10 քայլ, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է այն 10 քայլերը, որոնց իրականացման արդյունքում հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար: Թեև Մելքումյանը հանդես է եկել իր անունից, սակայն ենթադրվում է, որ դրանք նաև ԲՀԿ-ի առաջարկություններն են կառավարությանը։ Եվ այսպես, նախ` թվարկենք այդ քայլերը, հետո կանդրադառնանք դրանց։
1. Չեղյալ համարել հանրային դժգոհություն ներկայացնող որոշումները (պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, կարմիր գծեր, արագաչափեր, տրանսպորտի գնի հնարավոր թանկացում և այլն):
2. Փոքր և միջին ձեռնարկություններին երեք տարով ազատել բոլոր հարկերից (բացառությամբ` եկամտային հարկի), այդ թվում` տարեկան մինչև 58.35 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկը սահմանել` 0%, իսկ 58.35 մլն ՀՀ դրամից 100 մլն ՀՀ դրամ շրջանառություն տնտեսավարող սուբյեկտների համար` 2%, դադարեցնել արտոնագրային վճարների գործողությունը: Չմանրամասնելով փոքր և միջին ձեռնարկատիրության նպատակային աջակցության գործիքակազմը` նշենք միայն դրանցից մեկը. անցած 2 տարիների ընթացքում ՀՀ-ում փակվել են 3000-ից ավելի փոքր մանրածախ առևտրի օբյեկտներ (տարբեր պատճառներով): Ժամանակն է, որպեսզի խոշոր սուպեր և հիպեր մարկետները, օրինակ, կիրակի օրերին կամ ամեն օր երեկոյան ժամը 21:00-ից հետո չաշխատեն, որպեսզի գործեն փոքր օբյեկտները:
3. Հետաձգել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վճարումն առնվազն 90 օրով:
4. Պետությունը պետք է երաշխավորի ներդրումների նվազագույն եկամտաբերությունը:
5. Բանկային վարկերի տոկոսադրույքները կտրուկ իջեցնել և սահմանել վերին շեմ` ոչ բարձր, քան 12 %-ն է:
6. ՀՀ յուրաքանչյուր մարզում ստեղծել առնվազն մեկ արդյունաբերական գոտի` ազատ տնտեսական գոտու և հարկային արտոնությունների ռեժիմով. արտահանմանը միտված արդյունաբերական արտադրանքի թողարկմանը միտված վարկերի սուբսիդավորման չափը հասցնել վարկերի գործող տոկոսադրույքների կեսին:
7. Պետական բյուջեի հաշվին գյուղացիական վարկերի սուբսիդավորման չափը 3-4 %-ից հասցնել 7-8 %-ի:
8. Կազմակերպել համաշխարհային հայկական տնտեսական համաժողով` համահայկական հիմնադրամ ձևավորելու և ՀՀ խոշորածավալ ներդրումներ ներգրավելու նպատակով.
5-7 մլրդ ԱՄՆ դոլար` այդ ներդրումների անվտանգությունը երաշխավորելով Հայաստանի Հանրապետության կողմից:
9. Արմատապես բարեփոխել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը և ընդունել հակամենաշնորհային քաղաքականության մասին օրենք` ապահովելով մրցակցային հարաբերությունների նոր, ժամանակի պահանջին համապատասխան իրավիճակ` բացառելով սովորական մենաշնորհների գոյությունը: Տարիներով ձևավորված ներկրման մենաշնորհների անցանկալի իրավիճակը հաղթահարել միմիայն համապատասխան օրենքների ուժով, այլ ոչ թե քաղաքական որոշումների` ոչ տնտեսական բնույթի գործիքների ճնշմամբ` ապահովելով գործող մենաշնորհների ազատականացումը:
10. Պետական մարմինների այն ներկայացուցիչներին, որոնք կգերազանցեն իրենց լիազորությունները և/կամ կմիջամտեն ձեռնարկատերերի գործունեությանը, նախատեսել օրենքով սահմանված ամենախիստ պատժամիջոցները:
Առաջին պահանջը` չեղյալ համարել հանրային դժգոհություն ներկայացնող որոշումները, չափազանց կատեգորիկ է։ Իհարկե, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, կարմիր գծերի, արագաչափերի ու մնացածի դեմ հասարակական դժգոհությունը չափազանց մեծ է, սակայն հարց է` որքանո՞վ է ճիշտ դրանք միանգամից չեղյալ հայտարարելը, և արդյո՞ք դա կավելացնի կառավարության նկատմամբ վստահությունը։
Չէ՞ որ վստահում են նրան, ով թեկուզ վատ բան անելով` մինչև վերջ չի շեղվում իր ուղուց։ Իսկ ՀՀԿ-ն ու նորանշանակ վարչապետը երբեք դեմ չեն եղել այս նախաձեռնություններին և սատարել են դրանց։
Ավելացնենք նաև, որ ՀՅԴ-ն իր 7 կետերի մեջ պահանջում է ոչ թե չեղյալ հայտարարել, այլ հրատապ լուծումներ գտնել։
Երկրորդ և երրորդ կետերը կարելի է քննարկել։ Սակայն, եթե առաջարկվում է հրաժարվել հարկային եկամուտներից, ապա պետք է նաև պատասխանել այն հարցին, թե ի՞նչ այլընտրանքային եկամուտների միջոցով են բարձրացվելու աշխատավարձերը կամ թոշակները։
Կոնկրետ սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ի հետ կապված հաշվի չի առնվել մի կարևոր իրողություն` Հայաստանը շուտով անդամակցելու է Մաքսային միությանը, և մաքսային վարչարարությունն ու օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ-ին։ Այս մասին որևէ խոսք չկա։ Նշենք նաև, որ սահմանի վրա ԱԱՀ-ի ամբողջական (ոչ թե 90 օրով հետաձգման) առաջարկով վերջերս հանդես էր եկել նաև նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, սակայն կառավարությունը չգնաց այդ քայլին` խոստովանելով, որ կառաջանա հարկային եկամուտների խզում։
4-րդ կետը բավականին կասկածելի է` ի՞նչ է նշանակում` պետությունը պետք է երաշխավորի ներդրումների նվազագույն եկամտաբերությունը։ Ո՞վ պետք է որոշի նվազագույն եկամտաբերության աստիճանը և այն երաշխավորելու մեթոդները։ Սա շատ նման է «ՀայՌուսգազարդի» 20%-ի վաճառքի պայմանագրին, որով երաշխավորվում էր, որ չեն ընդունվի գազային հսկային ի վնաս օրենքներ, և տարբեր այլ երաշխիքներ։
Նման մոտեցումներին դեմ էր նաև ԲՀԿ-ն։
5-րդ կետը նույնպես ականջահաճո է` բանկային վարկերի տոկոսադրույքները կտրուկ իջեցնել և սահմանել վերին շեմ` ոչ բարձր, քան 12 %-ն է: Իհարկե, ցածր տոկոսադրույքները կխթանեն բիզնեսը, սակայն նման ձևակերպմանը կառավարությունը կամ ԿԲ-ն կտան անխոցելի պատասխան` տոկոսադրույքները ձևավորվում են շուկայում, և պետությունը չի կարող արհեստականորեն բարձրացնել կամ իջեցնել դրանք։
Բացի այդ, ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար բանկային համակարգին անհրաժեշտ կլինեն երկար փողեր` ցածր տոկոսադրույքներով։ Իսկ որպես երկար փողերի ձևավորման աղբյուր` կառավարությունը նշում էր նույն կուտակային համակարգը, որին ԲՀԿ-ն դեմ է։
6-րդ կետը` ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, վատ գաղափար չէ։ Սակայն արդեն իսկ ստեղծված ազատ տնտեսական գոտին դեռ իր արդյունավետությունը ցույց չի տվել։ Ինչ վերաբերում է վարկերը սուբսիդավորելուն` տոկոսադրույքի կիսով չափ, ապա հարց է, թե ի՞նչ միջոցների հաշվին է պետական բյուջեն հոգալու այդ լրացուցիչ բեռը։
Այստեղ կարելի է մտցնել նաև 7-րդ կետը` պետական բյուջեի հաշվին գյուղացիական վարկերի սուբսիդավորման չափը մեծացնելու վերաբերյալ: Այս քայլերի, ինչպես նաև ՓՄՁ ոլորտը հարկերից ազատելու էֆեկտը կերևա ոչ թե միանգամից, այլ երկարաժամկետ հեռանկարում։ Սակայն շատ արագ կառաջանա միջոցների դեֆիցիտ, որը ծածկելու աղբյուրները չեն նշվում։
8-րդ կետին վերջում կանդրադառնանք։
9-րդ կետը` մրցակցային դաշտը, իրոք, ամենացավոտ տեղերից մեկն է։ Սակայն փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ խնդիրը ոչ թե օրենսդրության մեջ է, այլ քաղաքական կամքի բացակայության։ Այսօր օրենքով ոչ ոք որևէ մեկին չի արգելում բենզին կամ շաքարավազ ներկրել։ Իսկ այդ և մյուս ոլորտներում մենաշնորհի պատճառները թաքնված են լիովին այլ` քաղաքական դաշտում։ Ինչպես որ, ի դեպ, որևէ մեկին չի արգելվում Երևանի պռնկին խաղատուն կառուցել` 100 միլիոն դոլար ներդնելու պայմանով:
Մինչդեռ ԲՀԿ-ն խորհուրդ է տալիս «անցանկալի իրավիճակը հաղթահարել միմիայն համապատասխան օրենքների ուժով, այլ ոչ թե քաղաքական որոշումների` ոչ տնտեսական բնույթի գործիքների ճնշմամբ»: Խիստ կասկածելի է, որ այս մոտեցումը կարող է կենսունակ լինել։
Նույնը կարելի է ասել 10-րդ կետի մասին` «չափն անցնող» պաշտոնյաների համար պատժիչ օրենսդրության։ Չէ՞ որ այսօր էլ օրենքով պատգամավորին արգելվում է զբաղվել բիզնեսով, անգամ ներդրվել է շահերի բացահայտման ինստիտուտ։ Որքանո՞վ է աշխատում այդ մոտեցումը։ Քանի՞ գործարար-պատգամավոր ունենք ԱԺ-ում, այդ թվում` ԲՀԿ-ի շարքերում։ Այսինքն, այստեղ ևս խնդիրը ոչ թե օրենսդրության մեջ է, այլ մեկ այլ տեղ։
Եվ, իհարկե, անդրադառնանք 8-րդ կետին` կազմակերպել համաշխարհային հայկական տնտեսական համաժողով` համահայկական հիմնադրամ ձևավորելու և խոշորածավալ (5-7 միլիարդ դոլար) ներդրումներ ներգրավելու նպատակով։ Ինչպես նշված էր` այս քայլերն ուղղված են կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնմանը։ Սակայն կոնկրետ այս կետը հնարավոր է միայն այդ վստահությունը վերականգնելուց հետո։ Սա ոչ թե վստահությունը վերականգնելուն ուղղված քայլ է, այլ վստահության վերականգնման արդյունք։
Որպեսզի չստացվի, որ բոլոր առաջարկներին դեմ արտահայտվեցինք, հատուկ նշենք` բոլորն էլ լավն են (թեպետ դրանց մի մասը ոչ թե առաջարկ է, այլ նպատակ, և բացակայում է կոնկրետությունը)։
Սակայն այս բոլոր առաջարկություններն անիրատեսական են մի պարզ պատճառով` դրանք կտրված են իրականությունից և չեն արտացոլում խնդիրների իրական պատճառը` քաղաքական համակարգը։
Ճիշտ է, 10 կետերի թվարկումից հետո նշվում է հետևյալ նախապայմանը. «Վերոնշյալ միջոցառումների իրականացումը արդյունավետ կարող է լինել միմիայն ՀՀ-ում սեփականության ինստիտուտի անձեռնմխելիության պահպանման, իրական ազատական «խաղի կանոնների» հստակ սահմանման և քաղաքական որոշումների ընդունման մենաշնորհների բացառման պայմաններում»: Սակայն հստակություն և վճռականություն այդտեղ չի նկատվում։
Սա ինչ-որ տեղ զարմանալի է, քանի որ ապրիլի 12-ին Ծաղկաձորում անցկացված տնտեսական համաժողովի ժամանակ ոչ իշխանական քառյակի բոլոր ուժերը (այդ թվում` ԲՀԿ-ն) ավելի կոնկրետ ու հասցեական էին խոսում և խնդիրների հիմքում դնում էին հենց քաղաքական բաղադրիչը։ «Այսօր Հայաստանում տնտեսական բոլոր խնդիրները պայմանավորված են քաղաքականով: Եվ մինչև բոլոր քաղաքականները չլուծվեն, դժվար կլինի տնտեսական խնդիրները լուծել»,- բառացիորեն հայտարարել էր Վարդան Օսկանյանը։
Ստացվում է, որ կամ ԲՀԿ-ն փոխել է մոտեցումները և գտնում է, որ կարելի է հարցերը լուծել միայն տնտեսական հարթության մեջ։ Կամ էլ մտածում են, որ քաղաքական խնդիրներն արդեն լուծվել են։