Թուրքիան արտադրելու է սեփական քաղաքացիական ինքնաթիռ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան արտադրելու է սեփական մարդատար ինքնաթիռ: Այդ աշխատանքներն իրականացվելու են Բուրսա քաղաքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:
Վերջինիս խոսքերով՝ թուրքական արտադրության ինքնաթիռը նախատեսված է լինելու 60-90 ուղևորի համար: Սեփական արտադրության քաղաքացիական ինքնաթիռ արտադրելու մասին ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը:
Այդ որոշումն ընդունվել է Թուրքիայի Նախարարների կաբինետի նիստում: Յըլդըրըմի խոսքերով՝ ինքնաթիռի արտադրությունը մեկնարկելու է 2023 թվականից ոչ ուշ, երբ Թուրքիայում կնշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
Հիշեցնենք, որ Թուրքիան պլանավորել է ստեղծել նաև մասնավոր երկտեղանոց թեթև ինքնաթիռներ, որոնք արժենալու են միջին դասի լյուքս ավտոմեքենաների չափ: Բացի այդ, պլանավորված է ստեղծել նաև 4 և 20 տեղանոց փոքր ինքնաթիռներ: