Բաժիններ՝

Քաղաքացիական շարժումն ու օրենքի գերակայության սկզբունքը

Երևանի կենտրոնական պողոտաներում արձանագրված պատկերները, հասարակություն-իրավապահ մարմիններ հարաբերության ոչ հեռանկարային իրավիճակ  են պարզում: Վերընդգծվում է քաղաքացիական առողջ շարժումների  կայացման անհրաժեշտությունը: Մանավանդ, երբ ընդդիմադիր ուժերի միավորման չկայացմամբ ստեղծված բացը լրացնելու իբրև անհրաժեշտություն դիտարկվում էին քաղաքացիական շարժման այդ դրսևորումները: Այդ շարժման որոշակի գործողությունները հանգեցրին դրական արդյունքի, երբ պետական այս կամ այն հաստատությունը պարտավորվեց առկախել իր որոշումը, երբեմն նույնիսկ բեկանել այն և հաշվի նստել ցուցարարների պահանջների հետ: Քաղաքացիական այդ շարժումները ընդհանրապես վերաբերում էին քաղաքի դիմագծի պահպանման, բնապահպանության, հանքերի ապօրինի շահագործման և հուշարձանային կառույցների պահպանման առաջադրանքներին:

Բողոքի այդ գործողությունները, մինչև վերջերս ընկալվում էին օրենքի սահմաններում. խաղաղ երթեր, բողոքներ, պահանջներ, հավաքներ, հուշագրեր: Նման պարունակում պետք է դիտարկել նաև սպա բժշկի ծեծի տակ սպանության դեմ ծավալած շարժումն ու ազատամարտիկ գյուղապետի սպանությունը բացահայտելու պահանջով կազմակերպված բողոքի ելույթների շարքը: Այս բոլորը, իրենց ցուցական տեսքով, խիստ քննադատական մոտեցումներով և պահանջատիրական անտեղիտալի կեցվածքներով համարվում էին ընդդիմադիր մշակույթի ձևավորման նախաքայլերը, միշտ ու միշտ իրավական սահմանագիծը հարգելու սկզբունքով:

Ի վերջո պահանջը օրենքի գերակայությունն է, Սահմանադրության հարգումը և օրենքի առջև համահավասարության սկզբունքի կիրառումը: Իսկ նման պահանջն ուղղված է բոլորին: Ճիշտ է, որ օրինախախտման դեպքերը պետք է վերահսկվեն իրավապահ մարմինների կողմից և արժանանան համապատասխան հակազդեցության. ճիշտ է նաև, որ օրենքի հանդեպ նման միևնույն զգայնությունը պիտի ցուցաբերի նաև քաղաքացին: Երկկողմանի այս զգայնությունը չերևաց նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում:

Նախ պետք է անմիջապես արձանագրել, որ ըմբոստության փորձը և իրավապահ մարմինների դեմ  բռնության կիրառումը կապ չունեին վերը նշված քաղաքացիական առողջ շարժման դրսևորումների հետ: Այստեղ հրահրումը ակներև էր, իբրև բողոքի մեթոդ, որ անպայման պիտի հանգեր բախման: Օգտագործված միջոցը` «անանուն-դիմակ», «հեղափոխություն» առաջացնելու կոչեր և գավազաններով զինված ներկայանալ նախանշում էին, որ այս վերջին շարժումը կազմակերպված չէր խաղաղ երթերի և օրենքի սահմաններում:

Անշուշտ առարկություն կա, որ քաղաքացիական հագուստով բողոքողների շարքերին խառնված ոստիկանների օգտագործած այս մեթոդը ևս հակաօրինական է, ինչ որ երկուստեք օրենքի խախտման երևույթներ է պարզում։

Փաստ է, որ ըմբոստության այս կոչն ու դրսևորումը ժողովրդական ընդառաջման չարժանացավ: Հայկական լրատվադաշտը հագեցած է տարաբնույթ մեկնաբանություններով: Մտահոգիչը (և ակնկալելին) այն է, որ հակառակորդի լրատվամիջոցը խանդավառությամբ ցուցադրում է ֆիզիկական ընդհարումների պատկերները: Ինչ որ թեմայի շահարկման մասին մտածելու տեղիք է տալիս։

Ձերբակալություններն անշուշտ հետևելու էին այս բոլորին: Ճիշտ է միաժամանակ նկատելը, որ նման բախումների ականատես ենք եղել ժողովրդավարության համբավ շահած երկրներում և պետք չէ ողբերգականացնել պատահարները: Անհրաժեշտ է սակայն դեպքերի զարգացման կանխարգելումը: Չի բացառվում, անշուշտ, որ նոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջներով հանդես գան ինչպես հայաստանյան, այնպես նաև միջազգային կազմակերպությունները:

Երկու տարբեր բնույթի օրինակներ տված լինելու համար, քաղաքացիական շարժման մեթոդները  ազատամարտիկ գյուղապետի սպանության բացահատման կամ  Մաշտոցի պուրակի պահպանման համար կիրառված օրինաչափություններով վերընթանալու անհրաժեշտության առջև են: Ի վերջո, իրավական պետության ստեղծման համար օրենքի գերակայությունն ու հարգումը պիտի գան ինչպես իշխանությունների կողմից, այնպես նաև հասարակությունից։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930