Ինչո՞ւ Երևանը Հռոմի պես տպավորիչ չէ․ մեր թանգարաններում ուրիշներից թալանված իրեր չկան. Ռուբեն Սարգսյան
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի հետ։

– Շատերը չգիտեն՝ ո՞վ է ճարտարապետ-վերակազմողը, ինչո՞վ է զբաղվում։
– Ճարտարապետ-վերակազմողի մասնագիտությունը կապված է պատմամշակութային ժառանգության, մասնավորապես՝ ամրոցների, կառույցների, տաճարների, շատ դեպքերում՝ անգամ մարտակառքերի կամ սայլերի՝ մարդածին տարբեր իրերի վերակազմության հետ։
Այսինքն, մասնագետը պետք է աշխատի հնագետների, պատմաբանների և այլ մասնագիտությունների տեր անձանց հետ, կատարի եռաչափ վերակազմություն։
Վերջերս բավական ակտուալ է արհեստական բանականությունը․ շեշտեմ, որ սա արհեստական բանականության, գեղեցիկ պատկերներ ստեղծելու հետ ընդհանրապես կապ չունի։ Իմ աշխատանքը ոչ թե սիրուն, այլ ճշգրիտ պատկերներ ստեղծելու հետ է կապված, որն արհեստական բանականությունը դեռևս իրեն թույլ տալ չի կարող։
Նշեմ, որ չնայած ՀՀ-ում հուշարձանները լիքն են, բայց ընդամենը ես և ևս մեկ հոգի է զբաղվում վերակազմությամբ։
– Եթե ցանկանում եք որևէ բերդ, պալատական համալիր ներկայացնել եռաչափ վերակազմությամբ, բայց ինֆորմացիան թերի է, երևակայության գի՞րկն եք ընկնում։
– Ինչքան էլ դյութիչ լինի երևակայությունն առաջ տալը, բայց հենց դա է, որ դրա վրա ընդհանրապես պետք է հույս չդնել։ Անգամ եռաչափ պատկերները որ պատրաստվում են՝ այն հատվածի մասին, որ տեղեկություն չունենք, այդ մասը ցույց չի տրվում վերջնական պրոդուկտի մեջ։ Պետք է ցույց տալ, թե ինչպիսի՞ն է եղել հուշարձանը, բայց, միաժամանակ, ոչինչ չհորինել։ Որ մասը չգիտես՝ պետք է ցույց չտաս կամ ներկայացնես այլ գույնով, որ նայողը հասկանա՝ սա իսկականն է, հիմնված է գիտական տեղեկության վրա, իսկ այս մասը՝ ոչ։
Օրինակ, Գառնու տաճարը 17-րդ դարում հուժկու երկրաշարժի պատճառով ամբողջությամբ փլուզվել էր և մնացել էր միայն ներքևի հարթակը, 1967-68թթ․ նոր սկսեցին վերակառուցումը, պարզվում է, որ հուշարձանի բեկորներ կան, որոնք պահպանվել էին, բայց այնպես էին փշրվել, որ այդ բեկորը չէիր կարող տեղադրել։ Դրա համար Գառնու տաճարում կան և՛ բնօրինակ, և՛ կրկնօրինակ քարեր, որոնց վրա ընդհանրապես քանդակներ չեն արվել։
– Օրինակ, Լոռե բերդը, որ վերականգնել են. տարբերությունը զգալի է։ Հնարավոր չէ՞ր մի քիչ նման անել։
– Իրականում Լոռե բերդը հիանալի է վերականգնվել։ Երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, որը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարն էր, հարցազրույցի ժամանակ ասաց՝ այնքան ենք սովորել, որ մեր եկեղեցիները, վանքերը, ամրոցները պետք է լինեն կիսաքանդ, վրան պետք է ծառ աճի, լինի խոտածածկ, և կարևոր չէ՝ ո՞վ և ինչպե՞ս կվերակառուցի՝ մեր աչքին այն խորթ է երևալու։
Լոռե բերդի դեպքում օգտագործվել է կրաշաղախ, որն այն ժամանակվա բետոնն էր։ Ամրակայվել են պատերը, որոնք կանգուն են եղել, իսկ փլուզված պատերը վերակառուցվել են նույն կրաշաղախի կիրառմամբ։ Կրաշաղախը սպիտակավուն գույն ունի, և այն ժամանակվանն անձրևի, ձյան պատճառով մգացել է, և հիմա նույն կրաշաղախով որ պատրաստում են՝ մարդիկ ասում են՝ երևում է, որ նոր է, բայց իրականում այն հին պատերն էլ նույն ձև են եղել։ Մի քանի 100 տարի հետո դա նույնպես կվերադառնա այն գույնին, որը նախապես եղել է։
– Ո՞ր բերդը կամ կառույցն է Ձեր ուշադրության կենտրոնում, որի վերակազմությամբ կցանկանայիք զբաղվել։
– Հուշարձանները, որոնք մտնում են իմ մասնագիտական տիրույթի մեջ, դրանք Վանի թագավորությունից մինչև անկումն ընկած ժամանակաշրջանի ամրոցներն են, դրանից հետո Երվանդունիների շրջանն է և մինչև քրիստոնեության ընդունումը։
Կենտրոնացած եմ Վանի թագավորության վրա, բայց նաև կատարել եմ Արտաշատ մայրաքաղաքի եռաչափ վերակազմությունը։ Նույնիսկ ֆիլմ պատրաստեցինք՝ «Արտաշատ, մոռացված քաղաքը՝ Մետաքսի ճանապարհի վրա» վերնագրով։
Այդտեղ ներկայացրել եմ, թե ինչպիսին է եղել ամրոցը, և ինչ ենք ստացել վերակազմությամբ։
– Ներկայացրել եք նաև Էրեբունի ամրոցի գլխավոր մուտքերի վերակազմությունը, ավելին՝ այն տեղ է գտել ՀՀ նոր կենսաչափական անձնագրերում։ Սա մի փաստաթուղթ է, որ բոլորի ձեռքում է լինելու: Ինչպիսի՞ զգացողություններ են։
– Ինձ համար ամենակարևորը եղել է այն, որ մարդկանց մոտ սեփական ժառանգության հանդեպ սեր առաջանա։ Եթե անձնագրերում հայտնված պատկերը կկարողանա դա իրենց մոտ արթնացնել՝ ուրախ կլինեմ։
Իհարկե, հաճելի է, որ քո աշխատանքը գնահատվում է։

– Աշխատանքներից մեկն էլ դասագրքում է հայտնվել։
– Այո, հայտնվել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում։ Սուրբ Սիոն եկեղեցին է ներկայացված, որը կառուցվել է 7-րդ դարում՝ Ներսես Տայեցու կողմից։ Նույն կաթողիկոսի, որը կառուցել է Զվարթնոցի տաճարը։ Սուրբ Սիոն եկեղեցին մեզ ամբողջությամբ չի հասել, միայն հիմքերն են պահպանվել, քարի բեկորները, և Տիրան Մարությանը դեռևս ԽՍՀՄ տարիներին արել է նրա վերակազմությունը։ Եվ երբ դասագրքում ցանկացան դա պատկերել՝ հիմնվելով այդ վերակազմության վրա, արեցի նրա եռաչափ մոդելը։ Գառնու տաճարն է, կողքին՝ եկեղեցին։
– Հետաքրքիր է, որ հիմա թանգարանները մեծ տեղ են տալիս եռաչափ վերակազմությանը: Սա կմոտեցնի՞ մարդուն մշակույթին։
– Միանշանակ։ Թանգարանների գործառույթի մեջ չի մտնում ԱԲ-ով գեներացնել գեղեցիկ պատկերներ, որ մարդկանց գրավեն։ Դա արագ սպասարկման կետ չէ, ֆասթ-ֆուդ չէ։ Էրեբունիում աշխատելիս հնարավորություն եղավ VR փորձառություն ներդնել թանգարանային ոլորտում, որն առաջին փորձն էր Հայաստանում։ Երբ մտնում ես թանգարան՝ զբոսավարը ոչ թե քեզ պատմում է, որ՝ տեսեք, այս պատերը եղել են 14 մ բարձրությամբ, այստեղ եղել են փայտե գերաններ, հետևում՝ որմնանկարներ, այլ դու այդ ամենը կարողանում ես տեսնել։ Կրում ես ակնոց և հայտնվում ես այդ միջավայրում։ Օրինակ, կարող են տեսնել, թե տաճարում ինչպես են Արգիշտին և կինը, նրանց որդի Սարդուրին աղոթում։ Սա տեսնելուց հետո, թանգարան մտնելով, մարդիկ հասկանում են, թե այս կամ այն ցուցանմուշն ինչին է ծառայել։
– Խոսենք նաև հագուստների վերարտադրության մասին․ առաջին հագուստի համար մոտ 2 տարի է պահանջվել Ձեզնից, ի՞նչ հագուստ էր։
– Այո, բայց դրանք կանվանեի վերարտադրություն, եթե իսկական նյութից լինեին։ Պարզ է, երբ թագ ես պատրաստում՝ մետաղ և քարեր են, բայց այդ մետաղը ոսկի չէ, դրա համար ամբողջությամբ վերարտադրություն չենք անվանի, որովհետև նույն նյութից չէ։ Վերարտադրել եմ արքայական հագուստ, և այստեղ ոչ թե սոցիալական դիրքն է դեր խաղում, այլ, ցավոք, դրանց պատկերներն են մեծամասամբ մեզ հասել։

Հասարակ գյուղացուն, դպիրին ոչ մեկը չի պատվիրել։ Արքաներն են միշտ իրենց պատկերել դրամների, պատկերաքանդակների, կտորների, որմնանկարների վրա։ Ումից ինչքան պատկեր հասել է, նրա հագուստից էլ տեղեկություն ունենք։ Առաջինը Վանի թագավորության ժամանակաշրջանի արքայական հանդերձանքի վերարտադրության փորձ էր։
– Սյունիքում մարզպետարանը ձեռք է բերել շուրջ 400 գտածո, այդ թվում՝ զինվորականի հագուստի մասեր, որոնց վերարտադրությամբ ևս զբաղվել եք։ Կմանրամասնե՞ք։
– Սյունիքի մարզպետարանը միջնորդ է հանդիսացել, որ ավելի քան 400 հնագիտական իր վերջնական հանգրվանը գտնի Կապանի երկրագիտական թանգարանում։ Այնտեղ կան բրոնզեդարյան, երկաթեդարյան, Վանի թագավորության ժամանակաշրջանի իրեր։ Երբ երկու իրի վրայից օքսիդի շերտը մաքրվել է՝ սեպագիր գրություն է դուրս եկել, որտեղ գրված է՝ «կա՛մ Արգիշտիի զինանոց, կա՛մ սեփականություն»։ Ըստ երևույթին՝ խոսքն Արգիշտի 1-ինի մասին է։ Մեծ մասը ռազմական նպատակներով օգտագործված իրեր են։ Գիտենք, որ եղել են թեփուկավոր, օղակներով միահյուսված զրահներ, բայց եղել են այնպիսիք, որոնք բաղկացած են հաստ կաշվե բաճկոնից, որի տարբեր հատվածներում բրոնզե դիսկեր են կարվել, որը հավելյալ պաշտպանիչ շերտ է ստեղծել, և ահա, բազմաթիվ բրոնզե դիսկեր թանգարանում են։ Տարբեր չափի, ձևի են, ըստ երևույթին, տարբեր մարդկանց են պատկանել։ Թանգարանում ձիավորի մոդել կա, և ես պատրաստել եմ կաշվե բաճկոն, ձիու լանջապանակի հատվածը, կապերը, ճակատակալի հատվածները և բրոնզե իրերը կրկին կարվել են դրանց վրա։
– Հետաքրքիր է, որ հանգել եք այն եզրահանգմանը, որ արքաների թագերը ոչ թե կլոր են եղել, այլ ուղղված են եղել դեպի վեր։
– Եղել են կլոր՝ դեպի վեր, գլանաձև։ Նայած որ արքայի թագը, որովհետև վերնախավը միշտ էլ, այսպես ասած, մոդային միշտ հետևել է, և ամեն մի տիրակալ որ գալիս էր՝ փորձում էր նոր թագ իր համար հորինել, որ նախորդից տարբերվի։ Վանի թագավորության շրջանում թագերը եղել են 2 ձև. գլանաձև, իսկ երկրորդը, ըստ երևույթին, եղել է սաղավարտաձև, որովհետև նման մի օրինակ ունենք արքաներից մեկի պատկերի վրա։ Սա գուցե մտածելու տեղիք է տալիս, որովհետև բրոնզից պատրաստված սաղավարտները որ ունենք՝ Հայաստանի պատմության, Էրեբունի թանգարաններում, և նրանց վրա արքաների սեպագրերը գրված են, ամենայն հավանականությամբ, դրանք ոչ թե մարտական, ռազմական սաղավարտներ են եղել, այլ ըստ երևույթին իշխանության ցուցիչներ են եղել։
– Կա՞ արքա կամ պատմական կերպար, ում կուզեիք իրականում շունչ տալ։
– Չէ, լավ արքաներ, ցավոք, ամբողջ աշխարհում գոյություն չունեն։ Ոչ մեկին այս աշխարհ հետ չէի բերի։ Եթե դու արքա ես՝ չես կարող լավ մարդ լինել, և լավ մարդը չի կարող արքա լինել։ Բոլոր երկրների պատմության դասագրքերում իրենց արքաները միշտ առաջամարտիկ են, խելացի են, հերոսաբար են կռվել։ Արքաները լավ են համարվում ժողովրդի համար, քանի դեռ նրանք ի նպաստ այդ ժողովրդի են գործել։ Բայց ոչ մեկը չի հարցնում, թե ի վնաս ո՞ր ժողովրդի են նրանք դա արել։ Ասում են Հռոմ՝ հավերժական քաղաք․ սակայն մոռանում են, թե ո՞ր ժողովուրդների միջոցով էր մեծ ու հավերժական։

Մնացած բոլոր երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից, «կթում» էր մեր բոլոր ռեսուրսները, շատ դեպքերում Եգիպտոսից ապամոնտաժում էին Հռոմի կայսեր հսկայական օբելիքսները (կոթող՝ դեպի վեր նեղացող, քառակողմ և բրգաձև գագաթով (պիրամիդիոնով)), որպեսզի նրանց ուժը ցույց տան մնացածին, և տեղափոխում էին Հռոմ, ցույց տալիս՝ ասելով, թե՝ ի՜նչ հզոր տիրակալ եմ, որ կարողացել եմ եգիպտական փարավոնի օբելիքսը ջարդեմ և բերեմ Հռոմում կանգնեցնեմ։
Հիմա գնում, ասում են, թե ի՜նչ հսկայական քաղաք է Հռոմը, Երևանը Հռոմից հին է, բայց նման ձևով տպավորիչ չէ։ Կներեք, որովհետև Էրեբունի-Երևանը նմանատիպ բռնապետական իշխանության ժամանակ մայրաքաղաք չի եղել, և այն, ինչ ունենք մեր ՀՀ Պատմության թանգարանում և ցուցադրում ենք, ոչ թե ուրիշ երկրներից պոկած-բերած և շատ դեպքերում թալանված իրեր են, այլ մեր սեփական պատմությունն է։ Այն, ինչ ունենք մեր Էրեբունիում, մեր ժողովուրդն է կառուցել, ոչ թե Էրեբունի-Երևանը կառուցվել է ի վնաս ուրիշ ժողովրդի։

