Բաժիններ՝

Ֆրանսիայում գրեթե 200 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիաներին

Արհմիությունների գործողությունների օրվա շրջանակներում հոկտեմբերի 2-ին ամբողջ Ֆրանսիայում կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցել է 195 հազար մարդ։ Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալները:

Ֆրանսիայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան իր հերթին պնդել է, որ բողոքողների թիվը եղել է 600 հազար, երկրում տեղի է ունեցել շուրջ 200 ցույց։ Արհմիությունների կողմից կազմակերպված ակցիաների մասնակիցների պահանջներն ուղղված էին կառավարության խիստ տնտեսական միջոցառումների դեմ։

Հանրապետության ՆԳ նախարարությունը նաև նշել է, որ այս անգամ ցուցարարների թիվն զգալիորեն փոքր էր սեպտեմբերի 18-ի բողոքի օրվա համեմատությամբ, երբ, ըստ գերատեսչության հաշվարկների, Ֆրանսիայի քաղաքների փողոցներ էր դուրս եկել 505 հազար մարդ, որոնցից 55 հազարը՝ Փարիզում:

Ցույցեր են տեղի ունեցել նաև Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Թուլուզում, Նանտում, Ռենում և երկրի մյուս խոշոր քաղաքներում: Լրատվամիջոցները նշում են բողոքողների ակտիվության նվազման մասին։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Ռետայոյի հայտարարության համաձայն՝ բողոքի ցույցերի ժամանակ կարգ ու կանոնն ապահովելու համար աշխատել է 76 հազար ոստիկան ու ժանդարմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս