«Պետք է ջարդել այն կարծրատիպը, թե ՀՀ նախագահը Վլադիմիր Պուտինն է»
Այսօր Երևանի Մամուլի ակումբը` Ֆրիդրիխ Էրբերտ հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպել էր քննարկում` «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքակա կյանքում» թեմայով, որին մասնակցում էին մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ:
Մասնավորապես, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը անդրադարձավ Հայաստանի ներքին և արտաքին խնդիրներին`կարծիք հայտնելով, թե անկախության հռչակումից ի վեր Հայաստանում իրականացվել է «սողացող ռուսականացում», որի դեմը մենք չենք առել:
Նրա խոսքերով` դրա պատճառը Հայաստանի, ինչպես նաև ռուսական հզոր քարոզչամեքենայի առկայությունն է Հայաստանում: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, այդ մասին քաղաքագետն ասաց, թե մենք, խոսելով համամարդկային կամ քրիստոնեական արժեքներից, կարծես թե մոռացել ենք, որ քրիստոնեա երկիր ենք:
«Ի վերջո, ի՞նչ ստացվեց, ստացվեց այն քաղաքական սպեկտորը, որ այսօր ունենք: Գիտեք, երբեք Հայաստանի քաղաքական ուժերը արտաքին քաղաքական հարցերում այդքան միակամ չեն եղել… Միայն այս Մաքսային միությունն էր, որ հանկարծ սեպտեմբերի 3-ին միավորեց Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հիմնական քաղաքական ուժերին»,- ինքն իրեն ճշտելով ասաց Ենոքյանը` նայելով դահլիճում ներկա Պարույր Հայրիկյանին:
«Ճշտումը տեղին էր»,- ժպտալով ավելացրեց քննարկման վարող Բորիս Նավասարդյանը:
«Այսօր մենք ունենք ռուսալեզու վեցյակ. ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմություն, որը մի օլիգարխի ընդդիմություն է, և ունենք իշխանություն` կազմված երկու քաղաքական ուժերից, որը նույնպես հիմնական հարցերում համաձայն է ընդդիմության հետ,- նշեց Ենոքյանը: -Հայաստանում ցանկացած իշխանափոխության դեպքում Կրեմլը հաղթած է, իշխանության կգա Գագիկ Ծառուկյանը, թե կմնան ներկա իշխանությունները, ամեն դեպքում Կրեմլը հաղթում է»:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը հայտարարեց, որ անհրաժեշտ է դուրս գալ այդ «փակ շրջանակից» և քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և անհատների համար ստեղծել մի հարթակ, որը ցույց կտա, որ Հայաստանը չի սահմանափակվում վերոնշյալ «ռուսալեզու վեցյակով»: Ենոքյանն ավելացրեց, որ Հայաստանում կան մարդիկ, ում կարծիքով` Հայաստանը, դեպի Ռուսաստան գնալուց բացի, ունի նաև այլ ճանապարհներ, թեև այդ ճանապարհում Ռուսաստանին չի կարելի անտեսել:
Եվրոպական ուղղությամբ հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին իր ելույթում խոսեց նաև ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀՇ կուսակցությունը հայտարարել էր, որ Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերներին դիմակայելու նպատակով կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ:
Մինչ այդ անդրադառնալով ընդհանրապես եվրաինտեգրմանը` Արզումանյանն ասաց, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում Հայաստանի երեկվա քվեարկությունից հետ (Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի բանաձևին) իր մոտ աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման թեման մի փոքր ժամանակավրեպ է դարձել:
«Եվրամիություն ումո՞վ ես գնում, դու ունես մի քաղաքական դաշտ, որում թե´ ընդդիմությունը, թե´ իշխանությունը, բոլորը Մոսկվայից հրահանգի են սպասում: Որևէ մեկին չեմ ուզում վիրավորել, հարցը այն չէ, թե ինչ կապեր են, հարցը մեզանում նստած մտայնությունն է, որ իրենք պետք է մեր փոխարեն որոշեն, իրենք պետք է… «դաբրո» բառը ես կարգելեի օգտագործել Երևանում, քրեական պատասխանատվություն, որ ասում են` «դաբրո պետք է ստանա»: Սա շատ վտանգավոր բան է»,- ասաց Արզումանյանը:
Չնայած սրան` նա ընգծեց, թե շարունակելու է հետևել իր սկզբունքներին և իր հռչակած գաղափարներին: Այս համատեքստում նա կարևորեց քաղաքացիական նախաձեռնությունների դերակատարությունը:
«Փորձենք այդ գաղափարները` եվրոպական, համամարդկային արժեքները դավանողների հետ գտնել ճանապարհ… Տաբու թեմա Հայաստանում պետք է չլինի, մարդ չպետք է վախենա, որ ասի` Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Դա հանցագործություն չէ, դա քննարկման թեմա է: Եվ կարելի է քննարկել` մենք կարիք ունե՞նք Գյումրիում ռուսական ռազմակայանի, թե՞ ոչ: Մենք իրավունք ունե՞նք 45 տարով ռազմաբազա պահել, մենք էդքան չենք ապրելու, իրավունք ունե՞նք 45 տարով Գազպրոմին տալ ամեն ինչ: Մնում է` մեր տներից բերենք, տանք, ասենք` էս էլ տվեք Գազպրոմին, որ շատ չնեղանա: Եվ որևէ մեկը չի կարող արգելել արծարծելու այս թեմաները: Բոլորս անցողիկ ենք, էս իշխանությունն էլ պետք է դա գիտակցի, եթե չի գիտակցում, գոնե մեր փորձից թող սովորի»,- նշեց ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահը:
Երևանի Մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը հետաքրքրվեց երկու գործիչներից, թե ի՞նչ հնարավոր և անհրաժեշտ գործնական քայլեր են տեսնում այդ ուղղությամբ:
Ի պատասխան` Ա. Ենոքյանն ասաց, թե քանի որ «ոչ ռուսամետ ուժերը» առայժմ շատ չեն և համախմբած չեն, առաջին հերթին պետք է կատարել լուրջ բացատրական աշխատանք, որ այլընտրանք կա:
«Ես կարծում եմ` տվյալ պահին անհրաժեշտություն կա հասարակության մեջ ջարդելու այն կարծրատիպը, թե ՀՀ նախագահը Վլադիմիր Պուտինն է»,- ասաց Ա. Ենոքյանը:
«Իսկ ի՞նչ է, ինքը չի՞»,- անմիջապես արձագանքեց ներկաներից մեկը:
«Իմ կարծիքով` ոչ»,- պատասխանեց Ա. Ենոքյանը, ով ընդգծեց, որ պետք է ծավալել քննարկումներ` եվրոպական մտքերի և եվրոպական այլընտրանքի մասին:
Ա. Արզումանյանն էլ ավելացրեց. «Կուզենայինք նախքան այդ կարծրատիպը ջարդելը ինչ-որ հարթակ առաջարկել դրանով չառաջնորդվող բոլոր ուժերին և անհատներին: Այստեղ չկա լիդերության խնդիր և այլն: Հավանաբար հաջորդ շաբաթ հանդես կգանք կոնկրետ ճանապարհային քարտեզով, որտեղ նկարագրված են կոնկրետ քայլերը: Մենք պատկերացնում ենք ինչ-որ համակարգող մարմին, որում կլինեն թե´ քաղաքական կուսակցությունների, թե´ հասարակական կառույցների ներկայացուցիչներ և թե´ անհատներ, և այդ համակարգող մարմնի միջոցով ստեղծել առանձին-առանձին ուղղություններով զբաղվող խմբեր, խորհուրդներ: Այստեղ չկա «իրանով անելու» հարց, մենք ասում ենք` եկեք օգնենք միմյանց, այսինքն` այսօր ավելի շատ միսիոներության կարիք կա: Այդ կարծրատիպը կոտրելը նաև քարոզել է»:
Բ. Նավասարդյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ենոքյանը և Արզումանյանը խոսում էին նո՞ւյն նախաձեռնության մասին, ինչին ի պատասխան` Արզումանյանն ասաց, որ իրենք արդեն սկսել են խորհրդակցություններ և ընտրել են մեկ ուղղություն:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման հարցին և եվրոպական ինտեգրմանն անդրադարձավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով հայտարարեց, որ երեկվանից հետո Հայաստանը կանգնել է նոր խնդրի առաջ` «անմիջապես սահմանազատվել իշխանություններից»:
«Մենք պիտի հրապարակավ ազդարարենք, որ էս իշխանությունները մերը չեն, սրանք Պուտինի մարդիկ են, բայց եթե մենք դա չանենք հրապարակավ` գոնե 100 հոգով, նշանակում է` այո´, սա է հայ ժողովուրդը, Սերժ Սարգսյանն է հայ ժողովուրդը»,- ասաց Հայրիկյանը: Նա նաև կարևորեց եվրոպական ուղղությամբ նախաձեռնությունները` մասնավորապես ողջունելով «Եվրոպական ալյանսի» գաղափարը:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ իր հերթին ասաց, որ Մաքսային միությունից դուրս դաշտը չափազանց կարևոր է: « Ես այն անվանում եմ ժողովրդավարության ջատագովների դաշտ, այստեղ նույնիսկ արտաքին կողմնորոշումների հարց չկա, կարծում եմ` ցանկացած քաղաքական և քաղաքացիական ուժ, որը կողմնակից է ժողովրդավարությանը և Հայաստանի ինքնիշխանությանը, ակնհայտորեն այդ դաշտում է»,- նշեց նա: Խուրշուդյանը նաև տեղեկացրեց, որ կուսակցությունը նշված հարցերին կանդրադառնա նաև այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: