Հայերը՝ կրկին իրաքյան բախումների զոհ. Մոսուլը ենթարկվել է հրկիզման և կողոպուտի (լուսանկարներ)
Երեկ լրատվամիջոցները լուր տարածեցին, որ չորսօրյա բախումներից հետո սուննի իսլամիստները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքը, ինչի պատճառով տուժել են նաև քաղաքում բնակվող տասնյակ հայ ընտանիքներ: Մոսուլում բնակվող 65 հայ ընտանիք ծխատեր քահանայի հետ լքել է բնակավայրը՝ թողնելով իրենց տներն ու ունեցվածքը:
Բարեբախտաբար զոհեր չկան: Զինյալները գրավել և հրկիզել են Մոսուլի (այն Իրաքի երկրորդ մեծ քաղաքն է) օդանավակայանը, նահանգապետարանը, ոստիկանատունը, ինչպես նաև կողոպտել են բանկերը: ԱՄՆ-ի իշխանությունն այսօր դատապարտել է Մոսուլի գրավումը՝ շրջանում վիճակը համարելով «չափազանց լուրջ»: Իրաքյան կառավարությունը հայտարարել է ընդհանուր զորակոչ, ինչպես նաև կազմ ու պատրաստ վիճակի է բերվել երկրի ողջ զինուժը:
Իրաքում, ուր մինչև 2003 թվականն ապրում էր 25 000 հայ, և ուր հայերենը համարվում է երկրի պաշտոնական լեզուներից մեկը, այսօր, ըստ տեղեկությունների, մոտ 2000 հայ է մնացել: Մոսուլում հայերը բնակվել են դեռևս 1700-ականներից. նրանց այնտեղ է տարել քաղաքի ազդեցիկ առևտրական նշանակությունը:
Տեղեկություններ կան, որ Մոսուլի բնակիչները հայերին ընդունել են խաղողով և ցորենով, ինչը համարվել է բարի կամքի նշան: Իսկ Մոսուլում հայերը այդ ժամանակվանից ի վեր զբաղվել են առևտրով, արհեստագործությամբ, հողագործությամբ, ինչպես նաև ներգրավվել են նավահանգստային գործերում:
168.am-ը կապ հաստատեց Միջին Արևելքի հայության քաղաքական ու սոցիալական հարցերը լուսաբանող azad-hye.net կայքի խմբագիր Հրաչ Գալսահակյանի հետ, որն այս օրերին կապի մեջ է Մոսուլից տեղահանված հայերի հետ և խնդրեց մեկնաբանել իրավիճակը:
– Պարոն Գալսահակյան, ի՞նչ տեղի ունեցավ Մոսուլում:
– Արմատական իսլամականները, այսպես կոչված՝ «Իրաքի և Շամի իսլամական պետության» զինյալները, մեկ օրում կարողացան գրավել Մոսուլը: Պետական բանակը նահանջեց, իսկ քանի որ Մոսուլը համարվում է ամբողջությամբ սուննի բնակչության քաղաք, ապա արմատականների համար շատ հեշտ եղավ քաղաքի բնակչության մեջ հենարաններ գտնել և գրավել այն: Հիշեցնեմ, որ դրանք Սիրիայի մի շարք շրջաններից քշված ծայրահեղականներն էին, որոնց համար Մոսուլը գրավելը հեշտ տարածք դարձավ, և նրանք իրենց կամքն ու ներկայությունը պարտադրեցին քաղաքի վրա: Մոսուլում փոքրաթիվ հայկական համայնք կա, որը քաղաքի այլ քրիստոնյաների հետ լքեց քաղաքը:
Ի դեպ, մինչ հիմա դեռ հայտնի չէ, թե ինչո՞ւ բանակը այդպես հանկարծակի նահանջեց, և ինչպե՞ս այդ կազմակերպությունը հակակառավարական շատ արագ բախումների ընթացքում կարողացավ կարճ ժամանակում իր հսկողության տակ վերցնել երկու միլիոն բնակչություն ունեցող Մոսուլը:
– Այսինքն՝ Մոսուլը, որտեղ ապրող հայերի մասին չգիտեինք էլ, նոր թեժ կետ դարձա՞վ Միջին Արևելքի հայության կյանքում:
– Այսօր, այո, հայության հայացքը Միջին Արևելքի մեջ և ոչ միայն, ուղղվեց նաև դեպի Մոսուլի կողմ: Հայերը այնտեղ պատմական անցյալ ունեն: Քաղաքը մեծ առևտրական կենտրոն է եղել Միջին Արևելքում, լինելով կարևոր օղակ՝ Իրանի և Միջերկրական ծովի միջև: Պատմական Նինվեի շարունակությունն է Մոսուլը, ուր ապրել են ասորիներ, ինչպես նաև՝ քրդեր և թուրքմեններ:
Դժբախտաբար հայերի թիվը ժամանակի ընթացքում նոսրացել է, իսկ հայկական գաղութի վերջին անդամները (ընդամենը 70 ընտանիք) երկու օր առաջ ստիպված իրենց մեքենաներով դուրս եկան քաղաքից:
– Ո՞ւր են գնացել:
– Ուղղվել են դեպի Իրաքյան Քուրդիստան: Նրանց մեծ մասը հիմա գտնվում է Իրաքյան Քուրդիստանի սահմանային գծի վրա՝ սպասելով մուտքի թույլտվության, և հնարավոր է, արդեն ստացել են այդ թույլտվությունը, քանի որ արագ աշխատանք էր տարվում, որպեսզի գաղթված բնակչությունը մուտք գործեր Իրաքյան Քուրդիստան: Մի մասն էլ հանգրվանել է Իրաքի հայաշատ բնակավայրերից մեկում՝ Բասրայում: Երեկ հայտարարություն է տարածել Բասրայի հայ համայնքի վարչությունը՝ պատրաստակամություն հայտնելով Բասրայի հայ ընտանիքների հարկի տակ ընդունել Մոսուլից գաղթած հայերին:
Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Մոսուլում, բնականաբար, միայն հայերի դեմ չէր ուղղված, այլ ընդհանրապես սա ոտնձգություն էր ամբողջ Իրաքի բնակչության դեմ:
Ծայրահեղականները, ուր էլ ներխուժում են, անմիջապես պարտադրում են իրենց իշխանությունն ու օրենքները: Դե իսկ քրիստոնյաներն էլ ինքնաբերաբար դեմ են կանգնում նման պարտադրանքներին: Նրանք գաղթեցին՝ լքելով տասնամյակներով կառուցած իրենց տներն ու աշխատավայրերը: Ի դեպ, քրիստոնյաների հետ գաղթել են նաև չափավոր իսլամներ, որոնք նույնպես չեն դիմացել զինյալների պահանջներին:
– Իսկ Բասրայի հայերը վտանգից հեռո՞ւ են:
– Բասրայի վիճակը շատ կայուն է, հավանաբար նախ այն պատճառով, որ քաղաքը կրոնական առումով հիմնականում միատարր է համարվում՝ շիաներ են բնակվում: Ինչպես նաև Բասրան տնտեսապես ապահով քաղաք է՝ ունի նավթ, եկամտաբեր նավահանգիստ, ինչպես նաև՝ ապահով ցամաքային սահմաններ՝ հարևան երկրների հետ:
– Ի՞նչ կանխատեսումներ ունեք Մոսուլի հայության առումով, ի՞նչ է սպասվում նրանց, հնարավորություն կունենա՞ն վերադառնալու իրենց տները:
– Ոչ, չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս նման բան տեղի ունենա, քանի որ արդեն մեծ կողոպուտներ և հրկիզումներ են եղել քաղաքում և, ըստ լուրերի՝ դեռ շարունակվում են: Իրաքի Մոսուլի իրավիճակն այսօր նման է սիրիական Ռաքքա քաղաքի իրավիճակին: Բոլորս էլ հիշում ենք, թե ոչ վաղ անցյալում ինչ տեղի ունեցավ սիրիական պատերազմի ընթացքում՝ Ռաքքայում:
Լուսանկարում` Մոսուլի «Սուրբ Էջմիածին» եկեղեցին. կառուցվել է 1857-ին, վերակառուցվել՝ 1967-ին: