«Եթե ՀՀ իշխանությունը 2020 թվականին թույլ չտար կատարվեր այն, ինչ եղավ, այսօր այս վիճակում չէինք լինի». Աշոտ Հարությունյան
1915 թվականին Արևմտյան Հայաստանում հայության դեմ իրականացված ցեղասպանության մասին խոսելիս, Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանը նշեց՝ զուգահեռ պետք է խոսվի նաև դրան հաջորդած ցեղասպանական գործողությունների մասին, որոնք տեղի ունեցան թե՛ Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում, թե՛ այսօր օկուպացված Արցախում։
Նրա խոսքով՝ ժամանակին հայերն ադրբեջանցիներին համարելով հարևան ազգ, ընդունեցին իրենց հարկի տակ՝ Արցախում, տեղ տվեցին, նրանք էլ որպես քոչվորներ՝ մի լոգարանի չափով տուն են սարքել, մնացել ու բազմացել։ Վերջում էլ ոտքի են կանգնել ու հայտարարել, թե այդ ամենն իրենց հողն է։
«Ոտքի կանգնելուց հետո հայտարարեցին, թե՝ այս սարքն իմն է, այս ծառն իմն է, մենք չպետք է թույլ տայինք, որպեսզի քոչվորը գար ու տնավորվեր մեր հայրենիքում։
Հայության դեմ ցեղասպանությունը սկսվել է 1894 թվականից՝ Համիդյան ժամանակաշրջանից սկսած, բայց դրանք որևէ պատշաճ գնահատական չստացան, դրա հետևանքն էլ եղավ 1915 թվականի մեծ ցեղասպանությունը, կրկին գնահատական չստացավ, ու ամեն ինչ շարունակվեց մինչև 1923 թվականը՝ քեմալիստների կողմից։
Մինչև հիմա այս ցեղասպանություններին զոհ գնացած անձանց տարբեր թվեր են հիշատակվում, մոտավորապես 5 մլն հայ է կոտորվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը։
Այս ողջ գործընթացներին հետևեցին արդեն Ադրբեջանում հայաբնակ բոլոր շրջաններում հայերի դեմ իրականացված կոտորածները: Պատմաբանի դիտարկմամբ՝ այդ ամենից հետո Ադրբեջանի դեմ պետք է սկսվեր մեծ դատական գործընթաց, սակայն Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո, երբ Ադրբեջանի ոգին կոտրվեց, դատական գործընթացների մասին հայկական կողմը կարծես թե մոռացավ։
«Ադրբեջանն Արցախի առաջին ազատամարտում հասկացավ, որ եթե հայի «համբերության բաժակը լցվեց», պատասխանը շատ դաժան ձևով է տալու։ Բայց դրան արդեն հաջորդեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որով տարբեր միջոցներով կարողացան զավթել Արցախը, դա էլ նրանց հնարավորություն տվեց 2023 թվականին գրավել Արցախն ամբողջությամբ, իսկ արցախահայերին բռնի տեղահանել։ Սա ՄԱԿ-ի Կոնվենցիայով բացահայտ ցեղասպանություն է։ Ակնկալել, որ այս ամենի հետ կապված՝ ՀՀ պետական մակարդակով կարող է որևէ գործընթաց սկսվել, անիրատեսական է, երեխայական միամտություն։
«Արևմտյան Հայաստան» կազմակերպության կողմից դատական գործընթացներ են սկսվել Ադրբեջանի դեմ՝ արդեն 4 տարի է՝ մի քանի պահանջներ են ներկայացվել, որ Ադրբեջանը դուրս բերի իր զորքն Արցախի տարածքից, արցախահայերի ապահով վերադարձ, որից հետո էլ արդեն քննարկել մյուս հարցերը։ Չեմ ուզում շատ մանրամասնել, բայց դրական դինամիկա եմ նկատում։ Ցավոք, Ադրբեջանի վայրագությունների դեմ բողոքները պետական մակարդակով չեն իրականացվում»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։
Պատմաբանը ցավով նաև արձանագրում է, որ նույնիսկ 21-րդ դարում հայությունը «ֆիդայություն» է անում՝ իր գոյությունը պահպանելու համար, այն դեպքում, երբ կա պետություն, պետականություն, սակայն այդ պետության ղեկավարությունը որևէ բան չի անում։
«Այսօր Հայաստանի դեմ աշխատում է մի ամբողջ պետական ապարատ՝ իհարկե տեսնում ենք Ադրբեջանին, բայց դա միայն Ադրբեջանը չէ։ Իսկ Հայաստանում այս ամենի դեմ պայքարում են ոչ թե պետական, այլ անհատների մակարդակով։
Եթե ՀՀ իշխանությունը 2020 թվականին թույլ չտար՝ կատարվեր այն, ինչ եղավ, այսօր այս վիճակում չէինք լինի։ Մենք այսօր ավելի դժվար իրադրությունում ենք, քան 2020 թվականին էինք, պետք է լրջորեն մտածենք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու։ Առանց նորմալ առաջնորդի՝ մենք այս ամենից դուրս գալ չենք կարող»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։



