Ռուբեն Բալոյան. «Բալոնն ի՞նչ կապ ունի»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը: Դատարանում այժմ հետազոտվում են քրեական գործի ապացույցները: Դատաքննության ընթացքում հնչած կարծիքների շուրջ «168 Ժամը» զրուցել է գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ:

– Պարոն Բալոյան, դատարանում շատ է քննարկվում վթարի վայրի հարցը: Դուք նշում եք, որ վթարը տեղի է ունեցել կողնակում, իսկ պաշտպանական կողմը նշում է, որ վթարը եղել է ճանապարհի բանուկ մասում:

– Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում որևէ մեկի տեսակետը: Ես ունեմ իմ տեսակետը, և ոչ թե պարզապես նշում եմ, որ վթարը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այլ հիմնավորում եմ դա, փորձում եմ ապացուցել: Դատարան է հրավիրվել դատաավտոտեխնիկական փորձաքննություն իրականացնող փորձագետը, և շուտով ինքներդ կհամոզվեք, որ այն ամենը, ինչ ես մեկնաբանում եմ, դեռ մի բան էլ ավելին եմ մեկնաբանում: Փորձագետին հարցեր կառաջադրվեն և՛ մեր, և պաշտպանական կողմից, և բոլորի համար էր պարզ կլինի:

Ստացվում է՝ ես այժմ կարմիր եմ ասում, պաշտպանական կողմը՝ կապույտ: Փորձագետը կգա, ինքներդ կհամոզվեք: Եթե հիմա ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը, ասեմ. երկու հանգամանքով է պայմանավորված, որ Վարդան Պետրոսյանը երթևեկելի մասից մուտք է գործել հողածածկ գոտի (սա ուշադրությունը երթևեկության ուղղությունից շեղելու հետևանք է), դիմել է արգելակման, և արգելակված վիճակում էլ եղել է հարվածը: Հարվածի ընթացում ավտոմեքենան գրեթե ուղիղ դիրքով է եղել, մի չնչին անկյուն կա՝ 0.9 աստիճան, այսինքն՝ բախվել են գրեթե ուղիղ դիրքով: Բախման և սեղմման արդյունքում, բնականաբար, «Նիվայի» անվադողերի հետնամասում գտնվող ցայտապաշտպանիչները՝ բրեզգավիկները, իրենց հերթին` սեղմվել են «Նիվայի» անվադողերին և անմիջապես ընկել մեքենայի տակ:

Կարդացեք նաև

Հենց մեքենայի տակ ընկնելու հատվածն էլ կարելի է դիտել բախման հիմնավորված տեղ: Ցայտապաշտպանիչներից մեկն ընկած է եղել Վարդան Պետրոսյանի «ԲՄՎ»-ի հենց անմիջապես հետնամասում, իսկ մյուսը՝ իր մեքենայի աջ կողային մասում: Քննիչը որոշել է, որ բախման տեղը հողածածկ գոտում է, բայց ոչ ցայտապաշտպանիչներով, ինքը պարզապես սխեմայի մեջտեղերն է ցույց տվել, որովհետև այս պաշտպանիչների վերաբերյալ քննինչ ընդհանրապես հարց չի առաջադրել: Չի եղել հարց՝ ելնելով ցայտապաշտպանիչների գտնվելու վայրից որոշել բախման տեղը:

Կոտրված ապակու, պլաստամասսե կտորների 90 տոկոսից ավելին թափված են Վարդան Պետրոսյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի տակ ու դիմացը: Այն, որ պաշտպանական կողմը փորձում է մատուցել, որ այս կտորտանքը լցվել է ավտոմեքենայի վրա, առաջ է եկել, դա ևս իրականությանը չի համապատասխանում: Այստեղ շնորհակալություն հայտնենք Գագիկ Շամշյանին՝ լավ լուսանկարներ տրամադրելու համար: Լուսանկարներում երևում է, որ կտորտանքը թափված է «ԲՄՎ» ավտոմեքենայի տակ: Սա էլ է բավարար` բախման տեղը որոշելու համար: Քննիչը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նշել էր, որ պահեստամասի բեկորների խիտ թափված տեղն այն հատվածում է, որտեղ կանգնած է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: Դա հողածածկ գոտում է: Երթևեկելի մասում կան մանր-մունր կտորներ, բայց կտորտանքների 90 տոկոսը գտնվում է անմիջապես «ԲՄՎ»-ի դիմացն ու տակը: Սա քննիչն ընդունել է որպես բախման տեղ և փորձագետին առաջադրել, որ դա բախման վայրն է, բայց փորձագետներին չի առաջադրել՝ ցայտապաշտպանիչներով որոշել բախման վայրը:

Փորձագետն իրավասու է ինքնուրույն հետազոտություն կատարել (քննիչը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ միշտ գրում է հերթապահ հարց՝ եթե գործում ինչ-որ հանգամանքներ կամ հարցեր ի հայտ կգան, խնդրում ենք պատասխանել նաև այդ հարցերին): Ձեզ ներկայացնեմ փորձագետի հետազոտությունը, որը կատարվել է առանձին ցայտապաշտպանիչներով: Ինչպես նշեցի, մի ցայտապաշտպանիչը եղել է «ԲՄՎ»-ի հետնամասում, մյուսը՝ աջ կողային մասում: Սա ևս վկայում է այն մասին, որ բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում: Փորձագետները երկու հետազոտված տարբերակներով էլ որոշել են, որ բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում: Մի հետաքրքիր բան էլ ասեմ. քննիչի առաջադրած բախման տեղով՝ կտորտանքի թափված լինելու տեղը, հաշվարկվել է, որ Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի նվազագույն արագությունը 71 կմ/ժ է, իսկ ցայտապաշտպանիչներով՝ 77 կմ/ժ: Այդ թվի մեջ գիտե՞ք՝ ինչը ներառված չէ:

Երբ ավտոմեքենաները բախվում են միմյանց, էներգիան մարվում է դեֆորմացման ժամանակ: Այսինքն՝ որքան ուժ է պետք, որ այդ մեքենաները, կոպիտ ասած, լխկվեն: Նվազագույն արագություն 77 կմ/ժ-ն հաշվարկված է մինչ բախումը: Հիմա ի՞նչ ուժ է պետք: Սա բավական մեծ ուժ է: Ես չեմ ասում` 100, 100-ը քիչ է: Միանշանակ քիչ է: Եթե 77կմ/ժ-ն մարվում է ընթացքի ժամանակ, սեղմման ժամանակ ամենաքիչը պետք է գումարենք 50կմ/ժ: Իմ մոտավոր հաշվարկի համաձայն (չեմ ուզում շատ ուռճացնել)՝ մինչև բախումն իր արագությունը 120 կմ/ժ է: Էներգիան, որը կորում է սեղղման արդյունքում, հաշվված չէ, որովհետև փորձագիտական կենտրոնը չունի նման մեթոդիկա, որպեսզի այդ էներգիան ևս հաշվարկի և գումարի 77 կմ/ժ-ին:

Այդ ժամանակ մենք կստանանք մեքենայի իրական արագությունը: Սա պարզապես նվազագույն արագությունն է, այսինքն՝ փորձագետը նշում է, որ մեքենան ընթացել է 77 կմ/ժ-ից ավելի արագությամբ: Ամփոփեմ՝ այն, որ վթարը տեղի է ունեցել հողածածկ գոտում, հիմնավորված է կոտրտված դետալների հոծ զանգվածի տեղով և փորձագետների կողմից կատարված լրացուցիչ հետազոտությամբ՝ կատարված ցայտապաշտպանիչների ընկած տեղերով:

– Դուք ևս համաձա՞յն եք, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ որոշ հետքեր չեն արձանագրվել:

– Միանշանակ:

– Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նույնպես նշում է դա, միայն թե նրա կարծիքով՝ դրանք կողասահքի հետքեր են, իսկ Դուք նշում եք, որ դրանք արգելակման հետքեր են:

– Արված լուսանկարներից պարզ երևում է, որ երկու հետքերն էլ ավարտվում են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերի տակ: Այսինքն՝ այս հետքերի միջև եղած լայնությունը համապատասխանում է անվադողերի միջև եղած լայնությանը, բայց կողասահքի դեպքում չի կարող նույն լայնությունը լինել: Այսինքն՝ հետևի անվադողերի կողմից թողնված հետքերը մոտենում են միմյանց: Երկու հետքերի արանքում կարող է լինել 10-50 սմ, միմյանց մոտ: Բայց լուսանկարներում պարզ երևում է, որ այս հետքերն ավարտվում են հենց անվադողերի տակ: Հետքերը միմյանցից գտնվում են անվադողերի միջև եղած հեռավորության վրա: Դրա համար դրանք կողասահքի հետքեր չեն կարող լինել: Դրանք արգելակման հետքեր են:

– Այդ հետքերը պատահաբար չե՞ն հայտնվել դեպքի վայրի զննության արձանագրության մեջ, թե՞ դիտավորություն կա: Եվ կողմերից ո՞ւմ կարող էր դա ձեռնտու լինել:

– Անկեղծ ասեմ՝ թերություններ կան: Ինչքան թերություններ թույլ են տրվել, բոլորն ի վնաս «Նիվա»-ի վարորդի են` սթափության մասով, Եթե այդ հետքերը հստակ գծված լինեին, լիներ նաև երկու հետքերի արանքի չափը, ոչ ոք չէր կարող վիճարկել: Պարզապես գիշեր է եղել: Երկու մահ, ճանաչված դերասանգ Տեսե՞լ եք՝ որքան մարդ է եղել դեպքի վայրում: Տեղափոխման, դեպքի վայրը պահպանելու անհրաժեշտություն է եղել: Ցավալի դեպք է, բերեք այս մասով քննիչին չմեղադրենք: Սա ուղղակի բացթողում կլինի: Հետո նաև չմոռանանք՝ մութ է եղել: Վերջնական եմ ասում՝ սա արգելակման հետք է, դրա մասին ժամանակին հայտարարել է նաև Նիկոլայ Բաղդասարյանը: Կարող եք կարդալ իր հոդվածը:

– Պարոն Բալոյան, տեսակետ հնչեցվեց նաև, որ «Նիվա»-ում գազի բալոնի տեղադրումը թույլատրված չի եղել, ինչպես նաև այն մասին, որ եթե գազի բալոնը տեղադրված չլիներ, երկու երիտասարդ տղաները չէին մահանա: Համաձա՞յն եք:

– Գազի բալոնը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում մահվան հետ: Դա լավ գիտի ցանկացած իրավաբան: Գազի բալոնը մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ կլինի միայն մեկ դեպքում՝ եթե բախման հետևանքով գազի բալոնը տրաքեր, ու դրա արդյունքում երեխաները մահանային: Այս ամենի սկիզբը բալոնը չէ: Այս ամենի սկիզբն այն է, որ Վարդան Պետրոսյանն ընթացքի ուղղությունը շեղում է երթևեկությունից, մտնում հողածածկ գոտի: Խախտումն այդ պահից է սկսվում: Բալոնն ի՞նչ կապ ունի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների մասում նշված է, որ Էդուարդ Հակոբյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից: Էդգար Հակոբյանի վերաբերյալ փորձաքննության եզրակացության հետևությունների մասում նշված է, որ մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից: Բալոնը գլխի հետ կապ չունի: Այն նստատեղի հատվածում կարող է լրացուցիչ կոտրվածքներ պատճառել, որը մահվան պատճառ չի կարող լինել: «Նիվա»-ների 70 տոկոսի վրա գազի բալոն է դրված:

Հիմա ի՞նչ է ստացվում՝ եթե գազի բալոնի տեղադրման թույլտվություն կա, ուրեմն՝ մահը դրա հետևանքում չի կարող առաջանալ, եթե թույլտվություն չկա, ուրեմն՝ դրա հետևանքով կարող է առաջանալ: Այդպես լինո՞ւմ է: Գազի բալոնն այս դեպքում կապ չունի:

Միգուցե այն պատճառել է լրացուցիչ վնասվածքներ տազի հատվածում: Էդգար Հակոբյանի դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ նշված է, որ նա ունի լյարդի, փայծաղի կոտրվածքներ, ներքին արյունահոսություն, կետավոր բնույթի արյունազեղումներ գլխուղեղում, օջախային արյունազեղումներ ուղեղիկում: Մյուս տղայի մոտ էլ կա գանգուղեղային փակ վնասվածք, կետավոր արյունազեղումներ գլխուղեղում, թոքերի, լյարդի պատռվածքներ: Դուք հասկանո՞ւմ եք: Սա գազի բալոնի հետ կապ ունի՞: Սա արդեն մարմնի վերևի հատվածն է: Ուրեմն՝ հետևից հարվածը որքան ուժեղ է եղել, որ դիմացի նստած վարորդն ու ուղևորը միջին ծանրության վնասվածք են ստացել:

– Նիկոլայ Բաղդասարյանը նշում էր նաև, ուր ընթերականերից մեկը, ով, ըստ արձանագրության` մասնակցել է քննչական գործողությանը, չկա: Ինչ-որ բան ճշտե՞լ եք այդ մասով:

– Բացի երկու ընթերականերից՝ դեպքի վայրի զննությանը մասնակցել են ևս 4 անձինք տարբեր ծառայություններից: Բոլոր 6 անձինք ստորագրել են արձանագրության տակ, եթե քննիչին էլ գումարենք՝ կստացվի 7 անձ: Երկրորդ զննության արձանագրությանն էլ, բացի երկու ընթերականերից՝ մասնակից է դարձվել ևս 3 անձ: Հնարավոր է՝ ընթերական ինչ-որ սխալ անուն է ասել, կամ ճիշտ է ասել, քննիչը խառնված վիճակում է եղելգ Այսպիսի ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս