Լիբանանը չի ստորագրի որևէ համաձայնագիր՝ առանց իսրայելական ուժերի լիակատար դուրսբերման
Լիբանանը չի կարող ստորագրել որևէ համաձայնագիր, որը չի ներառում իսրայելական ուժերի լիակատար դուրսբերում երկրի տարածքից։ Այս մասին ապրիլի 23-ին Փարիզում Washington Post-ի հետ հարցազրույցում հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։
«Մենք չենք կարող ապրել իսրայելական ներկայությամբ, այսպես կոչված, բուֆերային գոտում, ուր լիբանանցի տեղահանվածներին թույլ չի տրվում վերադառնալ, որտեղ ավերված գյուղերն ու քաղաքները չեն կարող վերակառուցվել», – ասել է նա։
«Մենք մտնում ենք այս բանակցությունների մեջ՝ համոզված լինելով, որ ԱՄՆ-ն այն կողմն է, որը կարող է լծակներ ունենալ Իսրայելի վրա: Նրա դերը կարևոր էր հրադադարի հասնելու գործում, և մենք հույս ունենք, որ նա կշարունակի օգտագործել իր լծակներն Իսրայելի վրա», – հավելել է վարչապետը։
Ինչ վերբերում է «Հեզբոլլահ»-ի զինաթափմանը, որն Իսրայելի և Արևմուտքի հիմնական պահանջներից մեկն է, Սալամն ասել է, որ դա գործընթաց է, այլ ոչ թե մեկ գիշերվա իրադարձություն: Նա հավելել է, որ Լիբանանը զիջումների չի գնում՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելով։
«Ես չգիտեմ, թե ինչի կարող ենք հասնել բանակցությունների միջոցով, բայց գիտեմ, թե ինչ ենք ուզում», – ընդգծել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նավաֆ Սալամը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը վերահաստատել է իր աջակցությունն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ռեժիմին։



