Երկուսը իմպիչմենթին դեմ են. քառյակը «կիսվում է». «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Կառավարության հրաժարականն այլևս իրողություն է։ Նույն շրջանակները պարբերաբար հայտարարում են, որ ռեժիմը խուճապի մեջ է, Սերժ Սարգսյանը խիստ թուլացած վիճակում է և այլն։ Ավելին, անգամ ՕԵԿ-ը հրաժարվեց կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ ու հիմա ՀՀԿ-ն, թվում է, թե մենակ է մնացել։ Եվ ուրեմն, հնարավո՞ր է նույն ուժերն Աժ-ում իմպիչմենթի գործընթաց սկսեն։ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այս հարցին, ըստ էության, չպատասխանեց.

– Ես միշտ խնդրում եմ բոլոր լրագրողներին՝ խոսել փաստացի տեղի ունեցած կամ տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ ինչը հնարավոր է, ինչը հնարավոր չէ՝ կանխատեսումների ոլորտից է, որտեղ ես չեմ մտնում։

– Բայց կանխատեսման հարց չկա, ԲՀԿ-ն կմիանա՞ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթացին։

– Ես ապագայի հետ կապված հարցերին չեմ պատասխանում, որովհետև գերադասում եմ մեկնաբանել փաստացի տեղի ունեցած կամ տեղի ունեցող իրադարձությունները։
Նույն հարցն ուղղեցինք ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Միքայել Մելքումյանին, ով նաև ԲՀԿ տնտեսական հանձնաժողովի նախագահն է, անցյալ շաբաթ Ծաղկաձորում 4 ուժերի հրապարակած սոցիալ-տնտեսական պլատֆորմի համահեղինակներից։

– Պարոն Մելքումյան, դուք այսօր 10 կետանոց փաստաթուղթ եք հրապարակել՝ նշելով, որ դրանց իրականացման դեպքում հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականոթյան նկատմամբ վստահության վերականգնման համար։ Եթե դրանք ընդունվեն, հետո ինչպե՞ս եք պատկերացնում, դուք կհամագործակցե՞ք այս իշխանոթյան հետ։

– Գրել եմ, որ եթե այղ կետերը իրականություն դառնան, հիմքեր կստեղծվեն, որպեսզի կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահությունն ավելանա կամ վերականգնվի և ընդգծված նախադասություն կա, որ սա հնարավոր է միայն այնպիսի նախապայմանների դեպքում, երբ որոշումների ընդունման մենաշնորհ չի լինում։

– Դուք նման փաստաթուղթ եք հրապարակել բայց նույն քառյակի շրջանակներում ձեր գործընկերներից առնվազն երկուսը համակարգային փոփոհոթյունների մասին են խոսում և Սերժ Սարգսյանի հրաժարականի։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ի վերջո ԲՀԿ-ն միանա նման մի գործընթացի, թե՞ բացառում եք։

– Այս փուլում ԲՀԿ-ի օրակարգում նախագահի հրաժարականի հարց գոյություն չունի։ Մենք մեր օրակարգում այդպիսի հարց չենք դրել, և չկա։

– Իսկ հնարավո՞ր է ինչ-որ փուլից դրվի այդ հարցը ու ե՞րբ կարող է նման բան տեղի ունենալ։

– Մենք ասում ենք՝ այս փուլում նման հարց չունենք մեր օրակարգում։

– Բայց բացառո՞ւմ եք, որ լինի։

– Ես ասացի՝ այս փուլում այդպիսի հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա։

Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հարց չկա նաև ՀՅԴ-ի օրակարգում։

«Մենք չենք գնա այնպիսի իշխանափոխության, որտեղ հայտնի չէ՞ նոր եկողը ինչ է անելու մեզ համար շատ կարևոր է, որ նոր եկողը այնպիսի երաշխիքներ տա, որ իսկապես նույնը չի լինի, ինչ նա, ումից ուզում ենք հրաժարվել։ Այս երաշխիքները մենք տեսնում ենք մեր յոթ կետերի կատարման մեջ։

Եթե դա չեն ընդունում մեր մյուս գործընկերները, մեզ համար միևնույն է, թե ով չի ընդունում։ Ի՞նչ տարբերություն դա իշխանություններն են մերժում, թե մեր մյուս գործընկերները։ Ուրեմն խնդիր կա միայն մարդավախությամբ բավարարվել, անունը դնել իշխանափոխություն, բայց իրականում կգան նոր մարդիկ, սակայն նույն համակարգը կպահպանվի և այդ իշխանափոխությունը չի ծառայի ժողովրդին»,– ասել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատությանը» նախօրեին։
Երեկ, երբ Աժ «ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին հարցրեցինք՝ այդուհանդերձ՝ հնարավո՞ր է ոչ իշխանական չորս ուժերը համաձայնության գան Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ, նա պատասխանեց. «Մեր բոլոր հարցերը համատեղ քննարկում ենք։ Կան քննարկումներ, մնացածը պարզ կլինի հանդիպման ժամանակ»»։

Մանրամասները՝ «Հայկական Ժանմանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս