Պրոֆեսիոնալ բանակի ստեղծո՞ւմ, թե՞ զուտ կանոնավոր բանակի վերացում. «Ելքի» ծրագրից՝ մինչև Ժիրայր Լիպարիտյանի «Սպիտակ թուղթ»

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ելքը» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում էին Էդմոն Մարուքյանը, Արամ Զավենի Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, իր նախընտրական ծրագրում նշում էր․

«Առաջնագծում մարտական հերթապահություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողներ՝ հատուկ աշխատավարձով: Այս ծրագրի ամբողջական իրագործումը տեղի կունենա հինգ տարվա ընթացքում»:

Հետո արդեն այս գործիչներն առանձին-առանձին պնդեցին, ըստ էության, ոչ կանոնավոր բանակի գաղափարը, տարբեր առիթներով:

Բայց նախանշված ժամկետում, ըստ էության, սրան հասավ Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան վերջին պատերազմում պատշաճ մոբիլիզացիա չկազմակերպելով, զինված ուժերը, Պաշտպանության բանակը պատերազմն ընդունելուն լիարժեք չպատրաստելով:

«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում»,- անցած տարի աշնանն ԱԺ-ում հայտարարել էր Փաշինյանը՝ թերևս, հաստատելով մեր պնդումը:

Ժամանակին «Ելք» դաշինքը նաև խոստանում էր ձևավորել քաղաքացիական-ռեզերվային բանակ, երբ քաղաքացին նախապես տեղեկացված կլինի, թե հնարավոր մոբիլիզացիայի դեպքում ինքը ո՞ւր պետք է ներկայանա, ո՞ր զորամիավորում պետք է զորակոչվի, ո՞վ է իր անմիջական հրամանատարը: Ի՞նչ է ստացվում՝ մի կետը չկատարվեց՝ հանուն գլխավոր նպատակի՞:

Խնդիրն այստեղ, բնավ, պայմանագրային կամ պրոֆեսիոնալ բանակ ունենալուն դեմ կամ կողմ լինելը չէ, այլ, թե ինչ ճանապարհով ենք փորձում դրան հասնել, երբ ենք դա անում, և արդյո՞ք տնտեսությունը համապատասխանեցնում ենք մեր այս գաղափարին:

2019-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը կանոնավոր բանակը բացառելու գաղափարն ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացրեց.

«Երբ ասում ենք, որ ՀՀ Զինված ուժերը, հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով»:

Թե որքանով Փաշինյանը բանակը դարձրեց միջազգային չափանիշներով ինտելեկտուալ, ժամանակակից տեխնոլոգիաներ ներմուծող և կիրառող, ինչպես ասում են՝ «результат на лицо»:

Ավելին, Հայաստանը միջազգային ասպարեզում անվտանգություն արտադրող երկրի համբավը կորցրեց և վերածվեց զուտ անվտանգություն սպառող և մուրացող պետության՝ չնայած բանակում փորձառու զինվորականների առկայությանը:

Նիկոլ Փաշինյանի և նրա գաղափարակիցների բանակի հետ կապված ծրագիրն Արցախում արդեն, կարելի է ասել, իրականություն է, թեպետ վերջերս Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ ամբողջությամբ պայմանագրային զինծառայությանն անցում չի լինի, զորակոչ լինելու է: Իսկ Արցախի ոստիկանության զորքերն ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված:

Մի բան հստակ է՝ պատերազմի համատեքստում Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» կազմաքանդվեց հայկական զինված ուժերի ամենամարտունակ զորամիավորումը՝ ՊԲ-ն:

Մասնավորապես, պատերազմի ընթացքում կորցրեցինք պաշտպանական մի քանի շրջաններ, այդ թվում՝ 1-ին (Հադրութ), 9-րդ (Ջաբրայիլ), 6-րդ (Մատաղիս) պաշտպանական շրջանները:

168.amգրել էր, որ պատերազմից առաջ ՊԲ հրամանատարների փոփոխություններ եղել են նաև մի քանի պաշտպանական շրջաններում (ՊՇ) (օրինակ՝ 1-ին, 2-րդ, 6-րդ): Ընդ որում, որոշ զորամասերի հրամանատարներ փոխվել են մի քանի անգամ:

Ավելին, բաց աղբյուրների մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատերազմի առաջին օրը պատրաստության հետ կապված խնդիրներ են եղել Մատաղիսում, Ջաբրայիլում, Հադրութում:

Իսկ այն ՊՇ-երը, որոնք մնացին պատերազմից հետո, մեր տեղեկություններով արդեն վերացել են, և դրանց փոխարեն՝ բրիգադներ են լինելու: Այսինքն, ունենալու ենք երբեմնի ՊԲ-ից մի քանի անգամ փոքր զինուժ: Սա, բնականաբար, իր հերթին՝ ենթադրում է մարդկային ներուժի կրճատում:

Նույնը սպառնում է նաև ՀՀ զինված ուժերին: Անցած տարի ՀՀ ԶՈՒ-ում ընթացող բարեփոխումների շրջանակում 1-ին և 4-րդ բանակային կորպուսները միավորել են և ստեղծվել է Հատուկ բանակային կորպուսը:

Բնական է՝ յուրաքանչյուր օպտիմալացում ենթադրում է որոշակի թվի զինծառայողների կամ անձնակազմի կրճատում, այլ հարց է՝ որքանով է արդյունավետ կատարվում այդ կրճատումը՝ ադմինիստրատի՞վ, թե՞ մարտական օղակի հաշվին:

Եվ եթե ենթադրենք, որ մինչ այս եղած սպայական կրճատումներն ադմինիստրատիվ հաստիքների են վերաբերել, ապա հետագայում այն կարող է նաև մարտական օղակը ընդգրկել:

Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել՝ «խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի դեռ մինչև պատերազմը մշակված ծրագիրը, ըստ էության, լիովին համապատասխանում է «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» վերլուծության հեղինակների (Ռոբերտ Այդաբիրյան-Փարիզ), Ժիրայր Լիպարիտյան-Բոստոն, Թալին Փափազյան-Էքս ան Պրովանս)
ներկայացրած գաղափարների հետ:

«Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ 3 բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչև 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է և կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար»,- նշված է «Սպիտակ թղթում»:

Այլ կերպ՝ 1994-97 թվականներին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական Լիպարիտյանի և նրա համախոհների կողմից առաջարկվում է վերացնել կանոնավոր բանակը և ունենալ 15.000 բանակ, որը մի քանի անգամ փոքր է լինելու նախապատերազմյան և հետպատերազմյան զինված ուժերի թվաքանակից: Սրա արդյունքում սպաների և պայմանագրայինների հնարավոր կրճատման ցուցանիշը թողնում ենք ձեր երևակայությանը՝ հաշվի առնելով նաև Փաշինյանի հայտարարությունը, որ պայմանագրային և պրոֆեսիոնալ հասկացությունների միջև պետք է տարբերակում լինի:

«Սպիտակ թղթի» վերլուծության հեղինակները նշում են, որ եթե Հայաստանը նպատակ ունի պահպանել ՇԳ-ն, որը հավասար է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ամբողջ երկարությանը՝ երկար ժամկետում, ցանկացած համակարգ ցանկացած դեպքում կարող է անկարող լինել:

Առաջարկվող համակարգը թանկարժեք է՝ ծախսային առումով, դրա տարեկան նվազագույն արժեքը մոտավորապես գնահատվում է 1 միլիարդ դոլար: Այստեղ գալիս և հասնում ենք մեր վերևում ասվածին, որ տնտեսությունը պետք է համապատասխանեցվի անվտանգային տեսլականին, հակառակ դեպքում՝ այն մանիպուլյացիա է կամ ինքնախաբեություն:

Ռուսաստանում գործող Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը, սակայն, անցած տարի «ՍիվիլՆեթի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ փոքր, կոմպակտ և պրոֆեսիոնալ բանակ:

«Դուք կարող եք կռվել և կառուցել ձեր բանակը՝ ելնելով տոտալ պաշտպանության սկզբունքից: Դուք չպետք է նայեք աշխարհում գործող փոքր ու պրոֆեսիոնալ բանակներին, այլ երեք օրինակ պետք է ձեր աչքի առաջ ունենաք՝ Իսրայելը, Սինգապուրը և Էրիթրեան: Հայտարարությունները, թե լեռնային տեղանքը ձեր օգտին է աշխատում, ըստ պրակտիկայի, սխալ դուրս եկան։ Ռազմական գործում տեղի ունեցած հեղափոխությունը, նույն հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների առկայությունը, արմատապես փոխել է իրավիճակը: Այժմ 1 քառակուսի կիլոմետր լեռնային տարածքը արդեն գրեթե հավասարազոր է նույն մակերեսին հարթավայրում: Նույն Բայրաքթարները դա ապացուցեցին պատերազմի ժամանակ: Դուք կարող եք բարձրանալ ամենաբարձր գագաթներին, բայց ԱԹՍ-ն, մեկ է՝ ավելի բարձրից է գալու: Ուստի, առաջինը պետք է շեշտը դնել տոտալ պաշտպանության վրա, ընդհուպ մտածել կանանց և սփյուռքից ձեր հայրենակիցներին ծառայության զորակոչելու մասին: Ինչպե՞ս դա անել… պետք է մտածել: Ես կոչ չեմ անում կանանցից ստեղծել գրոհային հետևակ, ինչպես դա անում են հիմա քրդերը: Սակայն յուրաքանչյուր բանակում և պետությունում թիկունքում շատ մեծ գործ պետք է անել, օրինակ՝ հսկել կարևոր օբյեկտները, ենթակառուցվածքները, որոնք շատ հեշտությամբ կարող են անել կանայք: Դա կազատի մեծ ուժեր, որոնք կարող են ծառայել հիմնական նպատակին՝ սահմանների պաշտպանությանը,- ասել է Պուխովը և հավելել,- Պետք է ձեռք բերել ոչ թե թանկարժեք համալիրներ, որոնք ցուցադրվում են ռազմական շքերթների ժամանակ, այլ այն զինատեսակները, որոնք իսկապես պետք են պատերազմի թատերաբեմի ու երկրի պաշտպանության համար: Երրորդը, բանակը այս կամ այն չափով պետք է հենվի ազգային ռազմարդյունաբերության վրա: Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող իրեն անգամ թույլ տալ այնպիսի ռազմարդյունաբերություն ունենալ, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանում է: Տարբեր են ռեսուրսները: Դուք պետք է ընտրեք ձեզ համար կարևոր մի քանի ուղղություններ և կենտրոնանաք դրանց զարգացման վրա»:

Թե բանակում բարեփոխումների ո՞ր ուղղություն է որդեգրել Փաշինյանի իշխանությունը, արդեն խոսեցինք, և հենց այդ ուղիով էլ մինչև վերջ գնալու են՝ ՀՀ ԶՈՒ-ն վերածելով մի քանի բրիգադի և վերացնելով բանակային կորպուսները:

Հիշեցնենք, որ 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակվեց բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագիրը, որի վրա աշխատել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Յոթնամյա ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը հստակ ձևակերպում էր նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։

Այսինքն, գործ ունեինք բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզի հետ: Նշվում էր նաև, որ բանակում բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք պիտի ամրագրվեին տարեկան, ամսական ծրագրերով և ամենօրյա աշխատանքով, նախևառաջ՝ զորքերում, երկրորդը՝ պիտի կազմակերպվեին համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։

Նպատակը՝ ԶՈՒ կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացում, հրամանատարման նոր սկզբունքների ներդրում, զինանոցի հագեցում գերժամանակակից և պատերազմական պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցում և ներդաշնակեցում` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է՝ ինչպես այսօրվա, այնպես էլ՝ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով, ես՝ որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և հավելել,- Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականացվում է բանակը»:

Նիկոլ Փաշինյանն այս յոթնամյա ծրագիրը գրչի մեկ հարվածով ջնջեց, և նախապատերազմյան, պատերազմյան և հետպատերազմյան շրջանում իր գործողություններով ամեն ինչ արեց և անում է, որ չլինի հայկական կանոնավոր բանակ, ինչպես ցանկանում է Ադրբեջանի նախագահը:

«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- անցած տարվա փետրվարին հայտարարել էր Ալիևը, երբ Ադրբեջանում արդեն սկսել էին գործուն քայլեր անել՝ ստեղծելու թուրքական բանակի փոքր մոդել:

Իսկ Վիգեն Սարգսյանին որքան էլ սկզբում ՊՆ-ում և ԳՇ-ում դժվար էին ընդունում, բայց կուլիսներում նրան համարում են լավագույն բարեփոխիչ նախարարը: Հետաքրքիր է՝ Վիգեն Սարգսյանին սկզբում չընդունող զինվորականները, թե՝ ոչ զինվորականը պետք է մեզ «հրաման» տա, այսօր չեն ընդդիմանում ռազմական գործից հեռու Սուրեն Պապիկյանին, ով այնքան էլ «հյուրընկալ» չէ նրանց հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս