Ամանդա Փոլ. Հնարավոր է, որ Ղազախստանը վետո դնի Հայաստանի անդամակցության վրա

Լեռնային Ղարաբաղի հարցը գնալով ավելի շատ է քննարկվում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցի համատեքստում` ոչ միայն մամուլի ու հասարակական-քաղաքական շրջանակներում, այլև ամենաբարձր պաշտոնական մակարդակով: Սրան առավելապես խթանեց մայիսի 29-ին` Աստանայում ԵՏՄ հիմնադիր ժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտնի հայտարարությունը: Ինչպես հայտնի է, Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով համաժողովին ներկա Հայաստանի նախագահին, կարդաց Ալիևից ստացված նամակը` նշելով, որ պետք է լուծել հարցը, որպեսզի Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի:

Հունիսի 17-ին Բաքվում նմանատիպ հայտարարություն արեց նաև Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` շեշտելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կապ չունի Եվրասիական միության հետ, և Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:

Հարցը կարող էր ենթատեքստեր չունենալ և այդքան չքննարկվեր Հայաստանում, և գուցե Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվում Մաքսային միության շրջանակներում, շատ բնական համարվեր, եթե սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանություններն ամեն առիթով չխոսեին անվտանգությունից և չհավաստիացնեին հասարակությանը, որ Հայաստանը և Արցախը մեկ միասնական տնտեսական տարածք են, և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միասին միանալու է Մաքսային/Եվրասիական կառույցին: Բայց Աստանայի ժողովից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք միանալու Մաքսային միությանը»:

Թեմայի շուրջ 168.am-ը մի քանի հարց ուղղեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» («European Policy Centre») քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլին:

Մեր զրուցակցի կարծիքով` ո´չ Ղազախստանը, ո´չ էլ Բելառուսը առանձնապես ոգևորված չեն Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամացկման հեռանկարով, իսկ Հայաստանը ոչ միայն որևէ դրական բան չի ստանա այդ անցամակցությունից, այլև որևէ արժեք չի ներկայացնում այդ միության համար, քանի որ նրա տնտեսությունն արդեն իսկ Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ է, բացի այդ` նա թշնամական հարաբերություններ ունի իր երկու հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք իրենց հերթին շատ լավ կապեր ունեն Ղազախստանի և Բելառուսի հետ:

Ըստ Ամանդա Փոլի` Հայաստանը կարող էր լուրջ լարվածություն առաջացնել Ղազախստանի և Ադրբեջանի միջև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, հետևաբար՝ հստակ հայտարարվեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր սահմանների շրջանակներում:

Ուշագրավն այն է, որ եվրոպացի վերլուծաբանը «մտահոգիչ» է համարում այն, որ Հայաստանը կարող է չհետևել Նազարբաևի պահանջին, և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ կարող է չլինել:

«Իհարկե, երբ Հայաստանը հայտնվի այդ ակումբում, շատ դժվար կլինի վերահսկել, որպեսզի Հայաստանը հետևի այդ պահանջին, և ես կասկածում եմ, որ Հայաստանը կանի դա, ինչը շատ մտահոգիչ է: Իհարկե, դեռ հնարավոր է, որ Ղազախստանը վետո դնի Հայաստանի անդամակցության վրա, եթե վերջինս չհետևի այդ կանոններին:

Միևնույն ժամանակ նույն կանոնները պետք է կիրառվեն նաև Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանը մտադիր է ընդգրկել օկուպացված Ղրիմը Եվրասիական միության մեջ, ինչը բացարձակապես անընդունելի է»,- ասաց Ամանդա Փոլը:

Ռուսաստանի երկու նախարարներ դիմել էին Ադրբեջանին` վերջինիս առաջարկելով միանալ ԵՏՄ-ին: Չնայած սրան` Լավրովը Բաքվում ասաց, որ Ռուսաստանը պաշտոնապես առաջարկ չի արել Ադրբեջանին, սակայն ուրախ կլինի, եթե Ադրբեջանը որոշի մասնակցել այդ նախագծին: Ղարաբաղը կարո՞ղ է որևէ կերպ դառնալ կուլիսային բանակցությունների առարկա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Եվ երկրորդը, արդյո՞ք Բաքվի ուղղությամբ կատարվող այս քայլերով Մոսկվան փորձում է կանխել Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունների սերտացումը:
Պատասխանելով մեր այս հարցադրմանը` Ամանդա Փոլը նշեց.

«Ադրբեջանը ոչ մի օգուտ չունի Եվրասիական միությանը միանալուց: Եվրասիական միության մաս դառնալը կնշանակի Ադրբեջանի ինքնիշխանության քայքայում, և Բաքվին այդպիսի հեռանկարն ընդհանրապես չի հետաքրքրում: Ի տարբերություն Հայաստանի` Ռուսաստանը չի կարող ստիպել Ադրբեջանին միանալ այդ կառույցին:

Նա, իհարկե, կարող է փորձել վախեցնել Բաքվին, ստիպել նրան, և կասկած չկա, որ Ռուսաստանը կանի դա, ինչպես ասում են, և´ «յեղելով» և´ «դաղելով» նրան: Կրեմլը կարող է Բաքվին համեղ պատառ առաջարկել` խոստանալով փոխել իրավիճակը ղարաբաղյան կարգավորման գործընթացում` նաև երաշխավորելով գրավյալ տարածքների վերադարձը:

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը բացարձակապես անվստահելի գործընկեր է, կասկածելի է, որ նա կգնա այդպիսի գործարքի: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ու թշնամանքը միանգամայն ձեռնտու են Ռուսաստանին, ուստի Մոսկվան չի շտապում քայլեր անել գործող իրավիճակը փոխելու ուղղությամբ: Կա մեկ այլ հավանականություն, որ Ռուսաստանը կփորձի լրջորեն ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, ինչն աղետալի հետևանքներ կունենա Ադրբեջանի համար` հաշվի առնելով Վրաստանի տարածքով ու Սև ծովով դեպի Թուրքիա և Արևմուտք էներգետիկ ենթակառուցվածքների կարևորությունը:

Ադրբեջանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց նա չի ցանկանում միանալ մի միությանը, որի վերջնական նպատակը Ռուսաստանի բացարձակ գերիշխանության ներքո Խորհրդային միությունը վերականգնելն է: Ադրբեջանը ցանկանում է պահպանել լիարժեք անկախություն ու ինքնիշխանություն և արտաքին քաղաքականությունում կայացնել այնպիսի որոշումներ (այդ թվում Եվրամիության հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ), որոնք առավելագույն օգուտ կտան երկրին»:

Տեսանյութեր

Լրահոս