Թուրքիան ստացել է A400M տիպի իր առաջին ռազմափոխադրման ինքնաթիռը (տեսանյութ)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ստացել է A400M տիպի իր առաջին ռազմափոխադրման ինքնաթիռը: Վերջինս Իսպանիայի Սևիլիա քաղաքից թռչելուց մոտ 4 ժամ անց վայրէջք է կատարել Քայսերիում, ուր և հանձնվել է տեղի ավիաբազայի հրամանատարությանը:
Թուրքիայի ռազմավարական տրանսպորտային առաջին ինքնաթիռին տրվել է «Ատլաս» անունը: Ընդհանուր առմամբ, Թուրքիան պատվիրել է 10 հատ A400M, ինչի համար վճարելու է 1.5 միլիարդ դոլար: Ակնկալվում էր, որ Թուրքիան առաջին ինքնաթիռը պետք է ստանար նախորդ տարեվերջին: Վերջին՝ 10-րդ, ինքնաթիռը Թուրքիան կստանա 2018 թվականի վերջին:
4 շարժիչով A400M-ն ունակ է կրել 37 տոննա բեռ, ունակ է փոխադրել ամբողջովին սպառազինված 116 զինվորի (մեկ էսկադրոն), վեր բարձրանալ 11.300 մետր, զարգացնել մինչև 780 կմ/ժամ արագություն: Ինքնաթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 8700 կիլոմետր:
A400M ինքնաթիռները կփոխարինեն երկար ժամանակ կիրառման մեջ գտնվող C-160 տրանսպորտային ինքնաթիռներին: Մեծ հեռահարություն ու բարձր մանևրայնություն ունեցող այդ ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև քաղաքացիական նպատակներով: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռը կարող է վերածվել թռչող հիվանդանոցի: