Անօրինական միլիարդներդ մեր զեկույցին վնաս չէ
Անցած տարի դեկտեմբերին Global Financial Integrity կազմակերպությունը հրապարակել էր «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը, ըստ որի՝ 2002-2011թթ. ընթացքում Հայաստանից անօրինական փողերի արտահոսքի ծավալը գերազանցել է 6.2 մլրդ դոլարը:
Սա, ըստ էության, ապտակ էր ՀՀ իշխանություններին, որոնք մշտապես խոսում են տնտեսական բարեփոխումների, համաշխարհային տարբեր վարկանիշային ցուցակներում Հայաստանի դիրքի բարելավման մասին, երկրում օտարերկրյա ներդրումների ծավալների շարունակական կրճատումը բացատրում էին աշխարհում տեղի ունեցող «բարդագույն» պրոցեսներով, իսկ կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ հավաստիացնում էին, թե դրա շնորհիվ գոյացող երկարատև փողերը զարկ կտան տնտեսության զարգացմանը:
Այսինքն, մի երկրում, որտեղ ամեն մի լուման խիստ անհրաժեշտ է, ու շռայլությունը պետք է որ տեղ չունենա, միլիարդավոր գումարներ են արտահանվում:
Պետական պաշտոնյաները GFI-ի ցուցանիշները խուսափում էին մեկնաբանել, լավագույն դեպքում հայտարարում էին, թե նման բան հնարավոր չէ:
«Եղած ֆինանսական ցուցանիշները նման հետևություններ անել թույլ չեն տալիս, այն չի արտացոլում իրավիճակը մեր երկրում»,- այս տարվա հունվարի վերջին ասել էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` շեշտելով, որ բոլորովին համաձայն չէ GFI-ի զեկույցի հետ:
Հայաստանում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) խնդիրներով զբաղվում է Կենտրոնական բանկը: «168 Ժամը» ԿԲ-ից հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս են մեկնաբանում Global Financial Integrity կազմակերպության հրապարակած «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցում բերված տվյալները, որոնց համաձայն` ՀՀ-ից 10 տարում ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տրամադրեցին հետևյալ պատասխանը. «ՀՀ Կենտրոնական բանկը զբաղվում է հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման դեմ պայքարի հարցերով և տարեկան կտրվածքով այդ ոլորտի վերաբերյալ համապատասխան զեկույցներ ու տեղեկություններ հրապարակում:
Նշենք, որ վերջին տարիներին ոչ բանկ իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալները թվային առումով իրար շատ մոտ են:
Օրինակ՝ 2013 թվականի տվյալներով ներհոսքը /ոչ բանկ իրավաբանական և ֆիզիկական անձինք/ կազմել է մոտ 8,497 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փոխանցումներ, իսկ արտահոսքը՝ 8,400 մլն դոլարին համարժեք փոխանցումներ: 97 մլն դոլար ավելցուկի պայմաններում ԿԲ-ն անցյալ տարվա ընթացքում 72 մլն դոլար է գնել շուկայից»:
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի 2012 թ. տարեկան հաշվետվության համաձայն՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար 2012-ի ընթացքում կայացվել է ընդամենը 2 մեղադրական դատավճիռ, որոնցով դատապարտվել է 2 անձ: Դատավճիռներ կայացվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, գողության և դրանց արդյունքում ստացված գումարների օրինականացման համար առաջադրված մեղադրանքներով:
Ընդ որում՝ նկատվում է որոշակի դրական դինամիկա: Մասնավորապես, եթե 2010-ին հարուցվել է 13 քրեական գործ, ապա 2011-ին այդ թիվը նվազել է և դարձել 10, իսկ 2012-ին՝ 9: ԿԲ խորհրդի որոշմամբ` 2012-ին կասեցված միջոցների ընդհանուր գումարը կազմել է 23 մլն 3,274 ՀՀ դրամ, իսկ կայացված մեղադրական դատավճիռներով բռնագրավման ենթակա գումարը՝ 12.2 մլն ՀՀ դրամ:
ԿԲ խորհրդի որոշմամբ կասեցված գործարքներում և գործարար հարաբերություններում ներգրավված միջոցների և բռնագրավման ենթակա գումարների գծով ևս տարեկան դրական դինամիկա կա, և նախորդ տարիներին դրանց ծավալն ավելի մեծ է եղել, մասնավորապես, 2010-ին՝ համապատասխանաբար` 345 հազար ՀՀ դրամ+290 հազար ԱՄՆ դոլար և 514 մլն դրամ:
Թե ի՞նչ տվյալների վրա է հիմնվել Global Financial Integrity-ն` զեկույցը կազմելիս, եղե՞լ է համագործակցություն ԿԲ-ի հետ, մեզ պատասխանեցին, որ, ինչպես նշված է հրապարակման մեջ, «Illicit Financial Flows from Developing Countries: 2002-2011» զեկույցը կազմվել է Global Financial Integrity կազմակերպության կողմից՝ Ford Foundation և Financial Transparency Coalition կազմակերպությունների աջակցությամբ, որոնք մասնավոր, շահույթ չհետապնդող, հետազոտական կազմակերպություններ են, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցություն չի եղել:
Բնական է, որ Կենտրոնական բանկի զեկույցներում չեն կարող արտացոլվել Հայաստանից արտահոսող այն անօրինական ֆինանսական միջոցները, որոնք երկրից դուրս են բերվում ՀՀ իշխանությանը մոտ կանգնած անձանց կողմից, այլապես ԿԲ-ն «ստիպված էր լինելու» պայքարել դրանց դեմ: Իսկ որ օլիգարխիկ ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն իրենց փողերը Հայաստանում չեն պահում, դա արդեն վաղուց ապացուցման կարիք չունեցող աքսիոմ է:
Մինչ պետական մարմինները փորձում են իրենցից թոթափել GFI-ի զեկույցում առկա աղաղակող թվերի պատասխանատվությունը, հասարակական հատվածի ներկայացուցիչներն արտահայտում են իրենց լիակատար համաձայնությունը կազմակերպության մասնագետների տեսակետների հետ: Ինչպես գրել էինք մեր նախկին հրապարակումներում, PFI կազմակերպության փորձագետներն այս զեկույցը որակել էին` որպես «փայլուն մի փորձ է` գնահատելու այն, ինչի մասին գիտեն բոլորը, սկսած միջազգային կառույցներից` վերջացրած փողերի լվացման և արտահոսքի հետ առնչվող շատ երկրների պետական մարմինների պաշտոնյաներով զեկույցը բավականին թափանցիկ ձևով ներկայացնում է օգտագործված տվյալներն ու մեթոդոլոգիան»:
«GFI-ի զեկույցում նշված 6.2 միլիարդ դոլարը Հայաստանի պարագայում ամենևին էլ անհավատալի չէ, եթե չասենք, որ բավականին պահպանողական (conservative) գնահատական է: PFA-ի զեկույցում առկա գնահատականներով` միայն բյուջետային կորուստը (չվճարված հարկերի և ծախսերի մսխումների հաշվին) կազմում է տարեկան մոտ 7% (օրինակ` միայն 2012-ի դրությամբ` մոտավորապես 750 միլիոն դոլար) և, որ ՀՆԱ-ի մոտ 60%-ը գտնվում է քաղաքական վերնախավի «հովանու» ներքո, որը և կազմում է արտահոսքի հիմնական աղբյուրը»,- նշված էր PFI-ի գնահատականներում: