ԱՄՆ պետդեպարտամենտը վերստին հրապարակել է Ուկրաինայի վերաբերյալ ռուսական 10 կեղծ պնդումների հերքումը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը վերստին հրապարակել է Ռուսաստանի 10 հայտարարությունից, ինչպես նաև 10 փաստից բաղկացած իր հավաքածուն, որոնք վկայում են Ռուսաստանի ստահոդ պնդումների մասին:
Նյութի հեղինակները Ռուսաստանին մեղադրում են սեփական գործողություններն արդարացնելու համար կեղծ և վտանգավոր հեռտորիկա կիրառելու մեջ: ԱՄՆ պետդեպարտամենտը նախորդ անգամ նման քայլի էր դիմել մարտի սկզբին:
Այս անգամ ԱՄՆ պետդեպարտամենտի ուշադրության կենտրոնում են հայտնվել ռուսական հետևյալ պնդումները, որոնք որակվել են որպես հնարանքներ. «ռուս գործակալները չեն գործում Ուկրաինայում», «ռուսամետ ակցիաներին մասնակցում են բացառապես Ուկրաինայի քաղաքացիները և դա անում են կամավոր հենքով, ինչպես որ եղել է Կիևի «Մայդանի» պարագայում», «Ուկրաինայի արևելքի անջատողականները վայելում են բնակչության լայն աջակցությունը», «Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը սպառնում է վերաճել քաղաքացիական պատերազմի», «Դոնեցկի բնակիչները չեն ճանաչում Ուկրաինայի իշխանությանը և հռչակել են իրենց՝ «Դոնեցկյան ժողովրդական հանրապետությունը»», «ռուսական ղեկավարությունը կարգադրել է մասնակիորեն հետ քաշել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից», «Ուկրաինայում էթնիկ ռուսներին վտանգ է սպառնում», «Ուկրաինայի նոր կառավարությունը գլխավորում են արմատական ազգայնականներն ու ֆաշիստները», ««Ֆաշիստական կառավարությունը» Ուկրաինայի էթնիկ փոքրամասնություններին սպառնում է հալածանքներով», «Ռուսաստանն էներգակիրներն ու առևտուրը չի գործածում որպես զենք»:
Հերքելով սահմանից զորքերը հետ քաշելու մասին պնդումները՝ Պետդեպարտամենտն ընդգծում է, որ Ուկրաինայի հետ սամանին նախկինի պես շարունակում է կենտրոնացած մնալ 35.000-40.000 զինծառայող, իսկ Ղրիմում՝ ևս 25.000 զինծառայող:
Մերժելով Ուկրաինայում ռուս գործակալների չմիջամտելու մասին պնդումները՝ Պետդեպարտամենտը հենվում է վերջին շաբաթվա ընթացքում լավ նախապատրաստված ու հանդերձավորված ռուս լրտեսներ ձերբակալելու մասին Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունների վրա: