Վարչապետն ընդունել է ԱԶԲ տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Վարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը և ընդգծել համատեղ մի շարք ծրագրերի հաջող իրականացման փաստը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և քաղաքաշինության, իրականացվող նախագծերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:

Քլաուս Գերհաուզերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը հաջողությամբ համագործակցելու համար և տեղեկացրել, որ այժմ շարունակվում են աշխատանքները մեր երկրի և ԱԶԲ-ի միջև իրականացվելիք առաջիկա տարիների ծրագրի մշակման ուղղությամբ:
Միաժամանակ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի կատարողականից և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ֆինանսավորման ծրագրեր իրականացնել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ մասնավոր հատվածի համար: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և համատեղ այլ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս