Հելսինկյան Կոմիտեն՝ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների, Ոստիկանության գործադրած բռնությունների մասին
Մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանը 2013թ. առաջընթաց չի ունեցել: Այս մասին ասված է Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2013» զեկույցում:
Զեկույցում կոմիտեն անդրադարձել է 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերին: «Նախկինում հայտնի էին տարբեր աղմկահարույց դեպքեր, որոնցում ներգրավված Ս. Խաչատրյանը և նրա ընտանիքի անդամներն իրենց կատարածի համար պատասխանատվության չէին ենթարկվել։ Վերջին դեպքերից հատկապես մեծ արձագանք էր գտել 2011 թ. նոյեմբերի 14-ին գործարար Սիլվա Համբարձումյանին հասարակական վայրում հարվածելու դեպքը. միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել էր, և Ս. Խաչատրյանը հերթական անգամ պատասխանատվության չէր ենթարկվել: Այս անգամ Ս. Խաչատրյանի առանձնատան կողմից արձակված կրակոցներից մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, և ծանր հրազենային վնասվածք ստացավ նրա եղբայրը՝ բանակի հրամանատար Արտակ Բուդաղյանը։
Հարուցվեց քրեական գործ, 2 ամսով կալանավորվեցին Ս. Խաչատրյանի որդին և թիկնապահը։ Մարզպետի պաշտոնից հրաժարական տվեց Մ Խաչատրյանը։ Դեպքից մի քանի օր անց զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ով վարում էր սույն քրեական գործը, հայտարարեց, որ Ս. Խաչատրյանի տան վրա տեղի է ունեցել զինված հարձակում, իսկ Ս. Խաչատրյանի կողմից եղել է ինքնապաշտպանություն։
Հայտարարությունից հետո հասարակության մոտ առաջացան մտահոգություններ, որ գործի ելքն արդեն իսկ կանխորոշված է՝ Ս. Խաչատրյանը և մերձավորները խուսափելու են պատժից։ Մտահոգությունները հաստատվեցին՝ Ս. Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ գործը կարճվեց, իսկ սպանված Ա. Բուդաղյանի եղբորը՝ Արտակ Բուդաղյանին, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության սպառնալիքի համար»,- նշված է զեկույցում։
Զեկույցում անդրադարձ կա նաև 2013 թ. փետրվարին կայացած՝ ՀՀ նախագահի, իսկ մայիսին՝ Երևանի ավագանու ընտրություններին: Ըստ զեկույցի՝ ընտրություններից հետո դիտորդություն իրականացրած տարբեր հասարակական կազմակերպություններ ահազանգեցին, որ հերթական անգամ ընտրություններն անցել են բազմաթիվ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով. «Նախագահի ընտրություններից հետո ընդդիմության կողմից կազմակերպվեցին բազմաթիվ ցույցեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Թեև ընդհանուր առմամբ ցույցերն անցել են առանց լուրջ միջադեպերի, այնուամենայնիվ մի քանի դեպքերում արձանագրվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև»։
«2013թ. ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես էին գալիս Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ հայտարարություններով, և բոլոր քննարկումները կարծես թե գնում էին այդ ուղղությամբ, սակայն սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին։ Մեկ օրվա մեջ Հայաստանը վերջ դրեց շուրջ 3,5 տարի Ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններին։ Հայտարարությանը հաջորդեցին բողոքի ակցիաներ, ակտիվիստների ձերբակալումներ, նրանց նկատմամբ բռնությունների դեպքեր»,- նշված է զեկույցում։
Հելսինկյան կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2013թ. աչքի ընկավ հավաքների բազմազանությամբ և Ոստիկանության կողմից հավաքներն արգելելու, մասնակիցների նկատմամբ բռնություններ և վարչական տույժեր կիրառելու աննախադեպ ակտիվությամբ։ Ստեղծվեցին նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ՝ «Վճարում ենք 100 դրամ», Երևանի Կոմիտասի 5 հասցեում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների վերսկսման, Երևանի Ծածկած շուկան «Երևան սիթի» սուպերմարքեթի վերածելու դեմ և այլն. «Հավաքների ազատության խախտման գագաթնակետը դեկտեմբերի 2-ին էր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի օրը։ Այդ օրը Երևանում կազմակերպված բողոքի ակցիաների հետևանքով Ոստիկանությունը բերման ենթարկեց 110 ցուցարարների։
Արձանագրվել են դեպքեր, երբ անհայտ անձինք հարձակումներ են գործել քաղաքացիական ակտիվիստների վրա, նրանց ենթարկել են ծեծի և մարմնական վնասվածքներ պատճառել։ Մինչ օրս, սակայն, բռնություն գործադրողները չեն բացահայտվել և չեն պատժվել»։
Հելսինկյան կոմիտեն արձանագրել է, որ մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանն առաջընթաց չի ունեցել. «Այս գնահատականն ամեն տարի կրկնվում է Հայաստանին վերաբերող թե՛ տեղական, և թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Որպես կանոն՝ մարդու իրավունքների տարբեր ոլորտների զեկույցներում իրավիճակի բարելավումը կապվում է իշխանությունների քաղաքական կամքի առկայության հետ։ Դա վերաբերում է և ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդական առաքելությունների առաջարկություններին, և մասնավորապես Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկություններին, և այլ ոլորտների։ Կարելի է եզրակացնել, որ մարդու իրավունքների ասպարեզում բարեփոխումների համար անհրաժեշտ է իշխանությունների բարի կամքը։
Արդյոք այս մոտեցումը ճի՞շտ է, արդյոք ավելի կարևոր չէ՞ մարդու իրավունքների վիճակը բարելավելու համար բարեփոխումներ անել Հայաստանի քաղաքական համակարգում։ Արդյոք մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի բացակայության հիմնական պատճառն այն չէ՞, որ Հայաստանում իշխանությունների տարանջատում գոյություն չունի, երբ դե յուրե Հայաստանի դատական համակարգը կախված է մեկ մարդուց՝ հանրապետության նախագահից». սահմանադրորեն նշված է, որ «Հանրապետության Նախագահր հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 49)։ Ենթադրվում է, որ ըստ Սահմանադրության՝ հանրապետության նախագահն օժտված է լինելու «հրեշտակի կանխավարկածով» և չի ունենալու իր իշխանությունը երկարացնելու ձգտում, որևէ անձնական շահագրգռություն և այդ պայմաններում ապահովելու է նաև մարդկանց իրավունքները։
Կարծում ենք, որ Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրական բարելավում և վեկտոր ունենալու համար անհրաժեշտ են և՛ սահմանադրական, և՛ օրենսդրական բարեփոխումներ՝ իրականում տարանջատելու դատական իշխանությունը, ապահովելու տեղական ինքնակառավարման մարմինների ինքնիշխանությունը, որը խթան կհանդիսանա և՛ ժողովրդավարության, և՛ մարդու իրավունքների զարգացման ոլորտներում։ Իսկ այս պայմաններում, երբ Սահմանադրության և օրենքների շրջանակներում չկա իշխանությունների տարանջատում, իրատեսական չէ հույս դնել իշխանությունների քաղաքական բարի կամքի վրա։ Եվ քանի դեռ մի կողմից վերևից չկա այդ կամքը՝ իրական բարեփոխումներ անելու, և մյուս կողմից՝ չկա ներքևից ճնշում այդ բարեփոխումների համար, փոխարենը Հայաստանում քաղաքական պայքար գնում է միայն իշխանության լծակներին տիրանալու համար, մենք երկար ժամանակ կարձանագրենք նույն փաստը, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում էական առաջրնթաց չկա։
Եթե, անկախ այդ ամենից, գնահատենք 2013թ., ապա կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարության բնագավառում, այն է՝ ընտրություններում, որևէ առաջընթաց չկար, խաղաղ հավաքների բնագավառում մենք ունեցանք հետընթաց, չնայած միջազգային չափանիշներին համապատասխանող՝ 2011-ին ընդունված «Հավաքների ազատության մասին» օրենքին, որը, ինչպես ցույց տվեցին հատկապես դեկտեմբերի 2-ի դեպքերը, առ ոչինչ է։ Որևէ առաջրնթաց չկա նաև խոշտանգումների կանխարգելման և այլ ոլորտներում ևս։
Եվ քանի դեռ Հայաստանի իշխանությունների միակ նպատակը մնում է ցանկացած գնով իշխանությունը պահպանելը, և որևէ լուրջ բարեփոխումներ իշխանությունների տարանջատման ուղղությամբ չեն իրականացվում, մենք տարեցտարի մարդու իրավունքների բնագավառում կարձանագրենք մոտավորապես նույն պատկերը»: