ՔՊ-ի գաղափարական տրանսֆորմացիան և Ադրբեջանի՝ հակառակորդին ոչնչացնելու մարտավարությունը

Մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հղում անելով 1993 թվականին «Երկրապահ» կամավորականների միության առաջին համագումարում նրա ելույթին՝ փորձելով ցույց տալ, թե ՀՀ նախկին իշխանությունները վարել են «օկուպացիոն քաղաքականություն» և խորքային ատելություն են ունեցել ադրբեջանցիների հանդեպ, այսինքն՝ տառապել են «ռասիզմով»:

Հատկապես ադրբեջանական կողմը նկատի ունի ելույթի այն հատվածը, որտեղ Տեր-Պետրոսյանն ասում է, որ իրենց քաղաքական շարժման և դրա ռազմական թևի շնորհիվ «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը լուծեցին մի խնդիր, որը 600 տարի հայ ժողովուրդը չէր կարողացել լուծել, Հայաստանն ու Արցախը լիովին մաքրվեցին այլազգիներից», այնուհետև Տեր-Պետրոսյանը շարունակում է՝ «եթե այսօր ՀՀ-ում 170.000 այլազգի ապրեր, մենք պետություն չէինք ունենա»:

Այսինքն, ՀՀ առաջին նախագահը խոսում է այն իրական ռիսկերի մասին, որին կարող ենք բախվել արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եթե Հայաստան վերադառնա 300.000 ադրբեջանցի:

Մյուս կողմից, ՀՀ առաջին նախագահն այստեղ շեշտն առաջին հերթին դնում է անկախ պետություն ունենալու վրա, ոչ թե այլ ազգերի հանդեպ ատելության:

Կարդացեք նաև

Շատ հետաքրքիր է, որ Տեր-Պետրոսյանի այս ելույթը սոցիալական ցանցում շրջանառվեց այն օրերին, երբ Ադրբեջանի նախագահը պահանջում է Փաշինյանից հանդիպել «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հետ, ավելին՝ երբ Ալիևը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

Եվ այս պայմաններում, երբ Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ նախկին նախագահներին, երբ Հայաստանին մեղադրում է «ռևանշիզմի» մեջ, այդ թվում՝ Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության շինծու մեղադրանքներով դատավարության շրջանակում, որն անվանում են «պատմական» կամ հանուն «պատմական արդարության վերականգնման», Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարում է, թե «Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից չենք նկատել», որ ՀՀ-ում կա ընդամենը մեկ կուսակցություն, և այդ կուսակցությունը ՀՅԴ-ն է։ Այսինքն, ըստ նրա, ֆորմալ եղել են այլ կուսակցություններ ևս, բայց իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն։

«Այսինքն՝ Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Հարց է ծագում՝ բա ինչո՞ւ մենք բոլորս չենք գնացել և անդամագրվել ՀՅԴ-ին։ Ամենատարբեր պատճառներով՝ ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իրական դաշնակցականները, ՔՊ-ին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականները»,- շեշտել է նա՝ շատ լավ հասկանալով, թե դաշնակցական գաղափարախոսության վերաբերյալ ինչ թեզեր է գեներացնում Ադրբեջանը, նաև տեղյակ լինելով ՀՀ առաջին նախագահի և մյուս նախագահների ադրբեջանական թիրախում լինելու փաստը, Բաքվի դատավարության ընթացքում բերվող «պատմական ապացույցները»:

Այսինքն, Փաշինյանն օգնում է, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային իրավական գործողություններ իրականացնի, փոխհատուցում պահանջի: Սա՝ առաջին:

Երկրորդ, Փաշինյանը խոսում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին՝ շեշտելով, որ այն ծնվել է ՔՊ-ի գաղափարական տրանսֆորմացիայից, և ամեն ինչ անելու են, որ այն դառնա ամբողջ հայ հանրության գաղափարախոսությունը, և Սփյուռքն իրեն պիտի օգնի այս հարցում՝ այն գաղափարի տարածման գործում, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող օգտագործվել ուրիշ հայրենիքի համար, թերևս, նկատի ունենալով նաև Արցախը, հայկական հարցը:

«Հետևաբար, մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ։ Ո՞րն է այստեղ վատ լուրը։ Վատ լուրն այն է, որ մենք, ցավոք սրտի, այս եզրակացություններին և համոզմունքին եկել ենք ձեզ հայտնի իրադարձությունների բերումով, բայց եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի, կլինեինք ինչ-որ ուրիշ բան։ Մենք մեր պատմությունից դասեր առնելու խնդիր ունենք, բայց 2020 թվականն էլ մեր պատմությունն է, և գոնե հիմա մենք այդ դասերը պետք է առնենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է փորձել տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության:

Կրկնում ենք, Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը» մերժում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի գեներացումը և հարց բարձրացնում, թե դեռ պետք է հասկանանք՝ ինչի՞ համար է այն տեղի ունեցել, Արցախն էլ այլևս Ադրբեջան է, և դրա հայկական լինելու թեման փակված է: Կարճ ասած՝ Փաշինյանը փորձում է հերթական «հեղափոխությունն» անել, այս անգամ՝ գաղափարական, և քանդել բոլոր այն իրական-պատմական գաղափարները, որոնք առնվազն 30 տարի քարոզվել են և որով առաջնորդվել են նախկին ՀՀ իշխանությունները, որի հիման վրա մշակվել է Անկախության հռչակագիրը, որոնց շնորհիվ կերտել ենք մեր ռազմական հաղթանակները:

Բնականաբար, ադրբեջանական քարոզչամեքենայի ուշադրությունից սա չէր կարող վրիպել, եթե չասենք, որ Ադրբեջանը հրապարակավ մեսիջ է հղել Փաշինյանին, որ ամեն ինչ ճիշտ է անում:

Մասնավորապես, Caliber Az-ի «Неудобная правда» հաղորդումներից մեկում ադրբեջանցի վերլուծաբան Սամիթ Ալիևը մի այսպիսի ձևակերպում է անում. «Հաղթանակը ոչ միայն հակառակորդի բանակի ոչնչացումն է և նրա հասարակության բարոյալքումը, և ոչ միշտ ադմինիստրատիվ լծակների զավթումը, այլ այն բանի հաստատումը, ինչն անվանում են գաղափարական դոմինանտություն»:

Եվ, ըստ ադրբեջանական վերլուծաբանի, հենց դրա համար է Ադրբեջանը պահանջում ոչ միայն փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ, այլև արգելում է Հայաստանում օգտագործել «Արևմտյան Հայաստան», «Արցախ» արտահայտությունները:

«Ստիպիր հակառակորդիդ մտածել այնպես, ինչպես պետք է քեզ»,– հաղորդումը եզրափակում է Սամիթ Ալիևը:

Այսինքն, ՔՊ-ի գաղափարական տրանսֆորմացիայի հեղինակն Ադրբեջանն է, և Փաշինյանը կատարում է ադրբեջանական պահանջներն իր «Իրական Հայաստանով», որը ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության է, այլ ընդդեմ, որտեղ դոմինանտ է և լինելու է ադրբեջանական գաղափարախոսությունը:

Մի առիթով Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը խաղաղության պայմանագրի համատեքստում ուշադրություն է հրավիրել հետևյալ հանգամանքի վրա.

«Պետք է հաշտվեն ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, այլ հաշտություն պիտի լինի երկու երկրների հասարակությունների միջև: Եվ երկրների ղեկավարները պետք է հաշվի առնեն փաստը, որ հասարակությունները դեռ պատրաստ չեն շատ հարցերի կարգավորմանը»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել հայ հասարակության շրջանում հնարավոր բոլոր խնդիրները և պատրաստել ադրբեջանցիների հետ համակեցության, և ոչինչ, որ դա չի բխելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունից: Կարևորը պատվիրատուին գոհացնելն է:

Տեսանյութեր

Լրահոս