Մոսկվան Փաշինյանից քաղաքական հստակեցումներ է ակնկալում․ ի՞նչ հարցեր են քննարկվելու դեկտեմբերի 3-ին
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին նախատեսում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին օրերս Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Դուբլինում նա հայտարարել էր, որ դեկտեմբերին երեք անգամ այցելելու է Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։
Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ մանրամասնեց, որ դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետների ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։
Նա նշեց, որ Պուտինի հետ հանդիպելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերին՝ Բիշքեկում։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք առաջիկայում ՌԴ այցերի հաճախականությունը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներով, և կարո՞ղ են արդյոք բանակցությունները նպաստել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցն օրակարգից հանելուն, Փաշինյանն ասաց․
«Նախ՝ «ԵՄ-ԵԱՏՄ» ընտրության հարցը, ըստ էության, մեր ներքին պրոցեսների արդյունքում է դարձել օրակարգային հարց, այսինքն՝ այստեղ Ռուսաստանն ամենաառաջնային դերը չունի։ Այսինքն՝ մենք էլ ենք ընդունում, որ այդպիսի հարց լինելու է, և այդպիսի հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է, և մենք դա էլ չենք թաքցրել»։
Փաշինյանի խոսքով՝ հանրաքվեի ժամկետների և բովանդակության վերաբերյալ հարցերը դեռևս բավարար հասունացած չեն։ Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս օրակարգում դրված է հայկական երկաթուղու կոնցեսիայի հարցը։
Անդրադառնալով ռուսական պատվիրակության այցին և ստեղծված աշխատանքային խմբին՝ Փաշինյանը նշեց, որ գլխավոր նպատակը ռուսական կողմի ներդրումային պատրաստակամությունը պարզելն է։ Նա չբացառեց հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի հանձնելու հնարավորությունը Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու հավանականությունը։
«Հայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի։ Մենք, երբ որ ռուսական երկաթուղիների հարգելի տնօրենը եկել էր աշխատանքային խմբով, ես ասել եմ, որ մեզ կոնկրետ հարցերի պատասխաններ են պետք»,- նկատեց նա օրերս։
Շարունակելով՝ Փաշինյանն ասաց․ «Իրականում հարցը մեկն է՝ արդյո՞ք ռուսական երկաթուղիները պատրաստ են անհրաժեշտ ծավալի ներդրումներ անել՝ Հայաստանի երկաթուղին մրցունակության անհրաժեշտ մակարդակի բերելու համար։ Եթե պատրաստ են՝ շատ լավ, եթե պատրաստ չեն, ուրեմն մենք պետք է գտնենք այլ ներդրողներ։ Սա է իրավիճակը»։
Դեկտեմբերի 3-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը չի սահմանափակվելու հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ խնդիրների քննարկմամբ։
Հանդիպման քաղաքական նշանակությունը պայմանավորված է ոչ միայն երկկողմ օրակարգի մի շարք չլուծված հարցերով, այլև այն հանգամանքով, որ Երևանի՝ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայման շուրջ քննարկումները գնալով ավելի համակարգային բնույթ են ստանում։
ՌԴ նախագահի խոսնակի՝ Հայաստանի ապագա կողմնորոշման և այդ հարցով հնարավոր հանրաքվեի վերաբերյալ շեշտադրումը պատահական չէ․ Մոսկվայի համար խնդիրը, ըստ էության, ոչ այնքան Հայաստանի՝ եվրոպական ուղղությամբ քաղաքական երկխոսության զարգացումն է, որքան այդ ընտրության վերջնական հստակեցումը, հետևաբար՝ նաև այդ ընտրության հետևանքների հստակ հնարավոր արձանագրումը։ Ուստի առաջիկա քննարկման գլխավոր հարցը, որի շուրջ ՌԴ-ն ակնկալում է ստանալ հստակ արձագանք՝ Հայաստանը գնում է ԵՄ անդամակցության ուղղությա՞մբ, թե՞ մնում է ԵԱՏՄ կազմում, իսկ եթե՝ ոչ, ապա ի՞նչ սցենարով են ընթանալու հետագա զարգացումները։
Դեկտեմբերի 3-ի բանակցություններում ռուսական կողմը փորձելու է ստանալ ոչ թե հերթական քաղաքական հավաստիացումները, այլ առավել հստակ պատկերացում Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների, դրանց ժամկետների և հնարավոր սահմանների մասին։ Եվ հայկական կողմը, քիչ հավանական է, որ կարողանա խուսափել Ռուսաստանի՝ օրակարգ բերած հանրաքվեի հարցի քննարկումից, քանի որ պաշտոնական Երևանի պատասխանները կարևոր են նաև ԵԱՏՄ-ում նույն թեմայով դեկտեմբերյան քննարկումների բովանդակության տեսանկյունից։
Ըստ էության, դեկտեմբերի 3-ի քննարկումներից է կախված, թե հետագայում ԵԱԸՄ-ն ինչ որոշումներ կկայացնի ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցով իրավիճակում, երբ արդեն իսկ դիտարկվում է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության կասեցման հարցը։
Առանձին, բայց ոչ պակաս զգայուն հարց է հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր վերանայումը։ Փաշինյանի՝ ներդրումների ծավալի և արդիականացման անհրաժեշտության մասին ձևակերպումները փաստացի տեղափոխում են քննարկումը քաղաքական հարաբերությունների հարթությունից դեպի կոնկրետ տնտեսական պարտավորությունների և դրանց կատարման արդյունավետության գնահատման դաշտ։ Երևանի դիրքորոշումը, ըստ էության, պայմանական է՝ ռուսական կողմը պետք է ապացուցի, որ պատրաստ է անհրաժեշտ ներդրումներ կատարել, հակառակ դեպքում Հայաստանը կարող է դիտարկել այլ ներդրողի ներգրավման հնարավորությունը։ Սա կարող է դառնալ բանակցությունների առավել գործնական, բայց նաև բավական սուր թեմաներից մեկը, քանի որ երկաթուղու հարցը միայն ենթակառուցվածքային կառավարման խնդիր չէ։
Այն առնչվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կառուցվածքին, Հայաստանի՝ նոր տրանսպորտային նախագծերում ներգրավվածությանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչ դերակատարներ կարող են հայտնվել երկրի ռազմավարական ենթակառուցվածքների կառավարման համակարգում։ Երրորդ երկրի ներգրավման հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունն այս առումով նաև քաղաքական ազդակ է՝ ուղղված Մոսկվային, որ կոնցեսիոն պայմանների շուրջ քննարկումը Երևանը պատրաստ է դիտարկել ոչ միայն գործող պայմանավորվածությունների պահպանման, այլև դրանց վերանայման տեսանկյունից։
Այսպիսով, դեկտեմբերի 3-ի հանդիպումը կարող է դիտարկվել որպես հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլի որոշակի չափորոշիչ՝ ինչպիսի գործնական պայմանավորվածություններ կձևավորվեն կամ ինչպիսի անհամաձայնություններ կարձանագրվեն։
Հայաստանի իշխանությունների համար խնդիրն արտաքին քաղաքական տարբեր ուղղությունների միջև մանևրելու հնարավորությունը պահպանելն է, մինչդեռ Ռուսաստանի համար՝ հասկանալ, թե այդ մանևրն ինչ սահմաններում է իրականացվում և արդյո՞ք այն չի վերածվում ռազմավարական վերադասավորման։
Բանակցությունների արդյունքները, հետևաբար, արժե գնահատել ոչ միայն հանդիպման հաղորդագրությունների լեզվով, այլև դրանից հետո երկաթուղու, տնտեսական համագործակցության, ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի մասնակցության և քաղաքական երկխոսության վերաբերյալ ընդունվող որոշումներով։
Հենց այդ գործնական քայլերը կարող են ավելի հստակ ցույց տալ, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը կառավարելի վերապահումների փուլո՞ւմ է, թե՞ արդեն վերածվում է ավելի խորքային վերափոխման։

