100 տարի առաջ ևս՝ «մենք» և «դուք»

Առաջին անգամ տպագրում ենք 1915թ. հոկտեմբերի 15-ին պատմաբան, Օսմանյան պատմության մասնագետ Հովհաննես Հակոբյանի նամակը՝ գրող, հասարակական գործիչ Վահան Մալեզյանին (այն մեզ է հասել գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական արխիվից): Նամակում ցավալիորեն մանրամասն ներկայացված է հայ մտավորականության ոչնչացումը, սակայն նամակն արժևորում ենք նրանով, որ ընթերցելով այն` ևս մեկ անգամ համոզվում ենք՝ 100 տարվա մեջ մեր վերաբերմունքն իրականության ու ինքներս մեր հանդեպ չի փոխվել: Նամակը տպագրում ենք փոքրիկ կրճատումներով:

Սիրելի մեթր Մալեզյան,
Երկու օրե ի վեր հոս կգտնվիմ: Թե ինչպես ազատեցա հալածանքե, աքսորե, արհավիրքե, ես ինքս ալ չեմ գիտեր: Հիվանդ եմ, ջղայնոտած: Ներսը՝ հոն, սոսկումի մեջ հույս մի չկար, հույս մը, որ ամենուն սրտին խորը կապրի և կապրեցնե հայության բեկորները: Բայց երբ առաջին անգամ ոտքս Թուրքիայեն դուրս, ազատ հողի մը վրա դրի և հայերեն լեզվով թերթ մը տեսա ուրիշի մը ձեռքին մեջ և առաջին տողերուն մեջ նորեն «մենք», «դուք»,«մեր» կուսակցությունը, «ձեր» կուսակցությունը, վեճ, կռիվ տեսա, սոսկումը շանթահար ըրավ զիս, և ալ չեմ ապրիր: Դժոխքի բոլոր աստվածներուն, սատանաներուն անունով՝ ի՞նչ է այս, չեմ հասկնար:

Ի՞նչ կըլլանք, ի՞նչ կընենք: Ես կհավատայի , թեև դժոխքի մեջն էի, թե արտասահմանի հայերը՝ երջանիկներ, իրարու վրա պիտի գուրգուրան, եղբայրական գորովով մը իրար փաթթված են՝ որպես փոթորկեն ազատած դժբախտության ու ցավի բախտակիցներ:

Ես կհուսայի, որ «բացարձակ» լռության և համբերության առաքինություն վիճակված պիտի ըլլար արտասահմանյան ամեն հայու: Ըսեք ամենուն՝ «գոցեցեք ձեր բերանը, կոտրեցեք ձեր գրիչը, պատռեցեք ձեր թերթը ու քաջություն ունեցեք խնայելու ձեր կորովը, ամբարելու ձեր ուժը, օր մը, ՕՐ ՄԸ, դժբախտ հայության բեկորները հավաքելու և առաջնորդելու դեպի տունը, դեպի հայրենիք»:

Հինգ օր առաջ Պոլիս էի. եղբայր, չեմ կրնար խոսիլ, ձեռքերս կդողան պարզապես: Կարինեն մինչև Պարտիզակ, Սև ծովեն մինչև Միջերկրական, ամբողջ հայությունը տարտղնած է: Մտրակով ու սվինով քշվող հայությունը կքալե անծանոթ ճամբաներե, լեռներու ու ձորերու մեջ, ջարդված, թալլված, տունե տեղե զրկված, անոթի, մերկ: Կիները՝ այրերեն բաժնված, զավակները՝ թլփատված, աղջիկները՝ հարեմները լեցված: Դիակներու կույտեր ամեն տեղ: Հույս չկա, ապավեն չկա, տիրական չկա, և հազարներ, ութ հարյուր հազարներ՝ կես ողջ, կես մեռած՝ կպոռան. «Աստված չկա»:

Եվ դեռ արտասահմանի հայեր կկռվին՝ անձնական «ես»-եր փառաբանելու և «իմ» ու «քո» իմաստությունը պանծացնելու համար: Սիրտ պետք է:

Լսեցեք՝ ի սեր աստուծո: Զոհրապ սպանված է: Քելեկյան Չանղրի է: Տոքթոր Չիլինկիրյան (Ռ.Սևակ) սպանված է: Իր կինը՝ խենթացած: Վարուժանը կենթադրվի, թե սպանված է՝ Չիլինկիրյանի հետ մեկ կառքի մեջ գտնվելուն համար: Տոքթ.Տաղավարյանը, Ակնունին, Խաժակը, Զարդարյանը, Սարգիս Մինասյանը Տիգրանակերտ ղրկվեցան, լուր չկա հինգ ամիսներե ի վեր. կենթադրվի, որ մեռած են: Մուրատ Կեսարիո մեջ կախվեցավ: Գևորգ Շնորհքի աչքերուն մեջ շեկացած շիշ զարնելով՝ մեռցուցած են Ինկյուրիի մեջ:

Նաթանյանեն լուր չկա: Աբիկ ու Պյոզուկյան՝ Գոնիա, Օտյան՝ Հալեպ: Քելեկյան որբանոցը գրավեցին, 20 որբեր գերման որբանոց ղրկվեցան, 30-ը՝ Ատանա, մյուսներն՝ աստված գիտե, թե ուր: Վարդգես պահված է՝ շնորհիվ Գոնիայի կուսակալի: Սուլթանի ծննդյան տարեդարձին օրը Ինկյուրիի մեջ հազար հայ տղա թլպատվեցան: Դաշտերու մեջ մարդկային կմախքներ կարածին: Պոլիս մարդ չկա. փողոցները հայ չեք տեսներ:

Կառավարությունը պաշտոնապես կհայտարարե, որ հայերեն վրեժ կլուծե:
Որպես թե Պոլիս չպիտի պարպեն, որքան ատեն հայերը հանգիստ մնան: Մեկնումեկի համար հայերուն բասբոռ (անձնագիր.- Լ.Ա.) չեն տար: Մեկնած օրս տասը ֆրանսացի ընտանիքներ աքսորվեցան Անատոլի: Բոլոր ռուսահպատակ հայերը աքսորվեցան: Թուրքիո մեջ ծայրեն մյուսն ավերակ է: Ռումելիի հայերն ու հույները պարպեցին: Թուրքիո Պուլկարիայի ձգած հողերու բոլոր թուրք բնակիչները Թուրքիա գաղթեցին և անոնք, մյուս մահաճիրներուն հետ կը տեղավորվին հայերու լքված տուներուն մեջ, Իզմիր, Ատաբազար և այլուր:
Ի՞նչ կընեն այդտեղ մեր բարեկամները: Իմացա, որ Թեքեյան թերթ կհրատարակե: Բարևեք բոլորին:
Պրոֆ. Հովհաննես Հակոբյան, 2/15 հոկտ.1915 թ., Սալոնիկ

Հ.Գ. Նամակում կան ոչ այնքան հայտնի մտավորականների անուններ: Ստորև ներկայացնում ենք նրանց մասին համառոտ տեղեկություններ.
Հակոբյան Հովհաննես-պրոֆեսոր, պատմաբան, Օսմանյան պատմության մասնագետ, 1930-ականներին Հայաստանում վարել է Մելքոնյան ֆոնդի ղեկավարի պաշտոնը: Դասախոսել է ԵՊՀ-ում, մանկավարժական ինստիտուտում:
Տաղավարյան Նազարեթ (1862-1915)-սեբաստացի, բժշկապետ, պատգամավոր, զոհվել է Ուրֆայի ճանապարհին:
Ակնունի Է.- հրապարակախոս, թուրքական պառլամենտի անդամ, զոհվել է 1915-ին, Ուրֆայի ճանապարհին:
Գարեգին Խաժակ-հայ մտավորական, ուսուցիչ, նահատակվել է 1915-ին, Ուրֆայի ճանապարհին:
Զարդարյան Ռուբեն (1874-1915)-արձակագիր, մանկավարժ: Նահատակվել է Ուրֆայի ճանապարհին:
Մինասյան Սարգիս-պոլսահայ մտավորական, ուսուցիչ, զոհվել է 1915-ին:
Բոյաճյան Համբարձում (Մուրատ), (1867-1915)-պոլսահայ մտավորական, Հնչակյան կուսակցության ղեկավարներից:
Նաթանյան Մարկոս-պոլսահայ մտավորական, պատմաբան։
Սերենկցուլյան Վարդգես-պոլսահայ մտավորական, երեսփոխան, զոհվել է Եդեսիայից ոչ հեռու:

Տեսանյութեր

Լրահոս