Լիպարիտյանի՝ «հանցագործության մասին հաղորդումը»՝ ՀՀ նախկին նախագահների դեմ
Նոյեմբերի 20-ին CivilNet-ի հետ հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական, պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքն ավելի շատ կախված է Ադրբեջանից, քան Հայաստանից:
«ՀՀ իշխանությունը պատրաստ է ստորագրել, սակայն Ալիևը պատրաստ չէ: Հարց է՝ ինչո՞ւ: Այդ պայմանագիրը պատրաստ էր մոտավորապես 1.5 տարի առաջ, անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրությունը եղավ: Ալիևն այդ նախաստորագրությունը «ծախեց» Սպիտակ տան կողմից ընդունվելու համար՝ քաղաքականապես լեգիտիմացվելու համար»,- շեշտել է նա՝ հիշեցնելով, որ Ալիևը Բայդենի վարչակազմի կողմից քննադատվում էր, իսկ հիմա խիստ քննադատությունները դադարեցված են:
Այնուհետև Լիպարիտյանը շարունակել է, թե դրանից հետո Ալիևը փորձել է ժամանակ շահել՝ տեսնելու, թե հայկական կողմն ինչ է խոսում և ինչպես է գործում:
«Մենք երբեմն մոռանում ենք, որ այն դիրքորոշումները, այն խոսույթները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան են ներկայացնում, մասամբ կախված են այն բանից, թե մենք ինչ ենք ասում և անում: Օրինակ, 1990-ականներին՝ պատերազմի ժամանակ, մենք մոտ 600.000 ազերի բնակչություն ենք տեղահան արել, որը չենք ուզում հիշել: Դրա հետևանքն Ադրբեջանի ժողովրդի և ղեկավարության վրա հսկայական էր: Արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ, դա երկրորդ հարցն է: Բայց մենք արեցինք դա: Գիտեք, դա շատ-շատ մեծ ազդեցություն ունի մինչև հիմա: Մենք 25 տարի նվաստացրել ենք այդ ժողովրդին: Ինչեր ասեցինք նրանց մասին, ինչ արեցինք այդ տարածքներում: Որքան մենք մեր տրամաբանությունն ունենք, այնքան էլ՝ իրենք: Իսկ իրենց տրամաբանությունը մեր արածներից է կախված, ինչպես իրենց արածները մեր տրամաբանության մեջ գործ ունեն: Բայց, եթե լուրջ ենք ուզում քննարկել, պիտի նայենք, թե ինչ պատճառներ կարող են ունենալ Ալիևի ներկա խոսույթը և դանդաղ շարժվելը»,- պնդել է Հայաստանի Առաջին նախագահի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական աշխատած Լիպարիտյանը:
Պատմաբան և դիվանագետ ներկայացող այս անձը մոռանում է Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, մոռանում է մինչև Արցախի հայաթափումը Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին՝ Ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, ՀՀ ինքնիշխան տարածքում 2022 թ. սեպտեմբերյան մարտերի ժամանակ, երբ առնվազն Ապրիլյան պատերազմին առնչվող համապատասխան արձանագրում կա ՄԻԵԴ-ից: Սա՝ առաջին:
Երկրորդ, Ժիրայր Լիպարիտյանը, ըստ էության, կրկնում է Ալիևի վերջին տարիների թեզը, թե առաջին պատերազմի տարիներին հայկական կողմի պատճառով մոտ 1 միլիոն ադրբեջանցի փախստական են ունեցել՝ ներառյալ Հայաստանից գնացածները: Բայց նույն Լիպարիտյանը չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ է Ալիևին հաջողվել 3-6 տարվա ընթացքում վերաբնակեցնել մոտ 90.000 մարդու: Իսկ գուցե, ըստ Լիպարիտյանի՝ այս դեպքո՞ւմ էլ է Հայաստանը մեղավոր:
Չէ՞ որ Ալիևը վերաբնակեցման դանդաղ տեմպերի պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա՝ հիշեցնելով ականապատ տարածքների, «ոչնչացված» գյուղերի, քաղաքների, ենթակառուցվածքների, անտառների և մզկիթների մասին: Իսկ միգուցե Ժիրայր Լիպարիտյանը միանա նաև ալիևյան «արևմտյան Ադրբեջան» պետական քաղաքական պահանջագրի՞ն, որով տարածքային պահանջներ կան ՀՀ-ի նկատմամբ: Չի բացառվում:
Հատկապես, երբ նա, ըստ էության, միանում է Ալիևի՝ ադրբեջանցի ժողովրդից ներողություն խնդրելու պահանջին, երբ շեշտում է, թե՝ «մենք 25 տարի նվաստացրել ենք այդ ժողովրդին»:
Իսկ երբ նշում է, թե 25 տարի «ինչեր ասեցինք նրանց մասին, և ինչ արեցինք այդ տարածքներում», սրանով էլ Ժիրայր Լիպարիտյանն իր համաձայնությունն է տալիս Ալիևի այն պնդմանը, որ Հայաստանը մոտ 30 տարի ոչ միայն ոչնչացրել է «Ադրբեջանի տարածքում» գտնվող գյուղերը, ենթակառուցվածքները, մզկիթներն ու անտառները, այլև՝ անօրինական կերպով օգտվել է նրանց հանքարդյունաբերական բարիքներից, ինչը կոնկրետ պատասխանատվություն է ենթադրում, փոխհատուցման պահանջ:
Այս համատեքստում հիշեցնենք, որ վերջերս Ալիևը և նրա օգնական Հիքմեթ Հաջիևն էին հայտարարել, թե մոտ երեք տասնամյակ Հայաստանը նվաստացրել է ադրբեջանցի ժողովրդին, ուստի պետք է ներողություն խնդրի:
«Յուրաքանչյուր ադրբեջանցի, հատկապես նա, ով վտարվել է իր հողից, 30 տարի ապրել է որպես փախստական կամ հարկադիր տեղահանված, ենթարկվել էթնիկ զտման, հայկական կողմից ներողություն է ակնկալում:- մասնավորապես, մոտ 2 ամիս առաջ հայտարարել էր Հաջիևը և հավելել,- Դա պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և խաղաղաշինության ավելի լայն գործընթացի մաս»:
Այսինքն, Հայաստանի Առաջին նախագահի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական աշխատած Լիպարիտյանը միանգամայն լեգիտիմ է համարում Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջը՝ ուղղված ՀՀ նախկին երեք նախագահներին, որ նրանք «ռազմական հանցագործ» են, «ցեղասպան», և պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Այստեղ հարկ է հավելել, որ մի քանի տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորել էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հղում անելով 1993 թվականին «Երկրապահ» կամավորականների միության առաջին համագումարում նրա ելույթին՝ փորձելով ցույց տալ, թե ՀՀ նախկին իշխանությունները վարել են «օկուպացիոն քաղաքականություն» և խորքային ատելություն են ունեցել ադրբեջանցիների հանդեպ, այսինքն՝ տառապել են «ռասիզմով»:
Հատկապես ադրբեջանական կողմը նկատի ունի ելույթի այն հատվածը, որտեղ Տեր-Պետրոսյանն ասում է, որ իրենց քաղաքական շարժման և դրա ռազմական թևի շնորհիվ «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը լուծեցին մի խնդիր, որը 600 տարի հայ ժողովուրդը չէր կարողացել լուծել, Հայաստանն ու Արցախը լիովին մաքրվեցին այլազգիներից», այնուհետև Տեր-Պետրոսյանը շարունակում է՝ «եթե այսօր ՀՀ-ում 170.000 այլազգի ապրեր, մենք պետություն չէինք ունենա»:
Այսինքն, ՀՀ առաջին նախագահը խոսում է այն իրական ռիսկերի մասին, որին կարող ենք բախվել արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եթե Հայաստան վերադառնա 300.000 ադրբեջանցի:
Բայց խնդիրն այն է, որ վերջին շրջանում մի քանի անգամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի վրա է բարդել 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը, որի համատեքստում Հայաստանը մեղադրվում է նաև «Գյանջայի դեպքերի» և «Բարդայի դեպքերի» համար, որտեղ իբր ՀՀ տարածքից հրթիռային հարվածներ են հասցվել խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ:
Ավելին, Ալիևը հայտարարել է, որ «2020 թվականին Հայաստանը երկու ռազմական «սադրանք» է իրականացրել՝ հուլիսին և օգոստոսին, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել, և հենց այդտեղ ադրբեջանցի ժողովրդի համբերությունը հատեց և եկավ հատուցման ժամանակը»: Արդյո՞ք Ալիևն ինչ-որ պահի կոնկրետ պատասխանատվություն կպահանջի հենց Նիկոլ Փաշինյանի համար, իսկ գուցե նաև դրանո՞վ է վախեցրել այս տարիներին: Հնարավոր է:
Վերադառնալով Ժիրայր Լիպարիտյանին՝ հիշեցնենք, որ 6 տարի առաջ 168.am-ը բացառիկ փաստաթղթեր էր հրապարակել: ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի համաձայն՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:
Իսկ 44-օրյա պատերազմից հետո էլ Ժիրայր Լիպարիտյանը բանակի հետ կապված էր առաջարկներ արել: Մասնավորապես, 2021 թվականի հուլիսին թողարկվել էր «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները», որի հեղինակներն են Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ), Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն) և Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս):
2022 թվականի փետրվարին պրոֆեսիոնալ բանակի ստեղծման կամ կանոնավոր բանակի վերացման համատեքստում այս վերլուծության որոշ հատվածների անդրադարձել ենք։
«Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ 3 բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչև 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է և կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար»,- նշված է «Սպիտակ թղթում»:
Իսկ CivilNet-ի հետ հարցազրույցում պատմաբան Լիպարիտյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայոց ցեղասպանության հարցին:
«Մեր անկախության ընթացքում բոլոր վեճերը կապված էին Թուրքիայի հետ: Եվ խնդիրը միայն պատմական ցեղասպանությունը չէ, այլ՝ ինչպես օգտագործել ցեղասպանությունն անկախության դեմ: Սա էր հարցը: Մենք չենք կարող անկախանալ, որովհետև հաջորդ օրը պիտի գան և մեզ ջարդեն: Բառացի եմ ասում մտավախությունը: Բայց երբ սա բացատրել եմ թուրք դիվանագետներին, իրենք զարմացած էին՝ «մենք ի՞նչ գործ ունենք ՀՀ անկախության հետ»: Մարդիկ այսօր ասում են՝ ցեղասպանություն, որը կապվում է այսօր մեր անկախության, անվտանգության հետ, ես չեմ տեսել որևէ փաստ, փաստաթուղթ, գործընթաց, որ կարդարացնի նման մոտեցումը: Մարդիկ գնացել Թուրքիայի ռազմական ուժերի շտաբի մեջ փաստաթղթե՞ր են տեսել»,- ասել է նա:
Եթե ընդունենք, որ այսօր նման վտանգ չկա, բայց փաստ է 2020թ. 44-օրյա պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությունը՝ ռազմական օպերացիաների պլանավորումից մինչև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի կառավարում: Ժիրայր Լիպարիտյանը բաց ապացույցնե՞ր էլ չի տեսել այս մասին: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը Հայաստանը դեմ չի եղել, և անձամբ է նախաձեռնել՝ առանց նախապայմանների, Թուրքիան է, որ նախապայման է դրել և ձախողել գործընթացը: Դիվանագետ Լիպարիտյանը պետք է, որ այս մասին ևս տեղյակ լինի: Իհարկե, Թուրքիայի կողմից Բաքվին առնչվող նախապայմանի փաստը նա չի ժխտում, բայցև նշում է, որ եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված բոլոր մտահոգություններին նայենք և լուծումներ չգտնենք, մի օր կմնանք մի փոքր տարածք և կհանձնվենք Ռուսաստանին:
Ստացվում է՝ Լիպարիտյանը Հայաստանի անվտանգությանն առնչվող ռիսկերը դիտարկում է հիմնականում այն տեսանկյունից, թե ինչպես չսրել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մինչդեռ այդ երկրների գործողություններից բխող սպառնալիքների, ռազմական ագրեսիայի և տարածքային հավակնությունների մասին խոսելիս ակնհայտորեն այլ չափանիշներ է կիրառում։ Իսկ եթե խաղաղության հասնելու ճանապարհին հայկական կողմը պետք է ոչ միայն հաշվի առնի, այլև ըստ էության ընդունի Բաքվի պատմաքաղաքական թեզերը, ապա հարց է առաջանում՝ այդ խաղաղությունն ի՞նչ գին է ունենալու Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետական շահերի համար։

