Թուրքիան երբեք Ղրիմը չի ճանաչի որպես ռուսական տարածք. Աբդուլլահ Գյուլ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան երբեք Ղրիմը չի ճանաչի որպես ռուսական տարածք, նրա համար այն մշտապես կհանդիսանա ուկրաինական տարածք: Այս մասին Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտ Պորոշենկոյի հետ բանակցություններում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Գրեթե մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան հստակ ներկայացրել է Ղրիմի հարցում իր դիրքորոշումը: Գյուլն ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները:
Հանդիպման ժամանակ կողմերը մեծ ուշադրություն են հատկացրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությանը, ինչը քաղաքական երկու գործիչն էլ համարել են առաջնահերթ:
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ թուրք-ուկրաինական ուղիղ բանակցություններ անցկացնելու ուղղությամբ, որոնց առաջարկվել է անցկացնել Ուկրաինայում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես անց: Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Ուկրաինայի նախագահական ընտրություններին:
Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար, ինչն արվել է նաև ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների շրջանակներում: