ հեռու ապագայում քննարկման հարց է դառնալու հայ-իրանական սահմանից ռուսներին հեռացնելու հարցը. չի բացառվում, որ նաև հայ-թուրքական սահմանից ռուսական ռազմաբազան հեռացնելու հարցը դրվի»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ Փաշինյանն առաջիկա ընտրություններում ժողովրդին ոչ թե իրական խաղաղություն, այլ այդ մասին թղթի կտոր է վաճառելու, որը կլինի «ոչ մի բանի մասին թուղթ»։
«Մինչդեռ մենք առաջարկում ենք իրական խաղաղության հասնել, ոչ թե սողալով, մուրալով հասած խաղաղության մասին թղթի կտորի»,- խոսքը եզրափակեց Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։