Տիկի’ն նախարար, ի՞նչ եղավ ռեֆերենսային գնագոյացումը. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրել է․

«ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ՝ 10 ՕՐՈՒՄ։ ԻՍԿ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՐՑԸ՞։ ՌԵՖԵՐԵՆՍԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄԸ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ «ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է»։

Ես բազմիցս բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետությունում դեղերի պակասի, դեղերի հասանելիության և գնային քաղաքականության խնդիրները։ Տարիներ շարունակ գրություններով դիմել եմ ՀՀ առողջապահության նախարարությանը՝ բարձրացնելով նաև ռեֆերենսային գնագոյացման՝ reference pricing-ի ներդրման հարցը։

Եվ ի՞նչ պատասխան եմ ստացել տարիներ շարունակ։

«Ընթացքի մեջ է»։

Այսօր, երբ հերթական անգամ քննարկվում է դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցումը, կրկին նույն հարցն է առաջանում՝ ի՞նչ եղավ ռեֆերենսային գնագոյացումը։

Ռեֆերենսային գնագոյացումը պարզապես իմ առաջարկը չէ։ Եթե խոսքը վերաբերում է օրենքով նախատեսված պահանջին, ապա դրա իրականացումը պետք է ունենա հստակ ժամկետներ, պատասխանատուներ և չափելի արդյունքներ։ Օրենքի պահանջի կատարումը չի կարող տարիներով սահմանափակվել «ընթացքի մեջ է» պատասխանով։

Ի՞նչ է առաջարկում կառավարությունը։
ՀՀ կառավարության՝ 2019 թվականի փետրվարի 28-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է՝

  •  ICH/PIC/S համապատասխանության չափանիշներին բավարարող երկրներում գրանցված դեղերի պարզեցված գրանցման առավելագույն ժամկետը սահմանել 10 օրացուցային օր։
  • ԱՀԿ-ի կողմից նախաորակավորված դեղերի համար սահմանել 31 օրացուցային օր։
  • Առաջին գրանցման ժամանակ ազատել հայտատուներին լաբորատոր նմուշներ և ստանդարտներ ներկայացնելու պահանջից՝ հիմնվելով փաստաթղթային փորձաքննության վրա։

Գրանցման գործընթացի պարզեցումն ինքնին կարող է նպաստել դեղերի հասանելիությանը։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք սա բավարար է Հայաստանի դեղագործական շուկայի խնդիրները լուծելու համար։
ՀՀ առողջապահության նախարարություն, հարցերս մնում են անպատասխան։

Եթե դեղերի պակասի պատճառներից մեկը գրանցման երկարատև գործընթացն է, ապա ինչո՞ւ այս խնդիրը չի լուծվել ավելի վաղ։

Որտե՞ղ են այն տվյալները, որոնք ցույց են տալիս՝ Հայաստանում կոնկրետ ո՞ր դեղերն են բացակայում, քանի՞ դեղի գրանցումն է ձգձգվել, և այդ ձգձգումներից քանիսի հետևանքով է առաջացել մատակարարման խնդիր։

Ինչպե՞ս է երաշխավորվելու, որ գրանցման ժամկետների կրճատումը չի թուլացնի որակի վերահսկողությունը։ Ո՞վ և ինչպե՞ս է ստուգելու, որ Հայաստանում գրանցվող դեղը համապատասխանում է ներկայացված փաստաթղթերին։

Եթե միջազգային փորձն օգտագործվում է դեղերի գրանցման ընթացակարգերը պարզեցնելու համար, ապա ինչո՞ւ նույն հետևողականությամբ չի ներկայացվում նաև միջազգային փորձի կիրառումը դեղերի գնային կարգավորման ոլորտում։

Իսկ ի՞նչ եղավ ռեֆերենսային գնագոյացումը։
Տարիներ շարունակ իմ գրություններին ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ ռեֆերենսային գնագոյացման գործընթացը «ընթացքի մեջ է»։
Այսօր կրկին հարցնում եմ՝

  • Ի՞նչ փուլում է ռեֆերենսային գնագոյացման ներդրումը։
  • Ի՞նչ կոնկրետ աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում։
  • Եթե դա օրենքի պահանջ է, ապա ո՞րն է դրա կատարման ձգձգման պատճառը։
  • Ո՞վ է պատասխանատու գործընթացի իրականացման համար, և ե՞րբ է նախատեսվում դրա գործնական ներդրումը։
  • Ինչո՞ւ հանրությանը չեն ներկայացվում կատարված աշխատանքի արդյունքները, հստակ ժամանակացույցը և դեղերի գների կարգավորման մեխանիզմի ներդրման կոնկրետ քայլերը։
  • Ի՞նչ ուսումնասիրություններ են իրականացվել այլ երկրների դեղերի գների վերաբերյալ, և ինչպե՞ս են դրանք օգտագործվելու Հայաստանում դեղերի մատչելիությունն ապահովելու համար։

Գրանցման ժամկետների կրճատումը չի երաշխավորում գների նվազում։ Դրա համար անհրաժեշտ են նաև մրցակցություն, թափանցիկ գնագոյացում, շուկայի արդյունավետ վերահսկողություն և հստակ պետական քաղաքականություն։

Պետության խնդիրը միայն դեղերի մուտքը շուկա հեշտացնելը չէ։ Պետությունը պետք է նաև ապահովի, որ անհրաժեշտ դեղերը հասանելի լինեն քաղաքացիներին՝ ընդունելի գնով։

Հ.Գ. Տիկի՛ն նախարար, տարիներ շարունակ իմ գրություններին ի պատասխան ստացել եմ նույն ձևակերպումը՝ «ռեֆերենսային գնագոյացման գործընթացը ընթացքի մեջ է»։ Այսօր հարցը կրկին հնչեցնում եմ՝ ի՞նչ եղավ ռեֆերենսային գնագոյացումը, ի՞նչ է արվել այս տարիների ընթացքում, և ե՞րբ ենք տեսնելու ոչ թե հերթական պատասխանը, այլ օրենքի պահանջի կատարման իրական արդյունքը։

Հ․ Գ․ Քաղաքացուն պետք են ոչ միայն գրանցված դեղեր, այլև մատչելի գներ։ Իսկ հանրությանը՝ ոչ թե հերթական խոստումը, այլ հստակ պատասխան։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031