Կանգ առ, Արգամիչ, դու հրաշալի ես
Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի կաբինետը ձևավորված է: Նախարարների համալրման իմաստով, իհարկե: ԱԺ նախկին նախագահի ճաշակն ու ճոխության հանդեպ թուլությունը հաշվի առնելով` հազիվ թե նրա նոր աշխատասենյակի վերանորոգումն ու դիզայնն ավարտված լինի այսչափ փոքր ժամանակահատվածում:
Բայց մինչ Հայաստանի ամենաառաջադեմ ոճաբաններն ու ամենաստեղծագործ վարպետները կձևավորեն Հովիկ Աբրահամյանի քիմքին համապատասխան վարչապետական աշխատասենյակը, ընդունելության, հանգստի, խորհումի ու այլ գործերով զբաղվելու համար նախատեսված սենյակները, նրա` իրականում հետադիմական կառավարությունը պետք է Ազգային ժողովին ներկայացնի գործունեության ծրագիրը:
Հակառակի նման… Սահմանադրությունը նման պահանջ ունի: Ու հիմա բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին` Հովիկ Աբրահամյանի հանդեպ նախկին համակրանքից ու ներկայումս նրան ընդդիմադիր լինելու հրապարակային անհրաժեշտությունից մոլորվածները, սպասման մեջ են:
Հարցնում ես` ինչպե՞ս եք քվեարկելու կառավարության ծրագրին, պատասխանում են` սպասում ենք: Ինչի՞ն: Ծրագրին: Սպասում եք, որ ի՞նչ անեք: Որ կարդանք: Կարդաք, որ ի՞նչ անեք. նորից ես հարցնում: Որ տեսնենք` լա՞վ ծրագիր է, թե վա՞տ, պատասխանում են: Վե՞րջը: Վերջը` լավին «կողմ» կքվեարկենք, վատին` «դեմ», պատասխանում են իրենց ոչ իշխանականությունից չարացածներն ու իշխանական դառնալու հույսով տոգորվածները:
Այսպիսով, Հովիկ Աբրահամյանն այս օրերին դարձել է Գոդոն: Ավելի ճիշտ` նրա ներկայացնելիք ծրագիրը: Բոլորը սպասում են: Հասկանալի է, սակայն, որ միայն ոչ իշխանական պետք է լինել` մտածելու համար, որ կառավարության ծրագրում գրված այս կամ այն դրույթից, հայեցակարգից, ռազմավարությունից կամ մարտավարությունից է կախված լինելու այդ կառավարության գործունեությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա:
Քանի որ, եթե անգամ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի փոխարեն` ԱԺ ներկայացվի Հայաստանը` աշխարհի ամենաարագ զարգացող ու բարգավաճող երկիր, Արտաշատն էլ` միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելու ռազմավարություն, հիմնավորված, փաստարկված ու հաշվարկված ռազմավարություն, ապա, միևնույն է, Հայաստանի ներկայիս պայմաններում այն դառնալու է առոչինչ:
Իրականում որևէ կառավարության ներկայացրած ծրագիրը կարելի է անգամ չթերթել, եթե այդ ծրագրի նախաբանում կառավարությունը պարտավորվի` ոչ թե պոպուլիստաբար, այլ խախտման հաջորդ իսկ պահին քրեական պատասխանատվության ենթարկվելու պատրաստակամությամբ, պարտավորվի կատարել ՀՀ սահմանադրության մի քանի հոդվածներ:
Մասնավորապես, այն մասին, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով, կամ որ նույնն է` բիզնես ունցողներն իրավունք չունեն զբաղեցնելու պետական բարձրաստիճան պաշտոններ, որ դատարանները պետք է գործեն անկախ, եթե անգամ նրանց ընդդատյա են դառնում պաշտոնյաների եղբայրների, քույրերի, աներորդիների ու քենակալների, հորաքույրների ու մորաքույրների, վարորդների ու վարսավիրների մասնակցությամբ տնտեսական ու քրեական գործերը…
Այս շարքը կարելի է երկար շարունակել: Խնդիրն այն է, սակայն, որ որքան շարունակենք Հայաստանի ներկայիս իրավիճակը ծնող պատճառների թվարկումը, այնքան ավելի կհեռանանք այն տեսլականից, որին կառավարությունն իր ծրագրում խոստանալու է հասցնել Հայաստանը:
Այդպիսով հօդս կցնդեն նաև ոչ իշխանական ուժերի սպասումները, նրանք հուսախաբ կլինեն, ստիպած կլինեն մտածել «դեմ» քվեարկելու մասին, մտածելով` կպատկերացնեն դրա հետևանքները, պատկերացնելով` կհաշվեն Հովիկ Աբրահամյանին վիրավորելուց բխող կորուստները, հաշվելովգ կարձանագրեն, որ կարող են սոցիալական կարգավիճակով մոտենալ ՀՀ շարքային քաղաքացու կենսամակարդակին, արձանագրելով` կսթափվեն ու կիմաստավորեն, որ դա անթույլատրելի է, քանի որ սթափվելով` կհիշեն, որ իրենք պայքարում են այդ քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու համար, ու հիշելով, որ կենսամակարդակ չունեցողը չի կարող պայքարել դրա համար, կլուսավորվեն, որ գտել են կառավարության ծրագրին «դեմ» չքվեարկելու արդարացումը, և սպասումը նորից կդառնա հաճելի: Ավելի ճիշտ` հրաշալի: Ո՞վ է ասում, թե մեր երկրում հնարավոր չեն հրաշքներ: