Արդյոք Հայաստանում կկիրառե՞ն քարաթափման և այլ վտանգներից պաշտպանող ռուսական տեխնոլոգիան (տեսանյութ, լուսանկարներ)
Քարաթափումից, հալոցքից և հեղեղումներից պաշտպանող ռուսական տեխնոլոգիան սեպտեմբերի 27-ին ներկայացվեց «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնում»: Այն ներկայացնում էր «Գեո-Բարիեր»ընկերության գլխավոր տնօրեն Տ. Գուգուշվիլին` նշելով, որ այս տեխնոլոգիան շատ վստահելի է ու փորձված, այն ներդրվել է արդեն իսկ մի շարք զարգացած երկրներում` Ֆրանսիայում, Իտալիայում…, նաև Ռուսաստանում:
«Իրականում սկզբում մեզ համար չափազանց դժվար էր համոզել այն Ռուսաստանում ներդնելու համար, քանի որ շատ-շատերն էին կարծում, որ ժամանակ է պետք այս տեխնոլոգիային վստահելու և դրա համար գումարներ հատկացնելու համար, քանի որ այն վստահելի ու ամուր պաշտպանություն ապահովվելուց բացի` նաև որոշակի գումարներ է պահանջում»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը: Նրա խոսքով` նոր տեխնոլոգիան կարող է պահել մինչև մի քանի հազար տոննա ծանրություն, և այն կարևոր է հատկապես ժայռերից թափվող քարերից պաշտպանվելու համար, որոնք, ցավոք, հաճախ դժբախտ պատահարների են հանգեցնում:
1 քմ-ի գինը նոր տեխնոլոգիայի (հատուկ պողպատներից կառուցված համակարգի) միջինացված արժեքը կազմում է մոտ 50-100.000 դրամ:
Հայաստանի տարբեր վայրերում առկա ժայռերից թափվող քարերի վտանգը, որի մասին բազմիցս բարձրաձայնել են նաև մասնագետները: Որքանո՞վ է իրատեսական այս նոր տեխնոլոգիայի ներդրում մեր երկրում և ի՞նչ լուծումներ են գտնում Հայաստանում այս խնդրի համար: Այս հարցերը 168.am-ը փորձել է պարզել մասնագետից:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տեխնոլոգիան կիրառում են զարգացած երկրներում, սակայն Հայաստանում դրա կիրառման ամբողջ խնդիրը կայանում է գնի մեջ, իսկ այն բավական թանկ է մեզ համար: Հ.Քոչինյանի խոսքով` քարաթափման խնդիրը բոլորս էլ զգում ենք, բայց հաճախ այն վերացնելու համար արդեն հարց է առաջանում` արդյոք ֆինանսական միջոցները բավարա՞ր են այժմ այդ խնդիրները լուծելու համար:
Ըստ մասնագետի` պատահում է, որ տվյալ պահին ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով ստիպված են լինում հետագայում ավելի մեծ ծախսեր կատարել` այդ ամենի հետևանքները վերացնելու համար, իսկ երբ հարցը վերաբերում է արդեն մարդկային կյանքին, իհարկե, ոչինչ չես փոխի:
«Ներկա պահին ես ավելի շատ հակված եմ, որպեսզի մենք փորձենք այսպես` մանր քարաթափման դեմ լուրջ պայքար մղել, խոսքը` 30 -50 կիլոգրամանոց քարերի մասին է, իսկ դրանք քանակական առումով նաև շատ են լինում Հայաստանում և հատկապես գարնան ձնհալից անմիջապես հետո, երբ հողը, այսպես ասած, փափկում է, իսկ քարերին պահող հենարանները ձյան հալոցքը տանում է իր հետ: Ներկա պահին սովորական մետաղական ցանցերը ևս կիրառվում են, թեև դրանք կարճ ժամանակահատվածով կարող են պաշտպանել առկա վտանգներից: Իհարկե, եթե մեծ գումարներ ունենայինք` կարելի էր նման տեխնոլոգիաներ կիրառել մեր երկրում, սակայն ներկայիս պայմաններում, կարծում եմ, անգամ այս կարճաժամկետ միջոցները ևս կարող են օգնել»,- ասաց Հ. Քոչինյանը:
Ինչ վերաբերում է հսկայական ժայռաբեկորների թափմանը, ապա, ըստ մասնագետի` Հայաստանում այդ խոշոր քարաթափումներից խուսափելու համար հատուկ պայթյուններ են կազմակերպվում:
«Կարծում եմ, որ հեռանկարային ծրագրային խնդիրների մշակման ժամանակ նման տեխնոլոգիաները պետք է պարտադիր հաշվի առնել, քանի որ հաճախ դժբախտություններն ուղղակի անկարելի է կանխագուշակել»,- ասաց Հ.Քոչինյանը: