Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի մղվել երկրորդ պլան այլ երկրների դեպքերի ֆոնին. Կասպրշիկ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կարծում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը լարված է, ինչի մասին վկայում են հակամարտող կողմերի ռազմական կառույցների հաղորդագրությունները:
Նա հավելել է, որ այդ հաղորդագրություններում նշվում է բազմաթիվ փոխհրաձգությունների և այլնի մասին, որոնք հանգեցնում են կորուստների, որոնցից յուրաքանչյուրն աղետ է նրանց ընտանիքների համար: Կասպրշիկի խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի մղվել երկրորդ պլան այլ երկրներում ընթացող իրադարձությունների ֆոնին.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն ձգտում են հակամարտող կողմերին ներկայացնել նոր գաղափարներ՝ կարգավորման գործընթացում առաջ ընթանալու համար: Նախորդ ամիս միջնորդները երկու հանդիպում ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ և մեկ հանդիպում նախագահների հետ՝ արտգործնախարարների մասնակցությամբ:
Բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու և լարվածությունը նվազեցնելու համար»: