ՀՀ կառավարության նոր նվերը տնտեսվարողներին
Վերջին շրջանում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն այցելում են Հայաստանի տնտեսվարողներին ու ծանուցագիր և պայմանագիր ներկայացնում: Այդ գրությամբ, ինչպես մեզ հայտնեցին գործարարները, վերջիններիս պարտադրվում-առաջարկվում է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊ ընկերության հետ պայմանագիր կնքել` տնտեսվարողների հակահրդեհային համակարգն ընկերության անվտանգության համակարգին միացնելու համար: ԱԻՆ տեսուչները դա հիմնավորում են ՀՀ կառավարության որոշմամբ, ըստ որի` կառավարությունն է որոշել, որ պարտադիր պայմանագիր կնքվի նշված ընկերության հետ, որպեսզի հրդեհի դեպքում ահազանգ հնչի նաև «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ»-ում, որն էլ կապ կհաստատի հրշեջների հետ:
Ընդ որում` այդ ծառայության համար տնտեսվարողները պարտավոր են լինելու վճարել ըստ զբաղեցրած տարածքի մակերեսի` 1 քմ-ի համար` ամսական 100 դրամ:
«Չափազանց անտրամաբանական է` միայն ահազանգ ստանալու համար ամսական 100 դրամ վճարենք 1 քմ-ի համար»,- բողոքում են տնտեսվարողները` նաև նշելով, որ ԱԻՆ տեսուչները որոշակի գումարի դիմաց համաձայնում են 1 տարի հետաձգել պայմանագրերի կնքումը:
Մեզ հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը` «Արտակարգ ալիք» հ/կ հիմնադիր-նախագահ, ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, որ «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ»-ը ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրել է ծրագիր, որը ՀՀ նախագահի նստավայրը, կառավարության ու Ազգային ժողովի շենքերը, մի շարք խոշոր ընկերություններ և շատ այլ ընկերություններ ուղիղ գծով կապում է ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ. «Դա հակահրդեհային համակարգ է, որը հնարավորություն է տալիս նույնիսկ հրդեհի ամենավաղ շրջանում, ծխի, ջերմության փոքրիկ փոփոխության դեպքում, անմիջապես ճգնաժամային կառավարման կենտրոնում էկրանի վրա ահազանգ հնչեցնել, և դա լավագույն հնարավորությունն է, որ հրդեհի ծագման դեպքում հրշեջներն արագ արձագանքեն, և հրդեհը չտա այն վնասը, որ հնարավոր է բոլոր այլ դեպքերում: Սա է պատճառը, որ առաջարկվում է ընկերություններին` «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ»-ի հետ այդ պայմանագիրը կնքել»:
Ն. Գրիգորյանը նկատեց, որ «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ»-ը միակ ընկերությունը չէ, որի ծառայություններից օգտվում է ԱԻՆ-ը, բայց այս ընկերությունը նման ծառայություն մատուցող միակ ընկերությունն է, և որևէ մեկը նմանատիպ այլ ծառայություն չի էլ առաջարկել:
Ն.Գրիգորյանը հավաստիացրեց, որ տնտեսվարողները պարտավոր չեն ընկերության հետ պայմանագիր կնքել, կամավոր սկզբունքով է, թեև դա իրենց անվտանգության համար է և ցանկալի է. «Պարտադրանքի որևէ բան չկա»: