«Եթե մաքսակետ դրվեց Հայաստանի ու Ղարաբաղի միջև, հայությունը չի հանդուրժելու»

«Խնդրում եմ, մի´ պաշտպանեք Արցախը ինձնից: Սա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է»,- այսպես դիմեց իր քննադատներին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սարգսյանն ասաց, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտնի հայտարարությունն իր համար անակնկալ չի եղել, քանի որ Հայաստանի պատվիրակությունը նախապես տեղյակ է եղել Ալիևի նամակից, և «տհաճ է եղել ոչ թե բովանդակային առումով էի ասում` տհաճ է, այլ տհաճ է, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում է կատարում Ադրբեջանի նախագահի նամակին»: Այդուհանդերձ հատկանշական է այն փաստը, որ Հայաստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը Եվրասիական միությանը միանալու է առանց Լեռնային Ղարաբաղի` միայն Նազարբաևի ասածից հետո:

Իսկ այս հարցազրույցի հաջորդ օրը հարցին հատուկ անդրադարձ կատարեց Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով պաշտոնական այցով մեկնել էր Բաքու: Լավրովը Բաքվում հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը որևէ կապ չունի Եվրասիական միության հետ, և Հայաստանը միանալու է ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:

Հաշվի առնելով այս հանգամանքը և նաև Հայաստանի իշխանության մի շարք ներկայացուցիչների հավաստիացումները, որ Հայաստանը Արցախի հետ միասին է միանալու Մաքսային/Եվրասիական նախագծին, արդյո՞ք վստահություն ներշնչում է Սերժ Սարգսյանի ասածը: 168.am-ի այս հարցին` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պատասխանեց հարցով. «Հայաստանից, Հայաստանի իշխանություններից այսօր որևէ բան կախվա՞ծ է»:

Կարդացեք նաև

«Ադրբեջանը մուսուլմանական, պանթուրանական խոսափողի` Նազարբաևի միջոցով կարողացավ Սերժ Սարգսյանի բերանով արձանագրել, որ Ղարաբաղը չի մտնում եվրասիական տիրույթի մեջ, և եթե վաղը մաքսակետ չդրվի, ադրբեջանցիները կրկին աղմուկ են բարձրացնելու: Այդ դեպքում ի՞նչ են պատասխանելու Պուտինը, Սերժ Սարգսյանը, Լուկաշենկոն և Նազարբաևը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը:
Նրա կարծիքով` վերջին 16 տարիների ընթացքում գործող վարչախումբն իր պարագլուխներով այնքան է խորացել և´ Արևմուտքի, և´ Ռուսաստանի հետ երկկողմանի ինտրիգների ու խաղերի մեջ, որ հիմա երկու կողմն էլ իրեն չի վստահում, և Հայաստանն այնպիսի վիճակի է հասել, որ չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել.«Եթե որոշողը դրսից է, տվյալ դեպքում` Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, ինչպես որոշեցին, այնպես էլ կանեն: Հայաստանի մտնել-չմտնելու հարցն Ադրբեջանի հետ է փոխկապակցված:

Պատկերացնո՞ւմ եք` որքան նսեմացուցիչ է, երբ Սերժ Սարգսյանը դիմել է Մաքսային միությանն անդամակցելու խնդրանքով, և պետությունը, որ Մաքսային միությանը չի միանում, ավելին` խաղեր է տալիս Արևմուտքի հետ, կարողանում է այդ սեղանի շուրջ հանդես գալ թելադրողի կարգավիճակով: Խոսքը վերաբերում է Ալիևին և Ադրբեջանին: Ես, որպես ՀՀ քաղաքացի վիրավորված եմ, և Սերժ Սարգսյանի արձագանքը Նազարբաևի ասածին պետք է լիներ համարժեք և տեղում, առավել ևս որ նա ասում է, որ տեղյակ են եղել այդ գործընթացից` նամակից:

Երկրորդը, եթե մեր հիմնական խնդիրը Ղարաբաղն է, մենք, ստանալով անկախություն, որդեգրեցինք եվրոպական արժեքներ, 95 թվականի մեր Սահմանադրությունը ընդունվեց ֆրանսիական մոդելի հիման վրա, բայց հիմա կրկին հետդարձ արեցինք հին արժեհամարկարգին, այդ դեպքում գոնե կարողանայինք որոշակի դրական ուղերձներ ստանալ Ղարաբաղի հարցի լուծման առումով: Բայց ստացվեց հակառակը. Ալիևի նախաձեռնությամբ Սերժը արձանագրեց, որ Հայաստանն իր սահմաններով է մտնում, այսինքն` Ղարաբաղը թողեց: Ինչո՞ւ ենք այդ դեպքում Լավրովից կամ մյուսներից նեղանում: Լավրովը կրկնում է Սերժ Սարգսյանի ասածը»:

Մեր հակադարձմանը, որ Հայաստանը բոլոր միջազգային կառույցներին անդամակցել է իր սահմաններով` առանց Ղարաբաղի, Մակեյանը պատասխանեց.

«Հիշո՞ւմ եք, որ որևէ կազմակերպության անդամակցության ժամանակ արծարծվի Ղարաբաղի հարցը, թե ինչ սահմաններով Հայաստանը պետք է միանա: Անորոշություն է եղել, Ղարաբաղի մասին որևէ խոսակցություն չի եղել:

Իսկ հիմա կոնկրետ արձանագրում են, որ Ղարաբաղը չպետք է մտնի այդ կառույցի մեջ: Այդ դեպքում թող Սերժ Սարգսյանն իր ժողովրդին, առավել ևս Ղարաբաղի հայությանը բացատրի` ինչպե՞ս են այդ մարդիկ աշխատելու, տնտեսվարողներն ինչպե՞ս են արտադրելու: Թե՞ նորից բլեֆի վրա է, կմոգոնեն մի նոր խաղ` մտածելով, որ աշխարհին կխաբեն: Դա հնարավոր չէ: Իսկ եթե մաքսակետ դրվեց Հայաստանի ու Ղարաբաղի միջև, այդ դեպքում Ռուսաստանը թող չմտածի, որ Հայաստանի մեծ մասը ռուսամետ է և մեծամասնությունն ապրում է Ռուսաստանով, ուստի հայությունը կարող է դա հանդուրժել: Չեն հանդուրժելու: Այդ դեպքում և´ Ռուսաստանը պետք է այստեղից դուրս գա, և´ Սերժն ու Ռոբերտ Քոչարյանը»:

Տեսանյութեր

Լրահոս