Բանկային քարտեր. օգտագործման և անվտանգության կանոններ

Ժամանակակից աշխարհում կանխիկ փողը հետզհետե զիջում է իր դիրքը բանկային  քարտերին: Քարտերով ավելի հարմար է վճարել ցանկացած տիպի ծախսեր`  սուպերմարկետում գնված ապրանքի, թե ռեստորանում ճաշի դիմաց, ստանալ վարկային գիծ, եկամուտ դրական մնացորդի նկատմամբ կամ` գնումներ կատարելիս, օգտվել զեղչերից:  Իսկ, եթե անհրաժեշտ լինի կանխիկ գումար, ապա բավական է մոտենալ մոտակա բանկոմատին: Դրանց մեծ մասն աշխատում է շուրջօրյա:  Եվ, ի վերջո կորցնելով քարտը, չենք կորցնում գումարը, ինչը, ինչ խոսք, չես ասի դրամապանակը   կորցնելու դեպքում:

Բանկային քարտերի առավելություններից օգտվելու համար, անհրաժեշտ է հասկանալ դրանց աշխատանքի սկզբունքը և պահպանել անվտանգության պարզ կանոնները: Այդ կանոններով շարժվելով մենք կապահովենք քարտի վրա եղած դրամական միջոցների անվտանգությունը:

Քարտ ձևակերպելու համար հաճախորդը պետք է գա բանկ և լրացնի դիմումի պարզ ձևը: Բանկի սպասարկող աշխատակիցը  կկազմի համապատասխան պայմանագիր, որի ստորագրումից հետո, մի քանի օրվա ընթացքում հաճախորդը կստանա իր քարտը և փակ ծրարով PIN-կոդը:  Ցանկացած բանկային քարտ ունի չորս թվանշանից բաղկացած հատուկ գաղտնի կոդ` գաղտնաբառի տարատեսակ: Կանխիկ գումար ստանալու համար բանկոմատի հատուկ պատուհանում «հավաքեք PIN-կոդը» գրառումից հետո քարտապանը պետք է մուտքագրի այդ քառանիշ թիվը: Միայն այդ գործընթացից հետո  բանկոմատը կտրամադրի պահանջվող գումարը: Ուշադրություն` PIN-կոդը  պետք է իմանա միայն քարտապանը, չի կարելի այն ասել ոչ մեկին, անգամ բանկի աշխատակցին: Մի գրեք PIN-կոդը  քարտի վրա, հակառակ դեպքում,  եթե քարտը կորցնեք, ապա PIN-կոդը  կարող է հայտնի դառնալ այլ անձին: Հաճախորդից PIN-կոդի մուտքագրում կարող է պահանջվել նաև առևտրի և սպասարկման կետերում քարտով գնումներ կատարելիս: Քարտից օգտվելիս PIN – կոդը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ այլ անձանց այն տեսանելի չլինի: Վիրտուալ (ինտերնետային) առևտրի կետը չպետք է քարտապանից պահանջի PIN կոդ:

Եթե դուք մոռացել եք ձեր PIN-կոդը , ապա անհրաժեշտ է կապվել սպասարկող բանկի հետ` նոր կոդով նոր քարտ ստանալու համար: Եթե լրացել է քարտի ժամկետը, ապա քարտի վերաթողարկման ժամանակ  PIN-կոդը  մնում է անփոփոխ: Դուք կարող եք փոփոխել Ձեր PIN-կոդը, եթե սպասարկող բանկը տրամադրում է նման ծառայություն: Կարևոր է հիշել, որ PIN-կոդը երեք անգամ անընդմեջ սխալ հավաքելու դեպքում, քարտը ավտոմատ կերպով արգելափակվում է: Քարտը ետ ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկ: Պահանջեք քարտի սպասարկում միայն Ձեր ներկայությամբ: Խորհուրդ չի տրվում ռեստորաններում, սրճարաններում և ժամանցի այլ վայրերում քարտով գործարք կատարելիս, այն վստահել սպասարկող անձին, եթե վերջինիս կողմից քարտը սպասարկվում է ոչ հաճախորդի տեսադաշտում:

Կարդացեք նաև

Այլ անձանց պետք չէ հայտնել բանկային քարտի տվյալները: Դրանք են` քարտի դիմերեսին գրված համարը, քարտի գործողության ժամկետը, քարտի հետադարձ կողմում նշված եռանիշ թիվը: Այս տեղեկատվության միջոցով հնարավորություն կլինի Ձեր քարտի միջոցով կատարել, օրինակ, ինտերնետային վճարումներ: Ինտերնետային  գնումներ կատարելու դեպքում, խորհուրդ կտանք ձևակերպել ևս մեկ քարտ և դրա հաշվին փոխանցել այն գումարը, որը պատրաստվում եք ծախսել այդ պահին: Այդպիսով, լրացնելով Ձեր տվյալները, Դուք զերծ կպահեք հիմնական քարտը հնարավոր խարդախություններից: Ինտերնետային առևտրի ժամանակ օգտվեք միայն հուսալիություն ներշնչող կայքերից:

Սահմանեք օրաչափ: Սահմանելով կանխիկացման օրական ոչ մեծ սահմանաչափ, Դուք ապահովագրում եք Ձեր գումարը հնարավոր հափշտակումից: Նշված սահմանաչափից ավելի գումար բանկը թույլ չի տա կանխիկացնել բանկոմատով մեկ օրում:  Անպայման Ձեր բանկից պահանջեք, որպեսզի տրամադրեն SMS հաղորդագրությունների ծառայություն: Այս դեպքում, քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ` լինի դա կանխիկացում, թե վճարում, Դուք կստանաք SMS հաղորդագրություն և կվերահսկեք Ձեր միջոցները:

Ընտրեք բանկ, որն ունի քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Դա հնարավորություն կտա քարտի հետ խնդիր ունենալու դեպքում անհապաղ դիմել բանկ: Առավելություն է, երբ քարտային մասնագետը  շաբաթը 7 օր, օրական 24 ժամ պատրաստ է օգնելու բանկային քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում:

Այս պարզ կանոնների պահպանումը հնարավորություն կտա հարմարավետ և անվտանգ օգտվել բանկային քարտերից աշխարհի ցանկացած վայրում` Ձեզ համար հարմար պահին:

Պատրաստեց՝

ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս