Թուրքագետ. «Որքան էլ Սիրիայում մենք ունենք ցավալի խնդիրներ, բայց առանցքը գտնվում է Ուկրաինայում» (տեսանյութ)

Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունները վերջին շրջանում հայկական լրատվամիջոցների առանցքային թեման են: Տարբեր քաղաքական գործիչներ, մեդիա փորձագետներ, թուրքագետներ և այլ մասնագետներ այս ընթացքում փորձում են բացատրել և նկարագրել, թե ի՞նչ է իրականում կատարվել Քեսաբում, և ինչո՞վ կարող են հայկական իշխանություններն ու հայերն օգնել քեսաբահայերին:

Շատերն այս իրադարձությունները որակում են՝ որպես ցեղասպանության դրսևորումներ: Թուրքագետ Լևոն Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Քեսաբի իրադարձություններն այնքանով առնչություն ունեն ցեղասպանության հետ, որ ևս մեկ անգամ Քեսաբի հայությունը բռնի տարհանվում է. «Այսինքն, գտնվելով վտանգի տակ, անմիջական անվտանգության սպառնալիքի ներքո քեսաբահայությունը տեղահանվում է իր տարածքից: Իհարկե, եթե դիտարկելու լինենք ռազմական գործընթացների առումով՝ այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում  (զինյալների ներխուժում, Թուրքիայի աջակցություն, և այլն), միգուցե սա լիներ ցեղասպանական դրսևորում»:

Իսկ արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ սա ոչ թե ցեղասպանություն էր, այլ տարհանում. «Եթե մենք ասենք, որ այսօր Քեսաբում ցեղասպանություն է, մենք նվազեցնում ենք այն իրական փաստերի ուժը, որ տեղի է ունեցել 1915 թվականին»:

Ուկրաինայի թեման մարտի 21-ի դեպքերից հետո հայերի համար կարծես թե դարձել է ավելի երկրորդական, այնինչ, Լևոն Հովսեփյանի խոսքով՝ Ուկրաինան շարունակում է մնալ Ռուսաստան-Արևմուտք բևեռի համար առաջնահերթ խնդիր:  «Այսօր եթե  դիտարկենք աշխարհաքաղաքական դիմակայության առումով, Ղրիմն ավելի առաջնահերթ է, ուկրաինական զարգացումներն առաջնահերթ են: Այսինքն՝ Ռուսաստան-Արևմուտք բևեռը, վերջիվերջո, կենտրոնացած է Ուկրաինայում: Որքան էլ Սիրիայում մենք ունենք ցավալի խնդիրներ, բայց առանցքը գտնվում է Ուկրաինայում»,- ասաց նա:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշել էր, որ Քեսաբը դարձավ այն խնդիրը, որը միավորեց մեզ.  «Հուսով եմ, Քեսաբը կդառնա նաև այն գաղափարը, որն այսօրվա դրությամբ պտտվում է սոցիալական կայքերով՝ ասելով, որ՝ «Փրկիր Քեսաբը», որովհետև մենք իսկապես կկարողանանք միասնություն ցուցաբերելու համար մեր հայրենակիցներին սատար կանգնել և իրենց ցանկությունը, երազանքը (վերադառնալ Քեսաբ, այն դեպքում, երբ այն ամբողջությամբ ազատագրված կլինի) իրականացնել»,-ասել էր պատգամավորը՝  նկատի ունենալով այն, որ հայերի մեծ մասն այսօր տարբեր սոցիալական ցանցերով տարածում է «Փրկիր Քեսաբը» բովանդակությամբ նկարներ:

Այսօր փողոցային հարցումների միջոցով մեր համաքաղաքացիներից փորձեցինք պարզել, թե որքանով են տեղյակ Սիրիայում տեղի ունեցած դեպքերից: Նշենք, որ գրեթե բոլորը, ում հետ մենք զրուցեցինք, լավ տեղեկացված էին Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններից: Նրանք հիմնականում նույն պատասխաններն էին տալիս. «Մենք պետք է ամեն գնով օգնենք մեր հայրենակիցներին, որովհետև թուրքերը չպետք է նորից անեն այն, ինչ արել են 1915 թվականին», կամ՝ «Եթե հայերին են նեղացնում, նշանակում է՝ կապ չունի, թե որտեղ է նա, հայը պետք է օգնության հասնի», «Թուրքիան ուզում է պատմությունը կրկնել, իսկ նրան աջակցում են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս