Բաժիններ՝

Շողացող առիթմիա

Շողացող առիթմիան ինսուլտների հիմնական պատճառներից է, հատկապես տարեցների շրջանում։ Տարիքի հետ զգալիորեն աճում է շողացող առիթմիայի հաճախականությունը։ Նախասրտերի ֆիբրիլյացիան պայմանավորված է մկանաթելերի անկանոն կծկումներով, որոնք առաջանում են կրկնակի դրդման մեխանիզմով։

Տարբերում են առաջնային (իդիոպաթիկ) և երկրորդային շողացող առիթմիա։

Երկրորդային շողացող առիթմիայի կարող են հանգեցնել.

– սրտի փականների ռևմատիկ ախտահարումը (հաճախ),

Կարդացեք նաև

– սրտի իշեմիկ հիվանդությունը (հաճախ),

– հիպերթիրեոզը (հաճախ),

– հիպերտրոֆիկ և դիլատացիոն կարդիոմիոպաթիաները,

– հիպերտոնիկ սիրտը,

– երկփեղկ փականի պրոլապսը,

– պերիկարդիտը,

– հիպօքսեմիայով և (կամ) սրտի աջ հատվածների գերբեռնվածությամբ ուղեկցվող թոքերի հիվանդությունները,

– թոքային զարկերակի թրոմբէմբոլիան,

– շաքարային դիաբետը,

– սինուսային հանգույցի թուլության համախտանիշը («տախիկարդիա-բրադիկարդիա» համախտանիշը՝ որպես դրա հաճախ հանդիպող տարբերակ),

– ալկոհոլային թունավորումը,

– հիպոկալիեմիան,

– վագուսի տոնուսի աճը (շողացում՝ ուտելուց հետո, հանգստի պայմաններում, գիշերային ժամերին, ալկոհոլ ընդունելուց հետո և սինուսային բրադիկարդիայի հակման դեպքում),

– սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճը (շողացում՝ ֆիզիկական կամ հոգեհուզական լարումից հետո, ցերեկային ժամերին և սինուսային տախիկարդիայի հակման դեպքում),

– խոլինոլիտիկներ կիրառելը։

Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ շողացող առիթմիան կարող է զարգանալ նաև ախտաբանության բացակայության պարագայում։ Հիվանդին հետազոտելիս կարևոր է հաշվի առնել՝ շողացումը պարոքսիզմայի՞ն է, խրոնիկակա՞ն, թե՞ վերջերս ծագած (2 օրվա ընթացքում, թե՞ ավելի շուտ), նախկինում զարգացե՞լ է և ի՞նչ հաճախականությամբ, ինչի՞ց հետո, սրտի կծկումների հաճախականությունը, պարոքսիզմի բուժման արդյունավետությունը։

ԷՍԳ-ն գնահատելիս հատուկ ուշադրություն են դարձնում ձախ փորոքի գերաճի նշանների, P ատամիկի առկայությանը, դրա ձևին և տևողությանը, ST հատվածի փոփոխություններին, Հիսի խրձի ոտիկների պաշարումներին, տարած ինֆարկտի նշաններին։

Շողացող առիթմիայի պարոքսիզմ

Շողացման պարոքսիզմները հաճախ հեմոդինամիկայի արտահայտված խանգարումներ չեն առաջացնում, և հիվանդը դրանք կարող է նույնիսկ չզգալ։ Նման դեպքերում անհապաղ հակաառիթմիկ բուժում ցուցված չէ և այն կարող է նույնիսկ վատթարացնել հեմոդինամիկան։ Նպատակահարմար է նշանակել ներքին ընդունման խինիդին կամ պրոպրանոլոլ։

Անհապաղ հակաառիթմիկ բուժում ցուցված է, երբ հիվանդի վիճակը զգալիորեն վատթարանում է։ Այդ դեպքում առավել արդյունավետ է ամիոդարոնը։ Ներերակային, կաթիլային դանդաղ (20 րոպեից մինչև 2 ժամ) ներարկում են 250 մլ 5%-անոց գլյուկոզայի լուծույթի մեջ՝ 5 մգ/կգ դեղաչափով։ Անհրաժեշտության դեպքում ամիոդարոնը կարելի է կրկնակի նշանակել 24 ժամ անց։

Ներքին ընդունման ամիոդարոնը կիրառվում է սկզբում 200 մգ՝ օրը 3 անգամ առաջին շաբաթվա ընթացքում, հետագայում՝ 200 մգ օրը 2 անգամ երկրորդ շաբաթվա ընթացքում և անցում պահպանողական դեղաչափի (200 մգ կամ ավելի քիչ) ։ Սակայն պետք է հիշել, որ ամիոդարոնը չափազանց տոքսիկ է, երկարատև օգտագործման դեպքում առաջացնում է թոքերի ֆիբրոզ, լյարդի ֆունկցիաների խանգարում, ծայրամասային նեյրոպաթիաներ, հիպո- կամ հիպերթիրեոզ, մաշկի պիգմենտացիայի խանգարում։

Սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճի հետևանքով առաջացած շողացման բուժումն իրականացվում է β-ադրենապաշարիչներով. 5-10 մգ պրոպրանոլոլ՝ ներերակային դանդաղ (1 մգ րոպեում)։

Թափառող նյարդի տոնուսի աճի հետևանքով առաջացած շողացման բուժումն իրականացվում է դիզոպիրամիդով (օրը 100- 200 մգ՝ 3-4 անգամ ներքին ընդունման)։ Շողացման պարոքսիզմի ժամանակ կարող են օգտագործվել նաև վերապամիլը և դիգոքսինը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ դիգոքսինի ազդեցությունն ի հայտ է գալիս ուշացումով, իսկ ռիթմը դանդաղում է աննշան։

Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշով ուղեկցվող շողացման պարոքսիզմի դեպքում սրտային գլիկոզիդները, β-ադրենոպաշարիչները և կալցիումի ներհակորդները հակացուցված են: Դրանք կարող են ավելի հաճախականացնել փորոքների կծկումները’ հանգեցնելով փորոքների ֆիբրիլյացիայի:

Նպատակահարմար է կիրառել էլեկտրական կարդիովերսիա, ինչպես նաև IC խմբի դեղեր և պրոկաինամիդ:

Մշտական շողացող առիթմիայի բուժման նպատակները.

– հիմնական ախտաբանության բուժում,

– փորոքների կծկումների հաճախականության կարգավորում,

– սինուսային ռիթմի վերականգնում (անհրաժեշտության դեպքում),

– սրտային անբավարարության նշանների վերացում,

– թրոմբէմբոլիաների կանխում։

Տախիսիստոլիայից նորմոսիստոլիային անցնելու և փորոքների կծկումների հաճախականությունը նվազեցնելու համար նշանակում են β-ադրենապաշարիչներ (պրոպրանոլոլ կամ ատենոլոլ) կամ վերապամիլ։

Որոշ դեպքերում սինուսային ռիթմը վերականգնելու համար հաջողությամբ կարող են կիրառվել IA, IC խմբերի դեղերը և ամիոդարոնը։ Եթե շողացող առիթմիան տևում է 48 ժամից ավելի, սինուսային ռիթմը վերականգնելու համար նախքան էլեկտրական կարդիովերսիա կատարելը նշանակում են հակակոագուլյանտային բուժում (առնվազն 3 շաբաթվա ընթացքում)։ Հետագայում սինուսային ռիթմը պահպանելու և շողացման կրկնակի զարգացումը կանխելու նպատակով նշանակում են IC խմբի դեղեր կամ ամիոդարոն։

Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. Յ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031