Ադրբեջանը մտադիր է վերսկսել գազի մատակարարումը Ռուսաստանին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR ընկերությունը մտադիր է վերսկսել գազի մատակարարումը Ռուսաստանին, ինչը տեղի կունենա հյուսիսային ուղղությամբ գազատարի վերականագնողական աշխատանքների ավարտից հետո:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Նրա խոսքերով՝ SOCAR-ը ներկայումս գազ չի արտահանում Ռուսաստան, ինչը կապված է Ադրբեջանից Ռուսաստան գնացող գազատարում վերանորոգման-վերականգնողական աշխատանքների կատարման հետ:
Ռուսաստանին ադրբեջանական գազի մատակարարումը դադարեցված է 2014 թվականի հունվարից: Աբդուլաևն ընդգծել է, որ գազամատակարարման դադարեցումը ոչ մի կերպ չի ազդում իրենց վրա, քանի որ պայմանագրի պայմաններով իրենք չեն պարտավորվել գազամատակարարում ապահովել յուրաքանչյուր ժամանակ:
2013 թվականին SOCAR-ը Ռուսաստան է արտահանել 1.37 միլիարդ խորանարդ մետր գազ: Ռուսաստանին ադրբեջանական գազամատակարարումներն իրականացվում են 2009 թվականի հոկտեմբերի 14-ին SOCAR-ի ու ռուսական «Գազրոմի» միջև ստորագրված պայմանագրի հիման վրա: