Ստեփանակերտում անցկացվելու է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված Քույրական գործի արդի խնդիրնեը թեմայով համագումար

ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան (նախագահ Ալինա Քուշկյան) Արցախի Բուժքույրերի միավորման  և Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի  հետ համատեղ մայիսի 12-13-ը Ստեփանակերտում անցկացվելու է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված Քույրական գործի արդի խնդիրնեը թեմայով համագումար:

Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից և Հայաստանից:
Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց
գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին:
Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի
չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ
գործնական ձևաչափով:

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի
նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաև Ստեփանակերտի
պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Կներկայացվեն արդի
բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն,
ինչպես նաև  նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական
կրթական համակարգում: Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական
բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին
կնվիրաբերի դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական  լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ:
Համագումարի շրջանակում հետդիպլոմային կրթական դասընթացները
կշարունակվեն ևս մեկ շաբաթ:

Այս համագործակցությունը լուրջ աղդեցություն կունենա  Արցախի կրթական ծրագրերի զարգացման վրա:

Նշենք, որ բուժքույրերի միջազգային օրը աշխարհում նշվում է 1965
թվականից` ի պատիվ անգլուհի  Ֆլորենս Նայթինգեյլի: Հենց նրա
գլխավորությամբ  գթության քույրերն առաջին անգամ իրենց
մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմյան պատերազմի
ժամանակ: Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն
առողջապահության ոլորտում կարևորվեց և այդուհետ  բժիշկ ու գթության
քույր հասկացություններն անբաժանելի էին: 141 երկրի բուժքույրեր
միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:

Հայաստանում մասնագիտական այս տոնը  նշվում է 2004 թվականից:
Իսկ բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ
թեկնածուական եւ դոկտորական թեզեր պաշտպանեց  ՀՀ առողջապահության նախարարության Բուժքույրական գործի մասնագետ, «Բուժքույրական գործի կազմակերպիչներ»  հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր և տնօրեն Ալինա Քուշկյանը` դրանով  բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում:

 

Տեսանյութեր

Լրահոս