
Ընդամենը հումորի րոպե էր. Ալբանիայի վարչապետը՝ Թրամփի հետ կապված կատակի մասին

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հումոր է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր կատակը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Հայաստանը շփոթել էր Ալբանիայի հետ: Հոկտեմբերի 2-ին Դանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ զրույցում Ռաման Մակրոնին հարցրել է, թե ինչու իրեն չի շնորհավորել Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու կապակցությամբ:
«Իրոք զարմանալի է, թե ինչպես են աշխատում այսօրվա լրատվամիջոցները, և այսպես կոչված «վիրուսայնությունը» ինչպես կարող է այդքան հեշտությամբ խեղաթյուրել իրականությունը: Հումորով, ընկերական տոնով ասված արտահայտությունը հանկարծ դառնում է համաշխարհային մասշտաբի վերնագիր, իսկ մնացած ամեն ինչ՝ իրական էությունը, կորցնում է իր նշանակությունը», – գրել է Ռաման սոցցանցում։
Նա հավելել ` շատ հաճելի էր հանդիպել հին բարեկամ Իլհամ Ալիևին ու ընդհանուր թանկագին բարեկամ Էմանուել Մակրոնի ներկայությամբ հիշատակել նախագահ Թրամփի այն վրիպումը, որ նույնիսկ Ալբանիան է կարողացել խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ ինքը՝ Ֆրանսիայի նախագահը, երկար և անխոնջ աշխատել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
«Թեթև դիտողություն, ընկերական պահ։ Իհարկե, սարսափելի բան չկա, որ դա տարածվել է, բայց դա քաղաքական խայթոցի վերածելը պարզապես արդար չէ։ Եկեք պարզենք իրավիճակը: Ճշմարտությունն այն է, որ նախագահ Թրամփը իրեն դրսևորեց որպես առաջնորդ, որը տարիներ անց Արևմուտքի բառապաշար վերադարձրեց «խաղաղություն» բառը: Եվ, այո՛, զարմանալիորեն կարճ ժամանակում նա հասավ խաղաղության այնտեղ, որտեղ մյուսները փորձել էին, բայց ձախողվել, և շարունակում է անխոնջ ձգտել դրան», – ընդգծել է Ռաման։
Նա հավելել է` ռեպլիկներ փոխանակելն ընդամենը լավ հումորի րոպե է եղել այն մարդկանց շրջանում, որոնք, ըստ էության, նախագահ Թրամփի ամենահավատարիմ երկրպագուներից են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանը Ալբանիայի հետ էր շփոթել «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: