Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդը խորհուրդ է տալիս Ուկրաինայի իշխանություններին լայնախոհ լինել և չխզել դիվանագիտական կապերը ՀՀ-ի հետ. ԳԱԼԱ

«Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է լայնախոհություն ցուցաբերեն եւ մեկ արտահայտությամբ կամ մեկ դիպվածից չվշտանան, որովհետեւ մնայուն կապերը Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ շատ ավելի կարեւոր են, քան անցողիկ պահերը, որոնք կարող են մեզ մղել սխալ քայլերի… պետք է համբերատար եւ լայնախոհ լինել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը՝ անդրադառնալով ուկրաինական կողմի քայլերին, որոնցով պահանջում են ՀՀ իշխանություններից Ղրիմի հարցի վերաբերյալ դիրքորոշման հստակեցում: Սրբազանը ասաց նաեւ, որ ինքը տեղյակ է նաեւ Ս. Սարգսյան-Վ. Պուտին հեռախոսազրույցի մասին պատմող հաղորդագրությանը եւ տեղյակ է նաեւ Ուկրաինայում քաղաքական շրջանակներում հնչած գնահատականներին, որոնցով պահանջում են ՀՀ-ից հետ կանչել Ուկրաինայի դեսպանին: Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանն ասաց, որ հիմա ամենակարեւորն այն է, որ մեկ կեցվածքից կամ մեկ արտահայտությամբ չառաջնորդվեն, որը կարող է սխալ լինել:

«Այդ պատասխանատվության առաջին կրողը, ես կարծում եմ, որ հենց ուկրաինացիներն իրենք են»,- ասաց սրբազանը: Ներկայացնում ենք Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին ամբողջությամբ:

– Սրբազա՛ն, ինչ իրավիճակ է Ուկրաինայում, ինչպե՞ս են իրենց զգում, ի՞նչ տրամադրությունների մեջ են արդեն մասնատված Ուկրաինայի երկու հատվածներում բնակվող հայերը:

– Հայերը երկու մասում էլ ապրում են իրենց կյանքով: Երկրի վիճակը՝ քաղաքական առումով, տեղյակ եք, արտակարգ է, բայց հայերի մոտ, կարող եմ ասել, որ զանգվածային ոչ միատեսակ մտածողություն կա, ոչ էլ կեցվածք: Հայության մեծ զանգվածը՝ 70-80 տոկոսով, իրենց չեզոք են պահում, իրենց կյանքով են ապրում: Մտահոգ են թե Ուկրաինայի կացությամբ, թե ուղղակի երկրի վիճակի կացությամբ, բայց ո՛չ խիստ կողմնորոշված են, ո՛չ էլ ակտիվություն են դրսեւորում: Կան առանձին հայեր, որոնք ակտիվություն են դրսեւորում երկու կողմերից էլ, բայց նրանց թիվը քիչ է:

Բավականին նեղ վիճակ է տնտեսական առումով, եւ ավելի շատ տնտեսական վիճակից են նեղվում, ինչպես մնացած բոլորը երկրում:

– Իսկ Ուկրաինայի հայ համայնքում արտագաղթի տրամադրություններ կա՞ն, տեղաշարժ նկատվու՞մ է, թե՞ փորձում են հարմարվել:

-Տեղաշարժեր միշտ կան, եւ դրանից ավելի որեւէ բան չի նկատվում: Եթե, բնական է, տնտեսական վիճակը շատ վատանա, այդ ժամանակ տեղափոխվողներ կլինեն: Բայց տեղաշարժը քաղաքական վիճակով չի պայմանավորված, որ ասենք թե հայերին նեղություն տան, եւ մարդիկ արտագաղթեն, այդպիսի բան չկա:

Ուզում եմ շեշտել, որ այս երկրում հայերը շատ լավ էին ապրում, շատ գոհ էին, կային, որ նոր էին գալիս, մինչեւ հաստատվեն ու ինքնահաստատվելը ունենում էին դժվարություն, բայց նրանք, ովքեր կայուն աշխատանք ունեին, այնքան լավ էին, որ նույնիսկ կարողանում էին իրենց հարազատներին օգնել:

Բոլոր քաղաքներում այս օրերին ես եղել եմ, եղել եմ թե Ղրիմում եւ թե Լվովում, տարբեր ծայրամասերում մեր հայերի հիմնական մասը խաղաղ են եւ նորմալ են, որեւէ բան չկա, խնդիրը տնտեսականն է:

– Սրբազա՛ն, պաշտոնական Կիեւին այնքան էլ դուր չեկավ Հայաստանի իշխանությունների՝ Ղրիմի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը: Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն էր Հայաստանի պահվածքը ընդհանրապես ուկրաինական ճգնաժամի եւ Ղրիմի հետ կապված:

– Ես կարծում եմ, որ Հայաստանը պաշտոնապես որեւէ բան չի հայտարարել: Եթե հայտարարել է, դուք գիտեք, ասեք ես իմանամ:

– Հայտնի դարձավ, որ Ուկրաինան հետ է կանչել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին: Բացի այդ, Կիեւը նաեւ բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ:

– Պետական բոլոր պաշտոնյաներն ընդամենը մեկ ամսվա պաշտոնյաներ են. Նրանցից ոմանց գիտեմ, ոմանց չգիտեմ: Ինձ թվում է, որ իրենք ավելի լավ զգացողությամբ պիտի մոտենան եւ մեկ արտահայտությունից կամ կեցվածքից չվշտանան, որովհետեւ մնայուն կապերը Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ շատ ավելի կարեւոր են, քան անցողիկ պահերը, որոնք կարող են մեզ մղել որեւէ սխալ քայլի:

Եթե անգամ սխալ ենք, պետք է համբերատար լինել եւ լայնախոհ լինել: Ընդհանրապես այդ ուղղությամբ ենք մենք զրույցները մեր վարում թե մեր հայերի եւ թե ծանոթ շրջանակներում ուկրաինացիների հետ: Սրանք շատ խոր եւ շատ լուրջ եւ երկարատեւ գործընթացներ են եւ մեկ գնահատմամբ, մեր արտահայտությունով, մեկ կեցվածքով չէ, որ պիտի լուծվեն …Եվ կարծում եմ, որ ոչ միայն Հայաստան – Ուկրաինա, նույնիսկ Ռուսաստան -Ուկրաինա, անգամ Արեւմուտք – Ուկրաինա հարաբերությունները պետք է այն ձեւով դիտարկել, որ կայունություն, խաղաղություն եւ ամրություն լինի:

Բայց այդ պատասխանատվության առաջին կրողը, ես կարծում եմ, որ հենց ուկրաինացիներն իրենք են, պիտի բոլոր հանգամանքներն ու իրավիճակները լավ ուսումնասիրեն եւ իրենց հայտարարությունները եւ իրենց կեցվածքը ճիշտ կարողանան ձեւավորել, որովհետեւ դա երկրի անվտանգության, կյանքի, մարդկանց… համար է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս