Վարդան Աթայան. «Յունիբանկը» մեծ ուշադրություն է հատկացնում փոքր և միջին բիզնեսին
Հարցազրույց «Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանի հետ
– Վերջերս կայացավ «Յունիբանկի» բաժնետերերի տարեկան ժողովը, որում ամփոփվեցին 2013թ. արդյունքները: Ինչպե՞ս կգնահատեք անցած տարին:
– 2013 թվականը բավականին արդյունավետ էր «Յունիբանկի» համար՝ ինչպես գործունեության ընդլայնման և ցուցանիշների աճի ապահովման, այնպես էլ` նոր ինովացիոն նախագծերի իրականացման առումով: Տարվա արդյունքներով բանկի ակտիվները գերազանցեցին 153 մլրդ դրամը, պարտավորությունները` 133 մլրդ դրամը: Հաշվի առնելով ծավալների աճը, մենք համալրեցինք կանոնադրական կապիտալը 1,7 մլրդ դրամով: Արդյունքում` բանկի ընդհանուր կապիտալը կազմեց ավելի քան 20.7 մլրդ դրամ: Ժամկետային ավանդները կազմել են 86.7 մլրդ դրամ, որից 92%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց: Մեր դիրքերը ՀՀ բանկային շուկայում գոհացուցիչ են: Սպառողական և ՓՄՁ-ների վարկավորման ծավալով՝ «Յունիբանկը» հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում է, իսկ ժամկետային ավանդների գծով` եռյակում:
– Վարկով «ապրելը» կենսակերպ է դարձել նաև Հայաստանում: Որքանո ՞վ է հագեցած շուկան: Կարծիք կա, որ սպառողական վարկավորման ուղղությունն իր տեղը սկսել է զիջել ՓՄՁ-ների վարկավորմանը, ինչն էլ նոր խթան կհանդիսանա բանկերի հետագա զարգացման համար:
– Մենք շեշտը դնում ենք մանրածախ բիզնեսի և ՓՄՁ-ների հետ աշխատանքի վրա: Կարծում եմ՝ այս երկու ուղղություններն էլ զարգացման հետաքրքիր հեռանկարներ ունեն: ՓՄՁ-ներն ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 40%-ը, և, բնականաբար, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում այս ուղղությանը: Մարտի վերջի դրությամբ մեր վարկային պորտֆելը գերազանցել է 109 մլրդ դրամը, որից 52%-ը բաժին է ընկել հենց փոքր և միջին բիզնեսին: Դրա հետ մեկտեղ՝ զգալի տեմպերով աճում է ֆիզիկական անձանց վարկավորումը: Միայն «Յունիբանկի» կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակը տարվա ընթացքում աճել է 70%-ով: Ծավալն աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ: Այս տարի պլանավորում ենք սպառողական վարկավորման պորտֆելի մոտ 30% աճ:
Այլ հարց է, որ մանրածախ ուղղության զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան տեխնոլոգիաներ, ինչն էլ իր հերթին՝ պահանջում է լուրջ ներդրումներ: Արդեն գիտեք, որ մեզ մոտ հաճախորդի վարկունակության գնահատումն իրականացվում է ամերիկյան «Salesforce» ընկերության CRM համակարգով, և մանր սպառողական վարկը հաստատվում է առավելագույնը 1 րոպեում: Հաճախորդների թվի աճը պայմանավորված է հենց այս մոտեցմամբ` սպասարկման արագություն և հարմարավետություն: Մինչև տարեվերջ կավտոմատացնենք նաև հիպոթեքի, ավտովարկի հայտերի ուսումնասիրման գործընթացը ու կանցնենք բիզնես վարկերին:
– Այսինքն՝ նույն արագությունը կապահովեք ՓՄՁ-ների հետ աշխատանքո՞ւմ:
– Այո, դա ժամանակակից բանկային գործն է: Ավտոմատացման արդյունքում բանկի մասնագետը կայցելի կազմակերպություն, համակարգչի օգնությամբ մուտք կգործի CRM-համակարգ և հենց տեղում, հաշված րոպեների ընթացքում կիրականացնի հաճախորդի վարկունակության գնահատում:
– Ինչպե՞ս է հաճախորդի գնահատման տեխնոլոգիայի փոփոխությունն ազդում ռիսկերի կառավարման վրա:
– Սկորինգային համակարգի ավտոմատացումը հնարավորություն տվեց իրականացնելու մեր վիճակագրության խորը վերլուծություն և դրան համապատասխան մշակել ռիսկերի գնահատման նոր մոդել: Արդյունքում՝ մանրածախ վարկավորման նման ծավալների պարագայում ժամկետանցի մակարդակը մեր բանկում չի գերազանցում պորտֆելի 1.8%-ը: Դա իրոք լավ ցուցանիշ է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև միջազգային բանկային համակարգի համար: Աշխատում ենք նաև ռիսկերի մաթեմատիկական մոդելավորման համակարգի ներդրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և կանխատեսել արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը բանկի ռիսկերի և եկամտի վրա:
– «Յունիբանկն» ընդլայնում է միջազգային համագործակցությունը, պայմանագրեր կնքվեցին IFC-ի և BSTDB-ի հետ: Ի՞նչ է դա տալիս բանկի հաճախորդներին:
– Միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում «Յունիբանկը» սկսել է իրականացնել փոքր և միջին բիզնեսի վարկավորման նոր ծրագիր: Միջազգային կառույցներից ներգրավված «էժան» միջոցների շնորհիվ մենք կարողացանք ՓՄՁ-ներին առաջարկել վարկավորման առավել մատչելի պայմաններ տարեկան տոկոսադրույքի և մարման ժամկետի առումով: Այս վարկերը բավականին մեծ պահանջարկ ունեն մեր ձեռներեցների մոտ: ՓՄՁ-ներին ամսական տրամադրում ենք 150-200 վարկ:
– «Յունիբանկը» մշտապես ձգտում է հանդես է գալ նորարարություններով: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ դուք ամենաինովացիոն բանկն եք Հայաստանում: Նման նախագծերի, ինչպես նաև CRM համակարգի ներդրումը բավականին ծախսատար գործընթաց է: Արդյո՞ք մեր հասարակությունը նման պահանջարկ ունի:
– Բնականաբար: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իր խոր ազդեցությունն է թողնում նաև բանկային շուկայի վրա: Մեր հաճախորդները լավ իմաստով առավել պահանջկոտ են դարձել: «Ձեռքով» աշխատանքին, փաստաթղթերի հավաքագրմանը բանկում փոխարինել են նորագույն տեխնոլոգիաները: Դա շահեկան է և՛ հաճախորդի, և՛ բանկի համար: Մենք հնարավորություն ենք տվել մեր հաճախորդին սպասարկվելու՝ ինչպես «դասական» տարբերակով` բանկում, այնպես էլ՝ իրականացնել գործարքներ ինքնուրույն` առանց բանկի աշխատակցին դիմելու:
– Օրինա՞կ:
– Լրացնել վարկային հայտ առանց բանկ հաճախելու` օնլայն, վարկի մարում կամ հաշվի համալրում կատարել տերմինալի միջոցով, հաշիվները կառավարել «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգով: Ի դեպ, տերմինալների միջոցով շուտով հնարավոր կլինի կատարել նաև վարկի ձևակերպում և տրամադրում: Մասնաճյուղերում կտեղադրենք նաև «էլեկտրոնային գանձապահներ» սարքերը` ավտոմատացնելով կանխիկ գումարի ընդունման, տրամադրման և պահպանման գործընթացը: Միաժամանակ կշարունակենք ընդլայնել մեր սպասարկման ցանցը` բացելով նոր մասնաճյուղեր: Ներկայումս «Յունիբանկն» ունի 46 մասնաճյուղ, որոնք փուլ առ փուլ անցնում են «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքին:
– Փաստորեն, «Յունիբանկը» շարժվում է դեպի բիզնես գործընթացների ավտոմատացում: Ինչպե՞ս եք իրականացնում տեղեկատվական անվտանգության ապահովումը:
– Անցած տարի բանկն անցավ PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: Դա տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որի նպատակը քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիայի կատարելագործումն է: «Յունիբանկը» հանդիսանում է Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև թողարկում է ArCa լոկալ քարտեր:
Ներկայումս բանկում աշխատանքներ են տարվում ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման ուղղությամբ: Արդեն հաջողությամբ անցել ենք դիագնոստիկ աուդիտը, որն իրականացրեց «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերությունը: Այս ստանդարտը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում բիզնեսի բոլոր գործընթացներում, որի նպատակը կառավարման արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացումն է: