Ի՞նչ է ուզում Կոլերովը/Ռուսաստանը (՞) Ղարաբաղից

Հայաստանյան մամուլին և քաղաքական շրջանակներին բավական քաջածանոթ ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, ով նաև ռուսական REX լրատվական գործակալության գլխավոր խմբագիրն է, հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին առնչվող հերթական հրապարակմամբ:

Այն ոչ թե քաղաքագիտական վերլուծություն է, այլ առաջարկ. Կոլերովը ներկայացրել է ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումները: Ինչո՞ւ Կոլերովը որոշեց նախաձեռնել ղարաբաղյան հարցի լուծումը: Խաղաղասիրական հայացքների՞ց ելնելով, թե՞ դրանով նա հերթական անգամ ուղերձներ է հղում կողմերին: Հարցն, իհարկե, արժանի է քննարկման, եթե թեկուզ հիշենք այն, որ հայամետ սույն քաղաքագետը նախորդ հոդվածում («Հայաստանը հրաժարվեց եվրասիական ինտեգրումից և Ղարաբաղի մասնատումից», 18 մայիսի, 2014 թ.) սպառնալիքի լեզվով ուղղակիորեն հասկացնում էր` եթե Հայաստանը հրաժարվի եվրասիական անդամակցությունից, այդ դեպքում ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են մոռանալ լարված հարաբերությունների ու «սառը պատերազմի» մասին և համաձայնության գալ ղարաբաղյան հարցում:

Սակայն նախ ներկայացնենք Կոլերովի 10 դրույթները` «Հին ու նոր ծրագիր Ղարաբաղի համար» խորագրով:

1. Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, հասնելով իրական կոնսենսուսի, վերջացնում է իր աշխատանքը` կարգավորման նախագիծը ներկայացնելով ՄԱԿ-ին, ով պետք է վերջնականապես հաստատի կարգավորման նախագիծը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) 99 տարով հայտարարվում է ՄԱԿ-ի խնամակալության/մանդատային տարածք, ճանաչվում է անկախ և անջատվում է Ադրբեջանից` իր ժամանակակից տարածքային սահմաններում:

3. Միաժամանակ ԼՂՀ-ն ճանաչվում է Հայաստանից անկախ, ԼՂՀ-ն ու Հայաստանը ստանձնում են երկու պետությունների միավորման պահանջ երբեք չբարձրացնելու պարտավորություն: Նրանց միավորումը պետք է սկզբունքորեն բացառվի:

4. ԱՄՆ-ը և Ռուսաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչվում են ԼՂՀ-ի խնամակալ-երկրներ:

5. Ադրբեջանը տալիս է ԼՂՀ-ի ռազմաքաղաքական անվտանգության երաշխիքներ և ապահովում է նրա տարածք անարգել հաղորդակցային միջանցք:

6. Հայաստանը տալիս է ԼՂՀ-ի ռազմա-քաղաքական անվտանգության երաշխիքներ և ապահովում է նրա տարածք անարգել հաղորդակցային միջանցք:

7. Իրանը տալիս է ԼՂՀ-ի ռազմաքաղաքական անվտանգության երաշխիքներ և ապահովում է նրա տարածք անարգել հաղորդակցային միջանցք:

8. ԱՄՆ-ը և Ռուսաստանը, հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը, կոնսենսուսի հիման վրա հստակեցնում են ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանին խաղաղապահ ուժերի գործողությունների ժամկետը, կազմը և ֆինանսավորումը:

9. Հաշվի առնելով ԼՂՀ-ում ադրբեջանցի փախստականների վերադարձի հեռանկարը` ԼՂՀ-ի իշխանությունները հստակեցնում են փախստականների բնակության տարածքները` ելնելով ԼՂՀ-ի իրավասության ներքո 1-2 հատուկ ստեղծված կանտոնի շրջանակներում հավաքական, անջատ ու անվտանգ բնակեցման սկզբունքներից:

10. Ադրբեջանի և ԼՂՀ-ի Սահմանադրություններում ամրագրվում են փոխադարձ տարածքային հավակնություններից նրանց հրաժարումը:

Մոդեստ Կոլերովն իր այս նախաձեռնությունը բացատրում է հրապարակային դաշտում հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրերի քննարկման բացակայությամբ, որին, իր խոսքերով, փոխարինում է Հայաստանի և Ադրբեջանի միջև քարոզչական պատերազմը:

Արդյոք պատահակա՞ն է սա` հատկապես այն շրջանում, երբ ղարաբաղյան հարցը, ըստ էության, դարձել է լուրջ շահարկման առարկա` անգամ ամենաբարձր մակարդակում և հատկապես` եվրասիական նախագծի շրջանակներում: Արդյոք սա կապվա՞ծ է Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևի հնչեցրածի և Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության հետ, որ Հայաստանը միանալու է Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:

Tigran Xzmalyan«Նախախորհրդարանի» անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին, ընդգծեց` Կոլերովը պատահական մարդ չէ, և, եթե հաշվի առնենք, որ ժամանակ առ ժամանակ փորձնական «քարեր» են գցվում հրապարակային դաշտ` հասարակության «պատրվողականության աստիճանը» ստուգելու համար, ակնհայտ է դառնում, որ Կոլերովը հենց այդ նպատակին է ծառայում:

«Մեր պատասխանը պետք է լինի սառնասիրտ և շատ հստակ. մենք չենք ընդունի Լեռնային Ղարաբաղի` որևէ այլ պետության սահմաններում լինելու հնարավորությունը: Իսկ մեր վերջնական նպատակն է միացումը, ինչից սկսվեց ազգային-ազատագրական պայքարը: Որևէ այլ լուծում ինձ համար ընդունելի չէ, և, ճիշտն ասած, չեմ էլ ցանկանում դա քննարկել: Մեզ համար ոչ մի օտար զորք ընդունելի չէ, մենք ինքներս պետք է վերահսկենք մեր տարածքները, և դա պետք է լինի տեղի ունեցած հանրաքվեի հիման վրա: Մեր վերջնական նպատակն է, որ Արցախը միանա Հայաստանին` որպես մարզ: Միջանկյալ տարբերակները կարող են քննարկվել դիվանագիտական նպատակներով, բայց ոչ ավելի: Լինի Կոլերովը թե Պան Գի Մունը, որոշումը կայացնում է Հայաստանի ժողովուրդը, իսկ Արցախն այդ ժողովրդի մասն է»,- շեշտեց Տիգրան Խզմալյանը:

Armen Badalyan and Samvel MartirosyanԱյլ կարծիք ունի քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ով կապ չի տեսնում վերոնշյալ հայտարարությունների և Կոլերովի դրույթների միջև: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Կոլերովը չի հանդիսանում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ կամ ոչ պաշտոնական խոսափող. «Դուգինն էլ իր ծրագրերն ունի, մյուսն էլ իր ծրագրերն ունի, ամեն մի փորձագետի կարծիքը չարժի քննարկել: Ընդ որում, Կոլերովը թիվ մեկ փորձագետ չէ, որպեսզի նրան կարևորենք: Գոնե Կիսելյով չէ, որ փորձենք քննարկել, շարքային փորձագետ է»:

Կոլերովի կետերը չմեկնաբանեց նաև Դաշնակցության ներկայացուցիչ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Stepan Danielyan01Իսկ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի կարծիքով` էականը ոչ թե Կոլերովի գրածն է, այլ այն իրավիճակը, որը շատ արագ փոխվում է մեր տարածաշրջանում:
Հիշեցնենք` Աստանայում Նազարբաևի հնչեցրածից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին` Ծաղկաձորում, այնուհետև հունիսի 17-ին` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու է իր սահմաններով, իսկ հունիսի 18-ին Լավրովը Բաքվում վստահեցրեց ադրբեջանցիներին, որ Հայաստանն անդամակցելու է իր սահմաններով` առանց Լեռնային Ղարաբաղի, և Լեռնային Ղարաբաղը կապ չունի Եվրասիական միության հետ: Նույնն ընդգծել էր նաև Սերժ Սարգսյանը` ըստ էության Մոսկվային հասկացնելով, որ Ղարաբաղի հարցը չի կարող դուրս գալ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներից և տեղափոխվել Ռուսաստանի ազդեցության ներքո: Բայց, մյուս կողմից, կարելի՞ է անել եզրակացություն, որ Ռուսաստանն ադրբեջանա-ղազախական դաշինքի հետ միասին սկսել է շատ կոնկրետ մի նախաձեռնություն, որի նպատակն Արցախը Հայաստանի Հանրապետությունից անջատելն է:

Անդրադառնալով մեր այս հարցադրմանը` Ստեփան Դանիելյանը նշեց. «Իմ կարծիքով` մենք պետք է այդ հարցը քննարկենք Եվրասիական միությունից դուրս: Եվրասիական միությունն ընդամենը մի ֆորմատ է, որը դեռևս շատ փոփոխությունների է ենթարկվելու: Այստեղ մի քանի կարևոր գործոններ կան: Առաջինն Իրաքում կատարվող իրադարձություններն են, որոնք կարող են ամբողջապես վերաձևել Մերձավոր Արևելքը:

Երկրորդն այն առաջարկն է, որ արել է Արևմուտքն Ադրբեջանին` նոր գազամուղի վերաբերյալ, որը կարող է տարանցիկ դառնալ թուրքմենական գազի համար: Այստեղ մենք պետք է դիտարկենք նաև Իրանի այն առաջարկը, որ իրանական գազամուղը կարող է անցնել Հայաստանի և Վրաստանի տարածքով և, բնականաբար, շարունակվի դեպի Եվրոպա: Ինչպես նաև ռուսական նոր գազամուղի շուրջ առաջացած խնդիրները, որով ռուսական գազը կարող է շրջանցել Ուկրաինան: Այս երեք կարևոր հարցերի քննարկման միջոցով պետք է փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, և այդ համատեքստում ի՞նչ առաջարկներ է Ռուսաստանն անում Ադրբեջանին ու ի՞նչ է ուզում ստանալ:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ապա Սերժ Սարգսյանն ինքնուրույն խաղացող չէ: Իրավիճակը հիշեցնում է 20-րդ դարասկիզբը, երբ Դաշնակցության Թիֆլիսի բյուրոն վերածվել էր ցարական օխրանկայի կցորդի, որը 1915 թ. դեպքերի պատճառներից մեկն էր: Այսօր Հայաստանի ղեկավարությունը չի ներկայացնում Հայաստանի շահը: Ինչ կասեն` այն էլ կանի: Սերժ Սարգսյանն իր խնդիրն ունի` պահպանել իր իշխանությունը:

Այսինքն` Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և մյուս երկրների ղեկավարներն աշխարհաքաղաքական առևտրում ներկայացնում են իրենց երկրների շահերը, իսկ Հայաստանի շահի փոխարեն` առևտրի առարկա է Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման հարցը: Այստեղ ամենավտանգավոր տարբերակը կարող է լինել այն, որ եթե Ռուսաստանը համաձայնվի Ադրբեջանից Եվրոպա գնացող գազամուղի կառուցմանը` «Հարավային հոսքագծի» կառուցման ապասառեցման դիմաց, ապա դրա դիմաց Ռուսաստանը կարող է վճարել «Ղարաբաղով»»:

Անդրադառնալով նույն հարցին` ռեժիսոր Տ. Խզմալյանն ավելի մռայլ սցենար նկարագրեց. «Քայլեր են կատարվում Հայաստանը պետականությունից զրկելու ուղղությամբ, իսկ առանց Հայաստանի պետականության Արցախի ինքնուրույնությունն այլևս անիմաստ է քննարկել: Ես և իմ համախոհներն անընդունելի ենք համարում որևէ վերպետական միավորման մեջ Հայաստանի մուտքը` հատկապես խորտակվող Ռուսաստանի առաջնորդությամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս