Հիասթափեցրած ընտրություններ, ճակատագրական շրջադարձ՝ Արևմուտքից դեպի Արևելք…

Մեր զրուցակիցն է ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, քաղաքական ու տնտեսական առումով ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին:

– Ընդհանուր առումով կարևոր տարի էր, նախագահական ընտրություններ եղան, բայց դա հերթական հիասթափությունն էր բոլորի համար` նույն ձևով ընտրություն, առանց որևէ փոփոխությունների, համակարգն իր մեթոդներով կրկին կարողացավ ապահովել իր վերարտադրությունը, հանրությունը կրկին արդյունքներին չհավատաց, բայց, ցավոք, իշխանությունը նաև դրսի աջակցության շնորհիվ մնաց իր պաշտոնին և շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը, որի արդյունքում և՛ արտագաղթն է մեծանում, և՛ տնտեսությունը զարգացում չի ապրում: Վերջին խայտառակությունը գազի` ստով ու կեղծիքով պատված պատմությունն է, որի իմաստը մեկն է՝ ապահովել իշխանության վերարտադրությունը: Ու ստացվում է, որ դրա համար էլ Ռուսաստանի աջակցության կարիքն են ունեցել, որ ասեն՝ գազն էժան ենք ստանում:

Բայց իրականում ոչ ոք մեզ նվեր չի մատուցել, նորմալ տնտեսական հարաբերություններ են եղել, որի արդյունքում` ուղղակի 2 տարի գազի գնի թանկացման վճարներ չեն կատարվել, հիմա պարզվել է, որ մենք 300 մլն դոլարից ավելի պետք է վճարենք:

Կարդացեք նաև

Այսինքն՝ եթե տարին ամփոփենք, հիմնական իրադարձություններն այս կարևոր իրադարձության շուրջ են: Իհարկե, նաև սեպտեմբերի 3-ի իրադարձությունն է խիստ կարևոր, որ ՀՀ իշխանությունները 1 գիշերում մտքափոխ եղան, ու Արևմուտքի փոխարեն` գնում են դեպի Հյուսիս-արևելք: Սա էլ ցավալի իրադարձություն էր: Տնտեսական առումով Արևմուտքին կամ այդ Արևելքին գնահատական տալը բավականին բարդ է, որովհետև ոչ մի հաշվարկ չկա, ոչ մեկի ռիսկերը հաշվարկված չեն, միայն արժեքային համակարգով կարող ենք դատել, որ Մաքսային միության երկրները նույնպես` իրենց արժեհամակարգում, իրենց օրենքներով, սահմանադրությամբ, ձգտում են համամարդկային արժեքներին՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատություն, արդարադատություն:

Ամենամեծ անհանգստությունն այն է, որ եվրոպացիների հետ 4 տարի աշխատեցին, ՀՀ գործող օրենսդրական դաշտը, նորմատիվային բազան, աշխատանքային կանոնակարգերը` մաքսային, հարկային, կրթություն, գիտության, մակրոտնտեսական միջավայրի կառավարում և այլն, համապատասխանեցրին եվրոպականին, հետո, անլրջություն է, մտքափոխվեցին, ու ստացվեց, որ գնում ենք ՄՄ:

Երկրորդ մտավախությունն այն է, որ վատ իմաստով առաջամարտիկի հոգեբանությամբ պատրաստ ենք` ինչ ասեն` անենք, ու հիմա պատրաստ ենք շատ արագ տեմպերով գնալ դեպի ՄՄ, երբ հասկանալի է բոլորիս, որ ՄՄ-ի կազմում մենք մեծ խնդիրներ ենք ունենալու, որովհետև մինչ օրս ՀՀ-ի վարած քաղաքականությունը 180 աստիճանով հակառակ է ՄՄ-ի առաջարկածից: ՄՄ-ի մեջ երկիրն իր շուկաները սահմանափակում է մաքսային բարձր դրույքաչափերով, իսկ մինչ հիմա

ՀՀ-ն վարում էր ազատ շուկայական տնտեսություն, որտեղ ուշադրությունը ոչ թե մաքսային սակագներն էին, այլ որակը, որին նաև ԵՄ-ն է ուշադրություն դարձնում: Ես չգիտեմ, թե ինչ ինստիտուտներ են ավարտել մեր իշխանության ներկայացուցիչները, որ կարողանում են այսպես արագ փոխվել ու վերաձևակերպվել, որ Տիգրան Սարգսյանը կարող է սեպտեմբերի 2-ին ցանկացած միջավայրում գովերգել եվրոպական արժեքները, իսկ սեպտեմբերի 3-ի երեկոյան կարող է նույն միջավայրում խոսել ՄՄ արժեհամակարգի մասին: Սա անհանգստացնող է: Նույն ՄՄ երկրները խորհուրդ են տալիս չշտապել, օրինակ` Ղազախստանը, որին ականջալուր է Ղրղըզստանը, և երեկ հենց Ղրղըզստանի նախագահը հայտարարեց, որ իրենց չեն բավարարում ՄՄ-ի կողմից առաջարկվող պայմանները, լուրջ առարկություններ կան, որ պետք է բանակցել:

ՄՄ-ի կազմում մեզ համար մեկ այլ խնդիր է առաջանալու` Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ կապված, որի մասին ՀՀ ներկայացուցիչները չեն խոսում, իրենց հարգող մարդիկ լռում են, իսկ անտեղյակները հրապարակային անհիմն հայտարարություններ են անում: ԱՀԿ-ն հավասար պայմաններ է նախատեսում ապրանքների համար և, եթե մենք որևէ ապրանքի համար բարձր մաքսատուրք սահմանենք, կարող է տնտեսական տույժերի ենթարկվենք, որովհետև ՀՀ ներքին արտադրանքը լրացուցիչ դոտացիա է ստանում:

– Հայտարարվեց, որ ԱՀԿ-ին անդամակցության ՀՀ-ի պայմանները շատ վատն են, և նախատեսվում են նոր բանակցություններ ՄՄ կազմում:

– Պայմանները վերաբերում են արտոնություններին, որոնք, սակայն, մեզ հարկավոր չեն: Խոսքը հիմնականում վերաբերում է գյուղատնտեսությանը, բայց մենք իրականում գյուղատնտեսություն չունենք: Մենք խիստ անհանգստանում ենք, որ թուրքական կամ հարևան երկրների արտադրանքը կմտնի մեր շուկա, բայց չի լինի դա: Պետք է դու ինքդ կարողանաս երկրի ներսում մրցակցային պայմաններ ստեղծել, և ոչ թե, արհեստական արտոնություն ստանալով, մնաս նույն մակարդակին:

Հիմա ՄՄ անդամության դեպքում բացասականը հենց դա է, որ նման արտոնություն ենք ստեղծելու՝ իբր ներքին շուկան պաշտպանենք, բարձր տուրքեր սահմանենք, բայց ներքին շուկայում ի՞նչ է լինելու, ո՞ր ապրանքի որակն է բարձրանալու: ԽՍՀՄ-ի ժամանակ դա տեսել ենք` փակ շուկա էր, որտեղ ամեն ինչ որոշվում էր Մոսկվայում այնպիսի անձանց կողմից, որ տեղյակ չէին մեր պայմաններից: Մենք սովետական արտադրության ոչ կոշիկն էինք հագնում, ոչ վերարկուն, կանայք չունեին իրենց անհրաժեշտ հարդարանքի պարագաները: Հիմա իմ մտավախությունը ՄՄ-ից դա է, որ ամեն ինչ կկրկնվի, մեզ մոտ տեսականորեն չի բացառվում, որ ապրանքային դեֆիցիտ առաջանա` գինը բարձրանա, սպառումը պակասի, մրցակցություն չկա, երրորդ կողմը չի կարող մտնել շուկա: Իսկ ՄՄ կազմում որակ բարձրացնելու պահանջ ու ձգտում չի լինի` ինչ առաջարկեն, այն էլ կսպառվի:

Ներկրվող հումքը շատ կթանկանա: Մեր քաղաքացիներին ես չեմ մեղադրում, բայց գոնե գործարարները պետք է գնային վարչապետի մոտ և ասեին` ի՞նչ եք անում, արտադրության հումքի 90%-ը ներմուծվում է, ի՞նչ է լինելու դրա հետ: Խնդիր կառաջանա բեռնափոխադրումների TIR համակարգի հետ, որ Ռուսաստանը դադարեցրել է դրա հետ համագործակցել, և այլն: Այսպես շարունակ կարող ենք Ամանորի նախաշեմին մարդկանց տրամադրությունները փչացնել, բայց սա իրականություն է, և պետք է գիտակցել: Եթե գազի գինը ՄՄ կազմում մեզ համար էժան կլինի, իսկ մնացա՞ծը: Եվ անկախ նրանից, թե Ռուսաստանն ինչքանով կվաճառի գազը, պետք է հասկանալ, թե ներսում ինչու է այն կրկնակի թանկ վաճառվում սպառողներին:

Այս ինչ հիմնարկություն է, որ 200 կմ գազ բերելու համար իր վնասները պետք է ես կրեմ: Խելացի բիզնես ծրագիր պետք է կազմեր, հաշվի առներ, որ ՀՀ բնակչությունը պակասում է, գազ սպառողները պակասում են իր գնային քաղաքականության պատճառով: Օրինակ` վերցրել է 15 տ բեռ փոխադրող մեքենա, տանում է 5 տ, բայց պահանջում է վճարել 15 տոննայի համար: Մեր գազի համակարգն այսպիսին է:
ՄՄ-ից բացի, այս տարվա «ձեռքբերումներից» կարող ենք նշել տնտեսական զարգացումը, որ խոստացել էին, ու չկա, օտարերկրյա ներդրումները, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ` նախորդ տարվա համեմատ 68%-ով պակասել է և կազմում է ընդամենը 155 մլն դոլար, իսկ ընդհանուրը 32%-ով է պակասել: Դժվարանում եմ տնտեսական կյանքում ձեռքբերում ասել:

Հասարակական կյանքում հիասթափությունն ավելի է մեծացել, իշխանության նկատմամբ վստահությունը 0-ից իջել է բացասական: Վերջին պատմությունները` պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդնելու մոլուցքը, հասարակության մեջ ապագայի նկատմամբ խիստ ապատիա է առաջացրել, և դա է պատճառը, որ մարդիկ թողնում-գնում են, ու սա է ամենաանհանգստացնողը, որ մնալու համար դրական ոչ մի նշույլ չեն տեսնում:

– Տնտեսական աճի հետ կապված` ասում էին, որ 7% աճը չապահովելու դեպքում կառավարության փոփոխության հարց է դրվելու: Այժմ աճը չկա, բայց Սերժ Սարգսյանն Էկոնոմիկայի նախարարություն այցի ժամանակ մինչև տարեկան արդյունքների ամփոփումը ժամանակ տվեց կառավարությանը:

– Ես որևէ ակնկալիք չունեմ նույնիսկ կառավարության փոփոխությունից: Կառավարություն, ԱԺ և այլն, իշխանությունը միասնական է և աշխատում է ներքին կանոններով, ոչ թե Սահմանադրությամբ կամ օրենքներով, և այդ ներքին կանոնների մեջ մտնում է ցինիկ վերաբերմունք, որևիցե ձևով հաշվի չառնել հասարակական կարծիքը, մտածել միայն իրենց բիզնեսի մասին, և դրա արդյունքում` մեզ մոտ մենաշնորհայնացման աստիճանը մեծանում է, կա կոռուպցիայի աճ, գոյություն չունեցող արդարադատություն, չպաշտպանված քաղաքացի: Այս պայմաններում կառավարության փոփոխությունը լուրջ չէ: Լուրջ է միայն իշխանափոխությունը, որ այս համակարգը չվերարտադրվի:

– Սերժ Սարգսյանի այցը նախարարություններ ինչպե՞ս եք գնահատում, դա հերթական «ձեռքխփոցի՞ն» է: Ընտրություններից առաջ ատկատների մասին խոսվեց, բայց ոչ մի լուրջ հետևանք չեղավ:

– Ոչ «ձեռքխփոցի» եմ տեսնում, ոչ այլ բան: Մի կարևոր իրադարձությունը ՄՄ-ին անդամակցությունն է, որի մասին հայտարարությունից 3 ամիս է անցել, բայց որևէ լուրջ մեկնաբանություն, տեսակետ, բացատրություն չկա Սերժ Սարգսյանի կողմից: Այն, ինչ մնացածներն են ասում, դա էլ ամբողջական չէ, որովհետև իրենք չեն տիրապետում իրավիճակին:

– Իսկ Սերժ Սարգսյանը տիրապետո՞ւմ է:

– Ամեն դեպքում ինքն է գնացել Մոսկվա, հայտարարել ՄՄ-ի մասին, պատասխանատվությունը վերցրել իր վրա: Կարծում եմ, որ շատ ճակատագրական և լուրջ քայլ է կատարվում, դրա բացատրությունը պետք է տրվեր: Մնացած այցելությունները երկրորդական, երրորդական ու չորրորդական են, օրը լրացնելու հերթական միջոցառումներ: Անգամ այդ ատկատների մասին հանձնարարականները չկան, մի անգամ ասվեց, բայց ատկատների չափը մեծացավ, ու մասնակիցները շատացան: Բյուրոկրատիայի համար դա շատ վատ հետևանք է ունենում, որ ասված խոսքերը չեն կատարվում, իրենց արժեքը կորցնում են, ու մարդիկ հասկանում են, որ կարող են շարունակել ավելի սանձարձակ ձևով:

– ՄՄ-ին անդամության հետ կապված ասվում է, որ դրա արդյունքում ՀՀ-ում մենաշնորհները կպակասեն:

– Ես չեմ հավատում դրան, որովհետև ՄՄ թերություններից մեկն այն է, որ հենց այդ երկրներում կոռուպցիան ամենաբարձրն է, ավտորիտար համակարգ է բոլոր երկրներում, բռնատիրության ձգտող, որտեղ շուկայական տնտեսություն կա, բայց ազատ շուկայական հարաբերություններ չկան: Ռուսական բիզնեսների մրցակցության պայմաններին մեզ մոտ չեն դիմանա, մենաշնորհները չեն պակասի, կարող է պարզապես տեղական մենաշնորհատերերը փոխվեն ռուսականով: 3 երկրներում էլ տնտեսական դաշտում կարողանում են գոյատևել ոչ թե սեփական գիտելիքների շնորհիվ, այլ` իշխանական համակարգին մոտ լինելու: Բացառվում է, որ մենաշնորհների հարցը լուծվի:

– 2014 թվականից ի՞նչ սպասենք:

– Ոչինչ, և բյուջեն էլ է դա հուշում: Քանի դեռ այս համակարգը կա, սպասելիքներ չեն կարող լինել, թալանը շարունակվելու է, անընդհատ է լինելու: Հերթական թալանն ուղղված է լինելու այն մարդկանց խավին, ովքեր ունեն եկամուտներ, որոնք չեն վերահսկվում իշխանությունների կողմից: Պարտադիր կենսաթոշակայինի նպատակը դա է: Հակառակ դեպքում դա կլիներ կամավոր, հստակ տնտեսական մեխանիզմներով, և կկարողանայինք ընտրել` մասնակցե՞լ, թե՞ ոչ: Բայց պարզվեց, որ 2 տարի գործող կամավորին նույն Տիգրան Սարգսյանը, որ դրա ջատագովն է և առաջինը պետք է մասնակցեր, չի մասնակցում, էլ չասած Սերժ Սարգսյանի կամ մյուս իշխանավորների մասին: 2014թ. բյուջեն ոչինչ չի ասում, նույնիսկ, եթե ժամանակին դեկլարատիվ նախադասություններ կային առանձին մեծ ներդրումային ծրագրերի վերաբերյալ, այս բյուջեում չկան: Իրենք էլ են հոգնել Մեղրի հէկ-ի, ՀՀ-Իրան երկաթգծի, ԱԷԿ-ի մասին խոսելուց: Հյուսիս-հարավ ճանապարհն այնքանով կա, որքանով օտարերկրյա ներդրում է, բայց դրա հետագան չի երևում: Այսինքն, որևէ ձևով հարևանների կամ դրսի շուկաների հետ ինտեգրման որևէ ծրագիր չկա: Ներքին զարգացման հնարավորություն չկա, որովհետև քաղաքացի չկա: Քաղաքացու անձնական կուտակած գումարները բավարար չեն տնտեսության զարգացման համար: Երկար փողերի թեման` ուղղակի որպես գեղեցիկ արտահայտություն, շրջանառվում է, բայց

ՀՀ-ն դրա կարիքը չունի իմ ասածի շրջանակներում, որովհետև այդպիսի ծրագիր էլ չկա: Ասենք՝ ունեցանք մի 50 մլրդ դոլար, ի՞նչ ենք անելու, ի՞նչ արդյունավետ ծրագիր կա: ՀՀ-
Իրան երկաթգիծը մեծ հեքիաթ է` տեխնոլոգիական առումով իրականացնելը շատ դժվար է, տնտեսական առումով` նպատակահարմար չէ: Քաղաքական տեսանկյունից պետք է նախ` հարևանների հետ հարցերը լուծել: Ես 2014 թ. բյուջեի մեջ այդ ձգտումը չեմ տեսնում, որ ինտեգրվենք Հարավային Կովկաս և մի քիչ ընդլայնված այս շրջանակի մեջ: Ունենք 2 հզորագույն ներուժ ունեցող հարևան` Իրան և Թուրքիա, որոնց հնարավորությունից չենք ուզում օգտվել: Իրանն ունի բնական գազի ահռելի ռեսուրսներ, որից մեր օգտվելու հնարավորությունները շատ մեծ են, բայց չի արվում: Թուրքիայի` աշխարհում ամենազարգացած տրանսպորտային ցանցից մենք չենք օգտվում:

Երեկ Ադրբեջանը պայմանագիր կնքեց ԵՄ-ի հետ` Շահ-Դենիզից գազը Հարավային Եվրոպա հասցնելու համար 35 մլրդ են ներդնում: Մենք նման նախագծերից դուրս ենք մնում, ինչպես, օրինակ, Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում գազամուղի ու նավթամուղի ճանապարհը տնտեսական արդյունավետության առումով ՀՀ-ն էր, բայց կորցրինք դա, ու հիմա սրանից էլ ենք զրկվում: Այսինքն` հեռանկարային առումով 2014 թ. շատ մռայլ է: Միակ դրականը` աշխատավարձերի բարձրացումը, կհանգեցնի գնաճի, և կենսաթոշակառուների ու մյուս աշխատողների համար, որոնց աշխատավարձը չի բարձրանում, ծանր հետևանք կունենա: Մինչդեռ պետք էր եռամսյակային ավելի քիչ չափով` 15-ական տոկոսներով բարձրացնել:

Տեսանյութեր

Լրահոս