Ովքե՞ր են 2013 թ-ին աշխարհում ամենաշատ գումար վաստակած անձինք. Forbes
Ամերիկացի մագնատ Շելդոն Ադելսոնը գլխավորում է 2013 թ-ին աշխարհում ամենաշատ գումար վաստակած անձանց ցուցակը: Ըստ Forbes-ի` անցնող տարում գործարարի եկամուտը կազմել է 15 մլրդ դոլար: Այսպիսով, Ադելսոնի կարողությունը տարվա ընթացքում աճել է 68%-ով: Այլ կերպ ասած` օրական նա վաստակել է մոտավորապես 41 մլն դոլար: Ադելսոնը կազինոների եւ հյուրանոցների ցանց ունի Լաս Վեգասում: Սակայն, ըստ պարբերականի, հիմնական եկամուտը նրան բերել են Մոնակոյի եւ Սինգապուրի կազինոները: Դեռ մի քանի ամիս առաջ նա ԱՄՆ ամենահարուստների ցուցակում զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը, հիմա արդեն` հինգերորդ: Նրա կարողությունը գնահատվում է 37,2 մլրդ դոլար:
Եկամուտների աճով երկրորդ տեղում է Facеbook սոցիալական ցանցի հեղինակ, 29-ամյա Մարկ Ցուկերբերգը: Այս տարի նա իր կապիտալն ավելացրել է 13,6 մլրդ դոլարով կամ 112%-ով: Ցուկերբերգի ընդհանուր եկամուտը կազմում է 25,8 մլրդ դոլար:
Եռյակը եզրափակում է Amazon օնլայն -ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, նրան հաջորդում է Berkshire Hathaway ինովացիոն հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (12,1 մլրդ կամ 25%-ով):
5-8-րդ հորիզոնականները զբաղեցնում են Walmart մանրածախ խանութների խոշորագույն ցանցի սեփականատերներ Ուոլթոնների ընտանիքի անդամները: Իններորդ տեղում Google –ի համահիմնադիր Լարի Փեյջն է, ով տարվա ընթացքում վաստակել է 9,4 մլրդ դոլար (26%): Տասնյակը եզրափակում է Microsoft –ի ղեկավար Բիլ Գեյթսը` 9,3 միլիարդով (14%):