Ժիրայր Լիպարիտյանի ընկեր, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովի գրառումը
Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում խորհրդատու Ժիրայր Լիպարիտյանի ընկեր, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող այս խեղկատակությունը որևէ արդյունք չի տա։ Հանրաքվե չի անցկացվի, իսկ եթե անցկացվի, ապա միայն ցույց տալու համար, որ հասարակությունը «վրեժ է ուզում»։
Ուստի հարկ է հիշեցնել հետևյալը։
1991 թվականի Անկախության մասին պետական սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում ուղղակիորեն ամրագրված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է»։
Սա նշանակում է, որ Զանգեզուրը և Գեյչայի (Սևանա լճի,- հեղ.) արևելյան ափը՝ հարակից տարածքներով, Ադրբեջանի տարածքներն են, որոնք բոլշևիկյան Ռուսաստանի, այսպես կոչված, Հայկական ԽՍՀ-ի օկուպացիոն իշխանությունների կողմից ապօրինաբար փոխանցվել են Հայաստանին։
Հաշվի առնելով, որ Հայաստանը դե ֆակտո չի ճանաչում Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և Արարատյան Հանրապետության միջև եղած սահմանները պետք է հիմք հանդիսանան բանակցությունների համար»։
Սա այն է, ինչ պետք է իմանալ Ադրբեջանի կողմից շարունակվող տարածքային պահանջների մասին:
Թոֆիկ Զուլֆուղարովի այս գրառումը պարունակում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ հստակ տարածքային հավակնություններ։ Ավելին՝ նա փորձում է այդ հավակնություններին պատմաիրավական կեղծ հիմնավորում տալ՝ հղում անելով 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը և 1991 թվականի Ադրբեջանի Անկախության մասին սահմանադրական ակտին։
Ի՞նչ տարածքներ է նա փաստացի պահանջում Հայաստանից։
Նա նշելով Զանգեզուրի մասին (Սյունիք)՝ արդեն իսկ նշում է պահանջը՝ Հայաստանի ամբողջ հարավային հատվածը։
«Գեյչայի արևելյան ափը» ասելով՝ նկատի ունի Սևանա լճի արևելյան ափը՝ Գեղարքունիքի մարզի տարածքները։
«Հարակից տարածքները» գրելով և հստակ սահմաններ չնշելով՝ Ադրբեջանի տարածքային հավակնությունը տարածում է նաև այդ շրջանների հարևանությամբ գտնվող տարածքների վրա։
Հիշեցնենք, Ադրբեջանի ներկայիս Սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60 տոկոսից ավելին նրանք իրենցն են համարում: Եվ Նիկոլ Փաշինյանը «դուխ» չի անում պահանջել Ալիևից՝ փոխել Ադրբեջանի Սահմանադրությունը:
Զուլֆուղարովը, որը Ալիևի հիմնական քարոզիչ-խոսող գլուխներից է, փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանի ներկայիս սահմանների իրավական հիմքերը և բանակցային օրակարգ մտցնում տարածքային հարցի վերանայումը։

