Ալեքսանդր Արզումանյան. «Մենք որևէ մեկին չենք լիազորել` գնա Զիմբաբվեի շարքում մեզ դասի» (տեսանյութ)

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում երեկվա մեր քվեարկությունը մեր ազգային ամոթն է»,- այսօրվա քննարկմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Հայաստանի նախկին գլխավոր դիվանագետը ելույթ էր ունենում Երևանի Մամուլի ակումբի կողմից և Ֆրիդրիխ Էրբերտ հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված քննարկմանը` «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքակա կյանքում» թեմայով, և իր խոսքում նշեց, թե այսօրվա իրադարձությունների և Հայաստանի իշխանությունների գործելաոճի հետևանքով Հայաստան-ԵՄ հարաբերությունները և եվրոպական ինտեգրացիան կարծես մի փոքր ժամանակավրեպ են դառնում:

«Դա խայտառակություն է, մեր անկախ պետականության պատմության ընթացքում նման բան չի եղել: Մենք նման ստրուկի կարգավիճակ երբևէ չենք ունեցել»,- ասաց Արզումանյանը:

Նա հիշեց, որ Հայաստանը նախկինում այսպիսի դեպքերում ունեցել է որոշ խնդիրներ խնդիրներ թե´ միջազգային հանրության հետ, թե´ ՄԱԿ-ում, հիշեց, որ ընդդիմադիր ուժերը, այդ թվում` Պարույր Հայրիկյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը,  քննադատել են իշխանությանը, որ Հայաստանը չի մասնակցել ինչ-ինչ բանաձևերի քվեարկությանը: Նա ավելացրեց, որ դիվանագիտության մեջ այդպիսի ձև էլ կա: Օրինակ` Հայաստանը, հաշվի առնելով խնդրի նրբությունը և այն հանգամանքը, որ մենք Արաբական աշխարհում համայնքներ ունենք, մշտապես չեզոք դիրքորոշում է ունեցել արաբա-իսրայելական հակամարտության հետ կապված բանաձևերի քննարկման ժամանակ:

«Ի՞նչ են ակնկալում մեզնից մեր գործընկերները, ամենևին չեմ կարծում, որ սպասում են, թե պետք է դատապարտենք Ռուսաստանին, ինչ-որ հերոսական բաներ անենք, ո´չ, ընդամենը պետք է փորձել չեզոք դիրքորոշում որդեգրել: Նման իրավիճակում մենք եղել ենք, երբ մեր դարավոր բարեկամ Վրաստանը կազմաքանդման սպառնալիքի առջև էր, և անեքսիայի ենթարկվեց երկու տարածք` Աբխազիան և Հարավային Օսիան: Մեզ այն ժամանակ էլ էին պարտադրում, որ դիրքորոշում ցուցաբերենք: Թերևս կարողացանք բացատրել, որ այդպես չէ, մենք էլ ազգային շահեր ունենք, հասկանում ենք, որ ձերը մեծ է, բայց մերն էլ «մեր գյորա» էլի ազգային շահ է: Այս պարագայում առաջին մեկ-երկու օրվա ընթացքում կարծես նման տրամադրություններ կային, և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը բավականին ծանրակշիռ, հավասարակշռված հայտարարությամբ հանդես եկավ, և հանկարծ դրա հաջորդ օրը` մի տոնակատարություն, մի ծես, մի ոգևորություն, այնպիսի տպավորություն էր, որ վե´րջ, աշխարհն այլևս բաղկացած է միայն Լեռնային Ղարաբաղից և հարակից պետություններից:

Սա զարմանալի էր, բայց գոնե Հայաստանը շարունակում էր ինչ-որ չեզոքության նշույլներ ցուցաբերել,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: – Այն, ինչ կատարվեց երեկ, դա վերջին մեխն էր եվրաինտեգրման դագաղին: Դրանով մենք ցույց տվեցինք, թե ով ենք մենք: Մենք մեզ դիրքավորել ենք Զիմբաբվեի, Սուդանի, Վենեսուելայի և էլի մի քանի նման, եթե կարելի է ասել, պետությունների շարքում, այլևս խոսել, թե մենք ունենք եվրոպական նկրտում… մենք ունենք վենեսուելական նկրտում, Ռոբերտ Մուգաբեի ղեկավարած պետության տեսլական: Մենք դա ֆիքսել ենք: 194 երկրներից մենք մտնում ենք 10-ի մեջ, Ռուսաստանը չենք հաշվում, դա Ռուսաստանի խնդիրն էր:

Մենք այն 10 failed երկրներն ենք, որոնց հետ աշխարհում որևէ մեկը հաշվի չի նստում, և նրանք պետք է փորձեն Ռուսաստանին աջակցելով` ինչ-որ բան ակնկալել… Մենք մեզ վերանայելու հարց ունենք` հասկանանք, թե մենք ի՞նչ ենք ուզում: Սպարտակի ապստամբության ժամանակ ստրուկները բռնում տիրոջը սպանում էին, հետո ձերբակալում, գլադիատորական մարտեր էին անում, նայում էին` ոնց են իրար հետ կռվում և կարծում էին` վերջ, կյանքի նպատակը դա էր:

Մենք է՞դ ենք ուզում, ո՞ւր ենք մենք գնում: 22 տարի մեզ այդ են հրամցնում, թե մենք անկախություն չենք նվաճել, Սովետ էր, քանդվեց: Ո´չ, մենք զոհեր ենք տվել, Ղարաբաղում առաջին 2,5 տարին պատերազմել ենք ռուսական բանակի դեմ, ո՞վ էր «Կոլցո» օպերացիաներ անում… Մենք վաստակել ենք այս անկախությունը և միայն մենք չենք սրա կրողը, մենք պարտք ունենք մեր պապերի առջև, ովքեր հարյուրամյակներով պայքարել են սրա համար: Ով ուզում է` լինի, լեգիտիմ ես, լեգիտիմ չես, սա լեգիտիմությունից բարձր խնդիր է:

Մեզնից է կախված` մենք սա կհանդուրժե՞նք, թե՞ ոչ: 91 թվականին հռչակել ենք, չէ՞, որ Հայաստանը վերջապես իր տեղն է վերգտնում ազատ ազգերի ընտանիքում: Մենք որևէ մեկին չենք լիազորել` գնա Զիմբաբվեի շարքում մեզ դասի: Դա հակասում է մեր ամեն ինչին` մեր անկախության հռչակագրին, մեր ճանապարհին և Եռաբլուրում պառկած մեր եղբայրների հիշատակին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը երեկ` մարտի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ղրիմի մասին բանաձևին, որով մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անկացված հանրաքվեն ճանաչվում է անօրինական և պաշտպանվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Բանաձևն ընդունվել է. կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը, որոնց թվում է նաև Հայաստանը: Դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս