Բաժիններ՝

Ներազգային համաձայնություն՝ Սևրի հիման վրա սահմանագծված Հայաստանի իրավատիրության շուրջ

Ոչ շատ հեռու անցյալում, ընդամենը հինգ-վեց տարի առաջ, Սևի դաշնագրի և հատկապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին հոդված գրողները նկատվում էին առավելապաշտներ, ամբոխահաճոյական նպատակներով շարժվողներ, ասպարեզականներ նույնիսկ (կարիերիստ իմաստով):

Իրավագիտական քննարկումը Սևրի և Վիլսոնյան վճռի անբեկանելիության մասին մասնագիտական ոլորտի խնդիր է: Նշենք պարզապես, որ իրավարար վճիռների պարտադիր էությունը  հիմնովին տարբերվում է երկկողմ պայմանագրային համաձայնությունների դեպքերից, որտեղ որեւէ կողմի հետագա անհամաձայնությունն անվավեր է դարձնում կնքված փաստաթուղթը: Այստեղ, առնչված կողմերը պարզապես կատարում են իրավարարի վճիռը, առանց լիազորություն ունենալու որոշման գործընթացի դերակատար լինելու և մանավանդ առանց այդ վճիռը բեկանելու իրավական հիմք ունենալու:

Ավելի կենտրոնանանք խնդրի ներկայացրած քաղաքական կարեւորության վրա: Սևրի հիման վրա Վիլսոնի իրավարարության 90-ամյակի առիթով նախագահ Սարգսյանը կատարեց աննախադեպ հայտարարություն` ընդգծելով, որ Սևրը պահպանում է իր այժմեական եւ ԻՐԱՎԱԿԱՆ նշանակությունը (ընդգծումը` մերն է): Այս հայտարարության նախօրյակին նախագահի կողմից Վիլսոնի շիրիմին այցելությունն ինքնին քաղաքական գործողություն էր, որ բնականաբար ինչպես արտաքին, այնպես նաև ներքին հստակ ուղերձներ էր բովանդակում:

Հայ քաղաքական միտքն ակնկալված լուսարձակները չբացեց այս հայտարարության վրա: Հասկանալի էր, որ Անկարան խնամքով անուշադրության մատնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած այս հայտարարությունը, որ փաստորեն պետական մակարդակի վրա տարածքային պահանջատիրության ամրագրմանը համազոր հայտարարություն էր: Այլ հարց է, անշուշտ, որ նման հայտարարությունը  հիմնովին հակասում էր Երևան-Անկարա արձանագրություններին, այնտեղ ծվարած թուրքական նախապայմաններին` ուղղակի-անուղղակի ընդունելության հայկական կողմից, բայց մանավանդ հուշում էր, որ նման հայտարարություն կատարողը խորքի մեջ պետք է անվավերականացնի նույնինքն արձանագրությունները:

Սևրի իրավական և այժմեական նշանակությունը ընդգծող նախագահի հայտարարությունը փաստորեն ուղենշային հանգամանք ստացավ: Այնուհետև, Հայաստանի պետական կարեւորագույն ամբիոններից հնչեցին «Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացում», կամ «հայ ժողովրդի պատմական բոլոր իրավունքների վերականգնում» առաջադրանքային բառակապակցությունները: Այստեղ արդեն եթե մի կողմից նկատվում էր հատուցման պահանջատիրության պետական աշխատանքների մեկնարկային մոտեցում, մյուս կողմից հատկապես սփյուռքյան շրջանակների հայացքներից աննկատ չէր անցնում, տարածքային կամ հողային պահանջատիրության ասելու ձևի բացակայությունը` պետական համապատասխան հաստատությունների եւ հանձնաժողովների  հայտարարություններում: Թեև սկզբունքն ու առաջադրանքը հստակ էին և բառերի օգտագործման կամ օգտագործումից խուսափման միտումները առավելապաշտ ձեւով ընկալելն ու բառերին կառչելու երբեմն լուռ, երբեմն բարձրաձայն պահանջները հետզհետե երկրորդական նշանակություն են ունենում: Ի վերջո այն, ինչ որ կարելի էր հասարակական մակարդակով արտահայտել, բնականաբար բառային  հարազատությամբ կարող էր չարտացոլվեր պետական բնագրերում։ Պարզ էր, որ ասելու տարբեր ձեւերով միեւնույն նպատակի մասին էր խոսվում համակողմանիորեն: Ի վերջո, ի՞նչ էր նշանակում Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը կամ հայ ժողովրդի բոլոր իրավունքների վերականգնումը: Այս արդեն համապարփակություն էր ընդգծում եւ վերաբերում ոչ միայն տարածքային կամ հողային խնդրին, այլ նաև եկեղեցականին, անհատականին, վնասների հատուցման բոլոր ենթաբաժիններին:

Իհարկե, արտաքին քաղաքական ներշնչումն իր որոշադրիչ ազդեցությունն է ունենում Անկարայի նկատմամբ Երևանի կատարած հայտարարությունների թե՛ բովանդակության, թե՛ շեշտադրումների, թե՛ դրանց հաճախակիության և թե՛ անուղղակիից ուղղակիին անցման վրա: Եվ այս դեպքում նկատի են առնվում, անշուշտ, Թեհրան-Անկարա կամ ավելի շատ Մոսկվա-Անկարա հարաբերությունների վայրիվերումները կամ քաղաքական պահերի լարված հանգամանքները:

Ուղենշային այս հայտարարություններն ավելի առարկայացան և տարածքային պահանջը մասնակի դարձավ, երբ հայ իրավագետների վերջին համաժողովին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը սեւով սպիտակի հստակությամբ Հայաստանի Հանրապետությունը նկատեց իրավատեր իր կորցրած տարածքները Թուրքիայից վերատիրանալու: Այստեղ արդեն բառերի խուսանավման ո՛չ տեղ կար, ո՛չ էլ միտում, հայտնաբար: Ընդհակառակը, թեև «իր խորին համոզմամբ» նախաբանային հստակեցմամբ, ընդհանուր դատախազը բարձրացրեց տարածքային պահանջատիրության ազդանշանը:

Թվում է, որ այս հարցը տարբեր առիթների պիտի վերարծարծվի: Իսկ այս մեկը չի կարող զուտ ներքին սպառման համար լինել: Ի վերջո հատուցման թղթածրարի պատրաստության և այդ թղթածրարի միջազգայնացման պահանջները ևս սկսվել են ընդգծվել պետական մակարդակների վրա, ինչը որ նշանակում է, որ Ցեղասպանության 100-ամյակը Հայ դատի կամ համազգային պահանջատիրության իրավականացման շրջադարձին վերածելու պետական միտում գոյություն ունի:

Այստեղ անշուշտ ուժի տեսությունը և մանավանդ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը ինքզինք զգալի  է դարձնում` հիշեցնելով, որ հայկական կողմը Սևրով և իրավարար վճռով իրավական հարթության վրա նվաճել է բարձրակետ, որը սակայն առարկայացած չէ` աշխարհաքաղաքական պայմանների կտրուկ փոփոխման պատճառներով:

Իսկ աշխարհաքաղաքական պայմանների մասին մտածելու պահին անպայման պետք է վերհիշել Միացյալ Նահանգների օրվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Անկարայում կատարած հայտարարությունը, որ «մենք դեպի ծով ելք պարտական ենք Հայաստանին» և ինչու չէ նաև ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի հրապարակած կանխատեսումները առաջիկա քսան տարվա համար, որտեղ հստակորեն խոսվում էր Թուրքիայի մասնատման տեսանելիության մասին:

Այս բոլորը Սեւրի առիթով հիշելը շեշտում է Սևրի շուրջ նախ ներազգային համախոհության կայացման անհրաժեշտությունը: Ճիշտ է, իրավական կատարյալ թղթածրարի պատրաստության առաջնահերթությունը սկսվել է արդար ակնկալությամբ մրճահարվել համակողմանիորեն: Մինչ այդ սակայն, վերջ պետք է տալ նաև անհեթեթ այն հարցին, որ մենք հայերս տակավին չգիտենք, թե ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից։ Իրավական հիմունքով, միջազգային օրենքների եւ օրինաչափությունների նկատառումով շատ բան ունենք պահանջելու Անկարայից: Եկեղեցիներ, վանքեր, եկեղեցապատկան կալվածքներ, անհատական կալվածքներ, վնասների հատուցումներ, արյան գին, եւ մասամբ նորին: Տարածքները սակայն գիտենք: Սեւրի հիման վրա Վիլսոնյան Հայաստանի սահմանագծած Հայաստանն է: Իսկ Սևրը պահում է, այո՛, իր այժմեական եւ իրավական նշանակությունը: Հայաստանի Հանրապետությունն էլ, այո՛ իրավատերն է իր կորցրած տարածքները վերադարձնելու հարցին:

Սևրով և Վիլսոնյան վճռով առաջադրված ամբողջական Հայաստանի սահմանների պահանջի  շուրջ ներազգային համաձայնությունը Սևւրը կվերածի Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի Հանրապետության հզորացման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության առաջադրանքներին առընթեր համազգային համաձայնեցված չորրորդ նպատակի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախօրյակին:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս