Բաքվի անվտանգային ֆորումը և անհանգստությունները. Ի՞նչ է մոռացել Ալիևը, ի՞նչ պետք է հիշեցներ Քրիստինե Գրիգորյանը

Սեպտեմբերի 22-ին Բաքվում տեղի ունեցած «Նոր մարտահրավերներ անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ. համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով անվտանգային 4-րդ ֆորումին մասնակցել են ավելի քան 100 երկրի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչներ: Հայաստանից այս միջոցառմանը մասնակցել է Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը:

Միջոցառմանը նախ ուշադրություն է հրավիրվել այն իրողության վրա, որ անվտանգության միջազգային համակարգը վերափոխման փուլում է. աճում են ահաբեկչությունը, անդրազգային հանցագործությունը, անօրինական միգրացիան, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունը, և ըստ տարբեր երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, միայնակ հնարավոր չէ պայքարել այս անդրսահմանային մարտահրավերների դեմ, ուստի անհրաժեշտ են հուսալի գործընկերային հարաբերություններ:

Այս համատեքստում ընդգծվել է՝ ուժեղանում է գլոբալ մրցակցությունը կիբերհնարավորությունների, արհեստական բանականության և տիեզերական համակարգերի համար: Միաժամանակ, նշվել է, որ անվտանգությունը չի սահմանափակվում միայն սահմանների պաշտպանությամբ. էներգետիկ ոլորտը, տրանսպորտը, բանկային համակարգը, ջրային ռեսուրսները, կապը և տեղեկատվական տարածությունը նույնպես անվտանգային կայունության կարևորագույն բաղադրիչներն են:

Բաքվի անվտանգային 4-րդ ֆորումի ժամանակ ընթերցվել է Ադրբեջանի նախագահի ուղերձը դրա մասնակիցներին, որում Ալիևը հաստատել է այն մարտահրավերների առկայությունը, ինչի մասին վերևում նշվեց:

Կարդացեք նաև

«Միջազգային հարաբերությունների համակարգում ընթացող գործընթացները, աշխարհաքաղաքական մրցակցության սրումը, տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններն ու դիմակայությունները խոր ազդեցություն են թողնում գլոբալ անվտանգության իրավիճակի վրա: Աշխարհում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումը բոլոր պետությունների համատեղ պատասխանատվությունն է: Ժամանակակից մարտահրավերների մասշտաբներն ու գնալով բարդացող բնույթը պահանջում են առավել սերտ համագործակցություն, ինչպես նաև ճկուն ու համակարգված մոտեցումների կիրառում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ անվտանգության հայեցակարգն այլևս չի սահմանափակվում առանձին պետությունների սահմաններով: Մեկ տարածաշրջանում առաջացած ճգնաժամը կամ լարվածության օջախը կարող է արագորեն ազդել մյուսների վրա՝ խաթարելով քաղաքական ու տնտեսական կայունությունը, վտանգելով էներգետիկ ու պարենային անվտանգությունը և լուրջ խափանումներ առաջացնելով տրանսպորտային ու հաղորդակցության ցանցերում»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ շեշտելով նաև, որ արհեստական բանականության չարաշահումը նպաստում է արմատական գաղափարների տարածմանը, ահաբեկչական ցանցերի ֆինանսական ռեսուրսների մեծացմանը և նոր կողմնակիցների հավաքագրմանը, ինչը բարդացնում է հակաահաբեկչական պայքարը:

Հավելենք, որ օրերս Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը հայտարարել էր՝ տարբեր միջոցներով քաղաքացիների հավաքագրումը ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցելու համար՝ լուրջ սպառնալիք է անվտանգության միջավայրին:

Այստեղ հարկ է հիշեցնել այն փաստերը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հովանավորությամբ Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են ուղարկվել Ադրբեջանի օգտին կռվելու:

Սրա մասին խոսել է և՛ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ՝ «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո», և՛ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը՝ նշելով, որ «ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ»:

Եվ այն ժամանակ Ադրբեջանին և Թուրքիային զգուշացվում էր, որ Մերձավոր Արևելքից վարձկանների Հարավային Կովկաս տեղափոխումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար, բայց սա անտեսվում էր: Իսկ հիմա, երբ այս սպառնալիքն իրենց շատ մոտ է, Բաքուն սկսել է անհանգստանալ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին հայկական զինված ուժերի կողմից գերեվարվել էին սիրիացի վարձկաններ, որոնք հարցաքննությունների ժամանակ խոստովանել էին, որ Արցախում կռվելու համար իրենց Թուրքիան է վարձել և խոստացել վճարել 2000 դոլար: Այլ հարց է, որ ավելի ուշ Էրդողանը փորձեց խմբագրել 44-օրյային Թուրքիայի մասնակցության պատասխանատվությունը, չափազանցված համարելով լուրերը, թե 44-օրյայի ժամանակ իրենք Ադրբեջան ջիհադիստական խմբավորումներ են ուղարկել:

Ավելին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» ժամանակ փորձ է արվել Հայաստանին մեղադրել վարձկաններ ներգրավելու մեջ, սակայն ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանն արժանի հակահարված է տվել Բաքվի դատարանում: Մի երկրի դատարանում, որի քաղաքացիները որպես վարձկան կռվում են ռուս-ուկրաինական պատերազմում, ինչի մասին հայտարարել են հենց Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները, առաջարկելով խիստ միջոցներ ձեռնարկել նմանների նկատմամբ:

Այս փաստերի մասին, իհարկե, ադրբեջանական ֆորումի ընթացքում ՀՀ արտաքին ծառայության ղեկավարը դժվար թե հիշեցրած լինի Ադրբեջանի ղեկավարությանը և հատուկ ծառայություններին: Իսկ այդտեղ չի անտեսվել նաև ռազմական ծախսերի հարցը, ինչը ևս, ինչպես գնահատվել է, ազդեցություն է ունենում տարածաշրջանային գործընթացների և էներգետիկ և պարենային անվտանգության վրա, բարենպաստ հիմք ստեղծելով ահաբեկչության համար:

Արդյո՞ք Քրիստինե Գրիգորյանն այս թեմայով խոսել է, չենք կարող ասել:

2026 թվականին հրապարակված Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում նշվում է. «Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել»: Սա՝ առաջին:

Ավելին, Գրիգորյանի ղեկավարած կառույցի համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ «երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»:

Ավելին, Արտաքին հետախուզական ծառայությունն արձանագրել է, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։

Եվ այս հարցում ԱՀԾ-ն չի սխալվում, Երևանի դեմ Բաքվի պատերազմը փոխում է ձևը, պայքարը նոր փուլ է մտնում նաև «արևմտյան Ադրբեջան» Ալիևի քաղաքական ծրագրի համատեքստում. Համայնքն աշխատանքային խումբ է ձևավորել՝ Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը, ճարտարապետությունն ու արձանագրություններն ուսումնասիրելու համար։

Ի դեպ, Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցն ուշադրություն է հրավիրել նաև հետևյալի վրա. «Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ՝ մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից, տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»:

Արդյո՞ք այս պահին ուժի մեջ է ԱՀԾ կանխատեսումը. ԹՐԻՓՓ-ն այսօր կարո՞ղ է բարձրացնել ռազմական էսկալացիայի գինը տարածաշրջանում, թե՞ գուցե արդեն ամեն ինչ վճարված է: Հետևենք տարածաշրջանային զարգացումներին:

Մինչ այդ հիշեցման կարգով հավելենք, որ 2025 թվականին Բաքվում կայացած Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին Հայաստանը ներկայացրել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը: Նա, ըստ պաշտոնական տեղեկատվության, Բաքվում էր եղել 2025 թ. սեպտեմբերի 19-21-ը:

Անցած տարի ֆորումը հետևյալ խորագրով էր՝ «Ուժային կառույցների փոխգործակցությունը հումանիտար ճգնաժամերի և մարդածին գլոբալ աղետների կանխարգելման գործում՝ ահաբեկչական ակտերի և զինված հակամարտությունների ընթացքում»: Արդյո՞ք այդ ժամանակ Բաքվում պահվող հայերի կամ անհետ կորածների հարց քննարկվել է, այդպես էլ պաշտոնապես հայտնի չեղավ:

Նույնը հարցը երեկ տրվել է նաև Քրիստինե Գրիգորյանին օդանավակայանում, երբ նա վերադառնում էր Բաքվից, բայց նա լրագրողների հարցն անպատասխան է թողել:

Իսկ բարձրացնելու հարցեր հենց նույն ֆորումի համատեքստում, ինչպես նշեցինք, ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, իհարկե, ուներ և պիտի բարձրացներ:

Հ.Գ. Հավելենք, որ Ալիևը համաներում է շնորհել 20 մարդու, որոնց թվում կա՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացի, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են գրել՝ շպիոնաժ: Համաներվածների շարքում կան նաև Պակիստանի, Թուրքիայի, ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցողներ: Բայց ոչ մի խոսք չկա Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930